Խոսրովի անտառի տնօրենը փորձում է արդարացնել եկեղեցի այցելող ուխտավորներից գումար գանձելը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 1, 2011 15:36
Մայիսի 30-ին «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող Հավուց Թառի վանական համալիրի (X դար), Աղջոց վանքի (XIII դար) և Կաքավաբերդ ամրոցի (IX դար) ուխտավորներից գումար գանձելու խայտառակ փաստի մասին:
Բարձրացված հարցի վերաբերյալ մամուլում պարզաբանումներով է հանդես եկել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը, որի հայտարարությունները, սակայն, ոչ միայն չեն վերացրել «Ճանաչիր քո երկիր»-ի հարցադրումների շուրջ մտահոգությունները, այլև առաջ են բերել նոր հարցեր:
«Այսօր եթե եկեղեցի ես գնում` չե՞ս վճարում: Մայր Աթոռ ես գնում` 1000 դրամ վճարում ես, ինչո՞ւ այս կոթողները այցելելու համար չպետք է վճարել»,- դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարել է Վորոնցով Բարսեղյանը, առանց մանրամասնելու, թե Մայր Աթոռի կոնկրետ ո՞ր հատվածում են իրենից պահանջում վճարել 1000 դրամ:
Վ. Բարսեղյանը հայտարարել է նաև, որ Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող եկեղեցիները, ինչպես Հավուց Թառը կամ Աղջոց վանքը, Հայ առաքելական եկեղեցում գրանցված չեն և գտնվում են արգելոցի տնօրինության ներքո: Փաստացի, այս խոսքերի տրամաբանությունը հետևյալն է. մենք ենք տնօրինում սրբատեղիները, ինչ կուզենք կանենք: Միևնույն ժամանակ Բարսեղյանը չի մեկնաբանել, թե ուխտավորի համար ի՞նչ նշանակություն ունի սրբատեղիի իրավական կարգավիճակը:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է Խոսրովի անտառի տնօրենի հայտարարությունները որպես արգելոցի վարած ապազգային քաղաքականության արդարացման փորձ և Հայ Առաքելական եկեղեցու հնագույն կոթողների` հայերի կողմից ճանաչմանն ուղղված խոչընդոտ:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ձեռնարկել համապատասխան միջոցներ:






Facebook
Tweet This
Email This Post
