Տեղեկատվական վեճերի խորհուրդը կոչված է պաշտպանել խոսքի ազատությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2011 15:04

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2011 թվականի մայիսի 1-ին հիմնադրվում է Տեղեկատվական վեճերի խորհուրդը:

Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնական նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաեւ անձի արժանապատվությունը եւ մասնավոր կյանքի իրավունքը՝ այդ իրավունքների իրացման ընթացքում ծագող դատական վեճերի դեպքերում փորձագիտական եզրակացություններ  հրապարակելով, որոնք հիմնված են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական ակտերի և էթիկայի նորմերի վրա:

Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ կարող են լինել մարդու իրավունքների, լրատվամիջոցների, իրավագիտության, լրագրողական էթիկայի, լեզվագիտության և տեղեկատվությանն առնչվող այլ ոլորտների ճանաչված մասնագետներ:

Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնադիր անդամներն են՝ Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ, Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ, Արամ Աբրահամյան – <Առավոտ> օրաթերթի գլխավոր խմբագիր, Արա Ղազարյան – ՙԱրնի Քնսալթ՚ փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Մանանա Ասլամազյան – ՙԱրմմեդիա՚ ծրագրի տնօրեն; Խորհրդի կազմը կարող է ընդլայնվել նոր անդամով/անդամներով հիմնադիր անդամների փոխհամաձայնեցված որոշմամբ:

Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է Զրպարտությանը, վիրավորանքին, մասնավոր կյանքի պաշտպանությանը և տեղեկատվության ազատությանը վերաբերող դատական գործերի կապակցությամբ խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններով հանդես գալը, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին համապատասխան հարցերի շուրջ անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովելը: Խորհուրդը իրեն իրավունք է վերապահում հանդես գալ նշված խնդիրների վերաբերյալ հայտարարություններով; Այդ եզրակացությունները, խորհրդատվությունը, հրապարակային հայտարարությունները կարող են պարունակել իրավական (ՀՀ օրենքների, միջազգաին պայմանագրերի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա), լրագրողական էթիկայի (լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի վերլուծության հիման վրա), լեզվագիտական և այլ անհրաժեշտ կարծիքներ համապատասխան ոլորտների մասնագետների ներգրավմամբ:

Առանց Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունների բովանդակությանը միջամտելու Խորհրդին տեխնիկական կամ այլ աջակցություն կարող է տրամադրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչպես նաև այլ հաստատություններ ու կազմակերպություններ:

 

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply