Առիթ կա խորհելու…

ԱՌՈՂՋԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2011 15:50

Որոշ լրատվամիջոցների ,,բամբասանք’’ էջում, ինտերնետային կայքերում վերջերս   տեղ գտած անհեթեթ տեղեկատվությունն է, որ  խորհելու-մտահոգվելու առիթ տվեց   ՀԿԽԸ-ին` ևս մեկ անգամ համոզվելով, որ դեռ շատ անելիքներ ունի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացման, անվտանգ վարքագծի ձևավորման, խարանի, խտրականության  վերացման գործում:

Լրատվամիջոցների աշխատակիցների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ գիտելիքների բարձրացումը և նրանց հետ համատեղ հասարակությանը   ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը  առավել  արդյունավետ կդարձնեն ոլորտում լուսաբանման աշխատանքները, որն էլ կհանգեցնի հոգով, մտքով, մարմնով առողջ հասարակության ձևավորմանը:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հազարավոր մարդկային կյանքեր խլած  համաճարակի` ՄԻԱՎ վարակի  կանխարգելմանն ուղղված ծրագրեր և բազմաբնույթ միջոցառումներ է իրականացնում  սկսած 2000թ.-ից:

2004թ.-ից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում իրականացնում է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՙԿողմնորոշվելու ժամանակն է՚ ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ ողջ տարածքում կազմակերպվում  են տեղեկատվական-կրթական բազմաթիվ միջոցառումներ` բացօթյա համերգներ, տեղեկատվական քարոզարշավներ, երթեր, կինոդիտում-քննարկումներ, հեռուստաշոուներ` նպատակ հետապնդելով  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ բնակչության, հատկապես երիտասարդության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, անվտանգ վարքագծի ձևավորումը, խարանի, խտրականության  վերացումը:

Միջոցաառումների ժամանակ  քարոզվում և խրախուսվում է անվտանգ վարքագիծը, պատասխանատվությունը սեփական  անձի առողջության հանդեպ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնական միջոցի` պահպանակի օգտագործումը` անկախ սեռից, տարիքից:

Տրամադրվում են տեղեկատվական նյութեր, միջոցառման տարածքում դրվում են պահպանակներով լի արկղիկներ` ցանկության դեպքում վերցնելու համար:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պարագաների, մասնավորապես պահպանակների ձեռքբերումը կատարվում է կենտրոնացված` Հիմնական ռեցիպիենտի կողմից` խրստ հետևելով որակին և պիտանելիության ժամկետին և տրամադրվում են Հայաստանում Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված ծրագրեր իրկանացնող  բոլոր կազմակերպություններին:

Գաղտնիք չէ, որ սեռահասունացումը սկսվում է անչափահաս տարիքում, և ինչ անհեթեթ քայլերի ասես որ չի հանգեցնի դեռահասի օրգանիզմում տեղի ունեցող հորմոնների  իրարանցումը: Բնությանը դեմ չես գնա…. Ցավոք, ՄԻԱՎ-ը չի հարցնում ոչ սեռ, ոչ տարիք:

Ինչ վերաբերվում է դպրոցներում երեխաներին պահպանակների տարածման թյուրին տեղեկատվությանը, ապա այն համարում եմ անհեթեթ:

Ի դեպ, որպես տեղեկատվություն լրատվամիջոցների աշխատակիցներին պահպանակի  հինմական օգտագործման նպատակներից մեկը անցանկալի հղիության կանխումն է: Լինի այն պիտանելիության ժամկետում, թե ժամկետից դուրս հերմետիկ փակ պահպանակը  ո’չ հարազատ, ո’չ էլ օտար   սպերմատոզոիդներ (արական սեռական բջիջներ)  պարունակել չի կարող: Ճի’շտ է նման որակի տեղեկատվությունը  տեղադրել ,,բամբասանքներ’’ էջում և անանուն:

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Գլխավոր քարտուղար

Աննա Եղիազարյան

Դիտվել է 2004 անգամ:
Print Friendly

Leave a Reply