ՀԱԿ-ը գնդակն ուղարկեց իշխանության դաշտ
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | June 1, 2011 14:30
Ինչո՞ւ զիջեց իշխանությունը: Ազատության հրապարակում մայիսի 31-ին տեղի ունեցած հանրահավաքով ՀԱԿ-ը գնդակը տեղափոխեց իշխանության դաշտ: Ելույթ ունեցող ընդդիմադիր գործիչները, հաշվի առնելով համաներման փաստը` որպես իրենց երրորդ պահանջի կատարման արդյունք (որով դեռևս բանտերում մնացած բոլոր ընդդիմադիր գործիչները ազատ արձակվեցին), արձանագրեցին, որ Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ:
Մասնավորապես, բանտից նոր եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ(1)…մենք սկսում ենք Հայաստանում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների հասնելու, օրինական իշխանություն հաստատելու քաղաքական գործընթաց(2)»:
Այս հիմնական երկու մեսիջները հավաքված ժողովրդին փոխանցելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ երկարաշունչ ելույթով: Նա շատ մանրամասն անդրադարձավ սկսված երկխոսության պատճառներին և հայտարարեց, որ իշխանությունը զիջումների է գնացել, քանի որ դարձել է առավել իրատես` իրավիճակը գնահատելու առումով: Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի` 5 գործոնների` համաժողովրդական նպատակասլաց պայքարի, արաբական աշխարհի իրադարձությունների հետևանքով միջազգային հանրության մտայնության փոփոխության, Ղարաբաղյան հակամարտության զարգացումների, սոցիալական բողոքի հաճախակիացած ցույցերի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ծանրության գիտակցության արդյունքում իշխանությունը «ճարահատյալ» դիմեց այդ քայլին:
Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանության զիջման գլխավոր պատճառ համարեց երկրի սոցիալ-տնտեսական վիճակը` հավելելով, որ եթե այն ավելի բարվոք լիներ, կամ այն բարվոքելու թեկուզ չնչին հեռանկար նշմարվեր, իշխանությունը համառորեն կշարունակեր անտեսել թե՛ Կոնգրեսի, թե՛ հասարակության պահանջները և ոչ մի զիջում չէր անի։ Ընդ որում, այս առնչությամբ նա մի շատ հետաքրքիր շեշտադրում արեց` նշելով, որ Տիգրան Սարգսյանը և Սերժ Սարգսյանը շատ լավ տիրապետում են երկրի սոցիալ-տնտեսական պատկերին և միգուցե անկեղծության պահին ավելի սոսկալի պատկեր կներկայացնեն, և հայտարարելով, որ նրանք շատ լավ հասկանում են` «միջազգային արդի կոնյունկտուրայի» պայմաններում այդ վիճակը բարելավելու որևէ հնարավորություն չկա, ընդհակառակը` դրությունն ավելի է ծանրանալու, փաստորեն խուսափեց իշխանության տնտեսական քաղաքականության ուղղակի քննադատությունից:
Նա հատուկ անդրադարձավ նաև Արցախյան խնդրին (նկատենք` շատերն են նշում, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության իրական պատճառը կարող են լինել հենց արցախյան հարցում սպասվող ոչ այնքան հայանպաստ զարգացումները): Ըստ նրա` Արցախի հարցում լուրջ զարգացումներ են սպասվում և ստատուս քվոյի պահպանման ռեսուրսն այլևս սպառվում է (հղում դովիլյան հայտարարությանը), հետևաբար, ըստ նրա, Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ իր նկատմամբ ժողովրդի բացարձակ անվստահության պաշարով ո՛չ կարող է Ղարաբաղի հարցում որևէ լուծման հասնել, ո՛չ էլ հաջող պատերազմ վարել Ադրբեջանի դեմ։ Ուստի նա հարկադրված է երկրի ներսում թեկուզ նվազագույն աջակցություն գտնելու նպատակով գնալ երկխոսության: Ընդ որում, Կոնգրեսի առաջնորդը համոզված է, որ սա ստիպելու է իշխանությանը գնալ նաև ավելի լուրջ զիջումների, որոնց շարքը սահմանափակվելու է ոչ թե արդեն իսկ կատարված երեք պահանջներով, այլ նոր աղմկահարույց պաշտոնանկություններով և իշխանության որոշ ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներով:
Անցնելով առաջ` նա խոսեց մամուլում շրջանառվող և շատերի շուրթերից հնչող գործարք հասկացության մասին` փորձելով կոտրել դրա բացասական ընկալումը: Այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, ոչ թե հերքեց գործարքի առկայությունը, այլ նշեց, որ «եթե երկխոսությունն ընթանում է պաշտոնների ու պատգամավորական մանդատների բաժանման կամ այլ գծուծ շահագրգռությունների շուրջ, ապա դա ստոր, անպարկեշտ և ամոթալի գործարք է, …իսկ եթե խոսքը վերաբերում է երկխոսության միջոցով ժողովրդի, երկրի ու պետության կենսական շահերից բխող լուծումների որոնմանը, ապա այդպիսի գործարքը միայն պետք է ողջունել»: Այս արձանագրելով նա հատուկ անդրադարձավ այն ուժերին կամ անհատներին, ովքեր, ըստ նրա, խիստ անհանգստացած են երկրում տեղի ունեցող փոփոխությունների հեռանկարով և մասնավորապես սկսված երկխոսությամբ ու փորձում են վարկաբեկել այն: Եվ առաջին հերթին խոսքը վերաբերում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու «Դաշնակցություն» կուսակցությանը, որոնք, Կոնգրեսի առաջնորդի կարծիքով, դրա համար պատճառներ ունեն:
ՀԱԿ–ի մարտավարական քայլերի ու երկխոսության բովանդակության շուրջ
Այսպիսով, խոսելով իշխանության զիջումների պատճառների մասին և կարևորելով սկսված երկխոսությունը, նախ նշեց, որ այս ամենը նշանակում է ամենաքիչը անհասկացողության պատի փլուզում, ապա փորձեց հանգստացնել ժողովրդի շրջանում առկա մտահոգությունները` կապված իրենց քայլերի հետ, նշեց որ իրենք հաշվի են առել բոլոր վտանգները: Նա հայտատարեց, որ սկսված երկխոսության պայմաններում իշխանությունը չի կարող իրեն ուժեղ զգալ երկրի սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակում, հետևաբար չի կարող այդ պատրվակով դադարեցնել երկխոսությունը, իսկ եթե փորձի գործընթացը ձգձգել, ապա իրենք կդադարեցնեն երկխոսությունը և կկիրառեն «ժողովրդի համախմբման միջոցով իշխանության վրա ճնշում բանեցնելու փորձված և արդեն իսկ հաջողություններ արձանագրած մեթոդը»։
«Երկխոսության ողջ ընթացքում իշխանությունն իր թիկունքում պետք է զգա ժողովրդի շնչառությունը»,- հայտատարեց նա: Ըստ նրա, եթե արաբական երկներում էլ նման տարբերակ ունենային, ապա անպայման այդ տարբերակով կգնային իշխանափոխության: Այսինքն` մեկնաբանելով ու հիմնավորելով իրենց բոլոր գործողությունները, փորձելով ամբողջովին արդարացնել իրենց քայլերը և Հայաստանում առկա նոր քաղաքական իրավիճակը ներկայացնելով որպես իրենց անվերապահ հաղթանակի ու ձեռքբերման արդյունք, համոզելով, որ ՀԱԿ-ն է իրավիճակը թելոդրողը, Կոնգրեսի առաջնորդը ի վերջո հայտարարեց, որ իրենք պատրաստ են երկխոսության ֆորմալ գործընթացին, որ առաջիկա օրերին իրենք կորոշեն պատվիրակության կազմը և իշխանությանը կներկայացնեն երկխոսության իրենց օրակարգը` ակնկալելով, որ նույնը կանի իշխանությունը:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերով` իրենց օրակարգը ենթադրում է արտահերթ ու խորհրդարանական ընտրությունների անցկացում, սակայն հաշվի են առնելու նաև իրենց առաջ քաշած 15 պահանջները: Նա խոստացավ հաշվի առնել նաև իշխանության օրակարգն ու հակաառաջարկները: Սակայն հարցն այն է, որ իշխանությունը ամենատարբեր մարդկանց մակարդակով այս ամբողջ ընթացքում խոսել է այն մասին, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության քաղաքական իրավիճակ չկա: Ավելին, համաներումը հիմնավորվում էր Սերժ Սարգսյանի մարդասիրությամբ: Այնպես որ այստեղ գործելու է «սատանան մանրամասների մեջ է» սկզբունքը, ու այն, որ երկու կողմերն էլ փաստացի հայտարարել են երկխոսության պատրաստակամության մասին, դեռ չի նշանակում, որ մի կողմը լսում էր, թե մյուս կողմն ինչ է հայտատարում երկխոսության բովանդակային կողմի իր պատկերացումների մասին: Հետևաբար, դժվար է ասել` այս ամենը, քաղաքական խաղերից բացի, կարո՞ղ է իրական արդյունք տալ, թե ոչ, քանի որ կողմերից յուրաքանչյուրը խիստ տարբեր ու որոշ առումներով նույնիսկ անտագոնիստական պատկերացումներ ունի երկխոսության առարկայի ու ցանկալի արդյունքների մասին:
Ամեն դեպքում դրական է, որ կողմերը հրաժարվել են կոպիտ առճակատման ճանապարհից, սակայն հիմա էլ կարող է մեղադրանքների փուլ սկսվել երկխոսության բովանդակության շուրջ (միգուցե ամեն ինչ հենց այդպես էլ պլանավորված էր): Ինչևէ, ֆուտբոլային խաղի տրամաբանությամբ հաջորդ քայլը պիտի անի իշխանությունը: Եվ հենց իշխանության պատասխանով էլ պայմանավորված կլինի ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքի օրը:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
