Երեկ Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձն էր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 24, 2009 11:19

flag-of-armenia19 տարի առաջ` օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը և հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա`խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հրապարակեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: Հռչակագրով Հայաստանը ունենալու էր իր դրոշը, զինանշանը և հիմնը։ Այն հռչակվելու էր ինքնիշխան պետություն՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործելու էին միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։ 12 դրույթներ պարունակող հռչակագրի 11-րդ կետը սահմանում էր նաև, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։

Այս կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «19 տարի առաջ` այս օրը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը պատմական և ուղենշային փաստաթուղթ էր մեր երկրի ապագայի համար: Այն բազում տառապանքների միջով անցած, խաչով, գրչով ու քրտինքով, հարկ եղած դեպքում նաև սուրը ձեռքին պատմական իր ուղին հարթած ժողովրդի կամարտահայտումն էր, սեփական հողի վրա սեփական երկիրը կառուցելու նրա վճռականության դրսևորումը:Անկախության հռչակագիրը համայն հայության կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ, քանզի կոչված էր իրողություն դարձնելու հայոց դարավոր երազանքը` անկախ պետականության վերականգնումը: Հայաստանի ժողովրդի քաղաքական ազատության մասին ի լուր աշխարհի բարձրաձայնող այս փաստաթղթով մենք հռչակեցինք վերելքի մեր ճանապարհը, որով մեր հանրապետությունն ու ժողովուրդն ընթացել են անցած տարիների ընթացքում` նրանում ամրագրված սկզբունքներին հավատարիմ»:

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի դրույթով ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար անցկացվեց հանրաքվե: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը քվեարկեցին անկախության օգտին: Սեպտեմբերի 23-ին ԳԽ-ը Հայաստանը հռչակեց անկախ:

Դիտվել է 1917 անգամ:
Print Friendly

Leave a Reply