Թբիլիսիում նշել են Սայաթնովյան վարդատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 1, 2011 16:36

Մայիսի 29-ին Թբիլիսիի Ս. Գեւորգ եկեղեցու հարեւանությամբ գտնվող պատմական Մեյդան հրապարակում  տեղի է ունեցել մայիսյան ավանդական Սայաթնովյան վարդատոնը: Տոնին ներկա են եղել հյուրեր Հայաստանից, Արցախից եւ Վրաստանի տարբեր անկյուններից:

Հավաքվածներին տոնի առթիվ շնորհավորեց  Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: Նա մասնավորապես ասաց. «Սա մեր փոքրիկ պարտականությունն է այն մեծ ստեղծագործողի առջեւ, որի անունն է Սայաթ-Նովա: Այն ժառանգությունը, որը մեր մշակույթին տվել է Սայաթ-Նովան, անգնահատելի է: Թերեւս չկա մի հայ մարդ, մի հայ մանուկ, որի կյանքը եւ որպես անհատ ձեւավորման պրոցեսը անցած չլինի Սայաթ-Նովայի հնչյունների ներքո: Սակայն ամեն տարի այս տոնը նշելիս ամեն մեկս պետք է մի պահ մտածենք, թե արդյոք մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի արժանվույն գնահատենք Սայաթ-Նովայի արվեստը, աշխարհին իսկապես մատուցենք այն մեծ ժառանգությունը, որը թողել է նա մեզ»:

Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգության մասին ելույթներ ունեցան նաեւ  Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի`  ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Վան Բայբուրդը եւ Երեւանից ժամանած հյուրեր, նաեւ ընթերցվեց ողջույնի ուղերձ` Հայաստանի գրողների միության անունից:

Տոնի կապակցությամբ կայացած համերգում հանդես եկան Երեւանից ժամանած «Սայաթ-Նովա» համույթը` Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Թբիլիսիի «Ջեյրան» պարային համույթը` Սվետլանա Երիցյանի ղեկավարությամբ, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասաններ, մենակատարներ Հենրիխ Պողոսյանը, Անա Խանչալյանը, Անահիդ Հարությունյանը եւ ուրիշներ:

 

 

 

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply