Նուբարաշենի թիվ 11 դպրոցը խարան է առողջ երեխայի կյանքում, բայց նախկին սանը պատրաստվում է հիմնովին փոխել այն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 1, 2011 16:33

Եթե մի հրաշքով Անուշիկի ձեռքին կախարդական փայտիկ հայտնվեր` նրա առաջին ցանկությունն է` փոխել աշխարհը:

«Առաջինը` կուզեի, որ մարդիկ բարի դառնային, հետո էլ` ինձ աշխատանք լիներ»,- «Անկախին» ասում է 19-ամյա Անուշիկը:

Անուշիկը ցածրահասակ, մանրապճեղ, աշխույժ ու շարժուն, ժպտուն աղջիկ է, որը համաձայն չէ աշխարհում սահմանված կարգի հետ: Նա  հասցրել է շատ բան տեսնել ու կրել կյանքի ծանր հարվածներ:

«Երբ թույլ մարդուն ծաղրում են, ներվերս չի դիմանում,- ասում է նա,- ոչ ոք իրավունք չունի ուրիշներին քննադատելու, ես չեմ թողում, որ իմ մոտ ուրիշներից վատ խոսան, ինքս էլ ոչ մեկի մասին վատ չեմ խոսում»:

Անուշիկն ասում է, որ միշտ պետք է հիշել. մեզնից յուրաքանչյուրն էլ կարող էր հայտնվել իր վիճակում, և ոչ ոք ապահովագրված չէ վատ վիճակում հայտնվելուց:

Անուշիկը մոր` տիկին Հասմիկի հետ ապրում է Քնարիկ տատի բնակարանում, որին խնամում են:

«Անկախի» լրագրողը եղավ Անուշիկի ժամանակավոր բնակարանում, որտեղ նրանք երեքով միասին ապրում են: Դա երկու սենյականոց «խրուշչովկա» էր, որի յուրաքանչյուր պատը կրում էր սովետական ժամանակների կնիքը: Լայն ու լուսավոր ծածկապատշգամբի պատին Քնարիկ տատի ամուսնու լուսանկարն է, որից նայում է կուրծքը մեդալներով զարդարված հպարտ զինվորականը. իսկ բաց զգեստապահարանի դռան կախիչից Քնարիկ տատին ամեն օր ամուսնու գոյությունը հիշեցնում է նրա` այդ մեդալներով զարդարված զինվորական համազգեստը:

«Բա ես նրան կարո՞ղ եմ մոռանալ,- ասում է Քնարիկ տատը,- ամեն օր նրան բարի լույս եմ ասում, առանց նրա չեմ կարող ապրել, գիտե՞ս ինձ համար ի~նչ մարդ է եղել»:

Քնարիկ տատը 86 տարեկան է և մոտ 15 տարի է` առաջին կարգի հաշմանդամ է: Հեռացրել են նրա կանացի բոլոր օրգանները, այդ թվում նաև` կուրծքը: Նա տառապում է քրոնիկ ռևմատիզմով, որից ձեռքի մատները հոդախախտվել են և տարբեր ուղղությամբ ձևախեղվել, ողնաշարը կորացել է, և ման է գալիս Անուշիկի ու ձեռնափայտի օգնությամբ: Սակայն խեղված մատներով նա կարողանում է հելունը հարմարեցնել և գործում է բռնիչներ, Զատկի ձվերի համար զամբյուղ, որի եզրերը հմտորեն հավաքված են հելունով:

«Իմ խելքս տեղն ա, է՜, չիմանաս, թե չեմ լսում ու բան չեմ հասկանում,- ժպտալով ասում է Քնարիկ տատը,- ես պատիվ ու հարգանք ունեցող կին եմ, ինձ բոլորն էլ գալիս են տեսության»:

Քնարիկ տատը երկու դուստր ունի, որոնք ամուսնացած են և հաճախ գալիս են նրան տեսության, նյութապես օգնում են, ստանում է նաև 40 հազար դրամ թոշակ:

Տիկին Հասմիկը դստեր հետ ապրում էր մոտակա սեփական տներից մեկի սենյակում, որի համար վճարում էր 7000 դրամ:

«Դա մի խոնավ, փոքր սենյակ էր, էնքան էր, որ քնում էինք, էդքան բան,- ասում է տիկին Հասմիկը: – Հետո մեր հարևաններից Վալյան ասեց, թե կուզե՞ք տատիկին պահեք, ես էլ ասեցի` ինչի՞ չեմ ուզի»:

Նրանք տեղափոխվում են Քնարիկ տատի բնակարան և երկուսով խնամում  նրան,  գիշերում են այդ տանը և սնվում նրա հետ, տան կոմունալ ծախսերը վճարում է տատիկը, ինչպես նաև նրանց վճարում ամիսը 10 հազար դրամ:

«Բայց իմ էրեխու սիրտը որ մի բան ա ուզում, առնում եմ, հո մենակ էն չի, որ մնում ենք տատիկի հույսին,- ասում է տիկին Հասմիկը,- շաբաթը մի անգամ էլ բաղնիք ենք գնում, որ դուշի տակ լողանանք»:

Թեև բնակարանը գազաֆիկացված է, սակայն լողանում են գազօջախի վրա տաքացրած կաթսայի ջրով, այդպես էլ լողացնում են նաև տատին:

Տիկին Հասմիկն այժմ մաքրություն է անում տարբեր տներում, սակայն մասնագիտությամբ բուժքույր է, նախկինում աշխատել է տարբեր հիվանդանոցներում: Վեցերորդ ինֆեկցիոն հիվանդանոցից, որը նրա վերջին աշխատավայրն էր, անհայտ պատճառներով հանել են:

Տիկին Հասմիկը ծնունդով երևանցի է. մեծացել է Սայաթ-Նովայի պողոտայում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը: Նա անհաջող ամուսնություն է ունեցել և բախտը կապել երեք երեխաների հոր հետ ու գնացել Մասիսի Նորաբաց գյուղ: Անուշիկին ունենալուց հետո չեն դադարել ընտանեկան գժտությունները, որոնք ավարտվել են ամուսնալուծությամբ: «Մեզ մի փոքրիկ սենյակ ունեինք այդ գյուղում, որը շատ էժան տվեցինք ամուսնուս ընտանիքին ու դուրս եկանք»,- ասում է տիկին Հասմիկը:

Տիկին Հասմիկն Անուշիկին հանձնում է Խարբերդի մանկատուն: Խնամքի այս հաստատությունը ստեղծվել է 1953 թ. և նախատեսված է նաև բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող վեց տարեկանից բարձր հաշմանդամ երեխաների շուրջօրյա խնամքի համար: Այդ տարիքում Անուշիկի ստորին ու վերին վերջույթները թույլ էին, որը հետագայում բուժվել է: Այնտեղ Անուշիկը մնացել է մինչև ինը տարեկան, որից հետո մայրը տեղափոխել է Նուբարաշենի թիվ 11 օժանդակ դպրոց, որը նախատեսված է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար: Դպրոցում սովորած տարիների հետքը խարանի պես կպել է Անուշիկին և հետապնդում է նրան: Սակայն նա որոշել է պայքարել:

Անուշիկը որևէ մտավոր և ֆիզիկական խնդիր չունի, եթե խնդիր չհամարվի, որ մի աչքը շլություն ունի և լինզա է կրում: Նա Նուբարաշենից տեղափոխվել է Զեյթունի 8-րդ միջնակարգ դպրոց, որի վկայականով էլ կարող է շարունակել ուսումը:

«Իմ երեսին անընդհատ խփում են Նուբարաշենում սովորած լինելս ու ասում են, թե էդ դպրոցը չե՞ս սովորել, քեզնից ի՞նչ պիտի դուրս գա,- ասում է Անուշիկը: – Բայց ես որոշել եմ ու ընդունվելու եմ, որպեսզի բոլորին ապացուցեմ, որ կարող եմ»:

Անուշիկն ուզում է ընդունվել Էրեբունու բժշկական ուսումնարան և բուժքույր դառնալ, որովհետև իրեն դուր է գալիս այդ մասնագիտությունը. «Ինձ հետաքրքիր ա, թե մարդու օրգանիզմում ինչեր են կատարվում, հետո` ես ուզում եմ մարդկանց օգնած լինել, ինչ էլ լինի` պետք է ընդունվեմ»:

Մայրն ու Քնարիկ տատն ամեն ինչ սովորեցրել են Անուշիկին` ճաշ եփել, խմորեղեն թխել: Նա գնացել է անգամ խոհարարական դասընթացների, սակայն ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում` պատճառաբանելով, որ աշխատանքային փորձ չունի:

Անուշիկը, սակայն, անհողդողդ է իր որոշման մեջ, ասում է, որ եթե այս տարի չհաջողվեց որոշումն իրագործել, մյուս տարի անպայման կիրականացնի:

«Ինձ հիմա մի գործ է պետք, որ ամառն աշխատեմ ու սկզբնական վարձի փող կուտակեմ,- ասում է նա,- հետո էլ ձեռի հետ իրիկունները կաշխատեմ, որ ամսվա վարձը տամ»:

Նրանք մոր հետ հաշվել են, որ տարեկան 150 հազար դրամ վարձը կարելի է բաժանել ամիսների, և ամսական կլինի մոտ 10-15 հազար դրամ, որը հնարավոր է կուտակել և հետ գցել:

«Ես անիմաստ կյանքով եմ ապրում, ոչ նպատակ կա, ոչ տուն, ոչ մի բան,- հոգոց է հանում Անուշիկը: – Որոշել եմ սովորել, մարդ դառնալ, աշխատանք ունենալ, որ նորմալ կյանքով ապրեմ»:

Անուշիկը համարյա ընկերուհիներ չունի, միայն մոտ է Նուբարաշենի իր համադասարանցի մի աղջկա հետ, որին անձամբ ճանաչում է «Անկախի» լրագրողը: Այդ աղջիկը ֆիզիկական կամ մտավոր որևէ արատ չունի: Անուշիկն ասում է, որ իրենց դասարանում մտավոր խնդիրներ ունեցող շատ քիչ երեխաներ կային: Այս դասարանը մասնակցել է 2008 թ. մարտ-մայիս ամիսներին Մարիամ Սուխուդյանի և նրա բնապահպան ընկերների կողմից դպրոցում իրականացված ,Կրթական մուլտիմեդիոն նյութերի և աուդիոգրքերի պատրաստումե ծրագրին, որի պատվիրատուն ու ֆինանսավորողը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն էր:

Այդ ընթացքում երեխաները մտերմացել էին ակտիվիստների հետ, ու բացվել էր այդ դպրոցի պատերի ներքո թաքնված տարիների կեղտը: Անուշիկը մտերմանում է Մարիամ Սուխուդյանի հետ և նրան համարում է իր ամենամոտ ընկերուհին, նրա հետ մասնակցում է բնապահպանական ակցիաների և ամեն օր Զեյթունի դպրոցի ճաշարանի ուտելիքի մնացորդները դույլով, երկու տրանսպորտ փոխելով, տանում է Արին-Բերդի խճուղում (Տեցի կրուգ) գտնվող շների կացարան` կերակրելու շներին:

Անուշիկը դպրոցում մասնակցել է պատերազմի և խաղաղության թեմայով հայտարարված շարադրության մրցույթին, և նրա աշխատանքն առանձնացվել է:

«Պատերազմում հաղթող կողմն, իրականում, պարտվող է, որովհետև նա սպանում է իր նման արարածների»,- գրել է Անուշիկը:

 

Դիտվել է 1717 անգամ:
Print Friendly

Leave a Reply