Քննությունների մեկնարկը տրված է. մասնավոր բուհերը դիմորդներ չունեն
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | June 1, 2011 13:38
Այսօր ՀՀ և ԼՂՀ 12 քննական կենտրոններում մեկնարկեցին միասնական քննությունները ռուսերենից և քիմիայից: Քիմիայից քննություն հանձնելու դիմում հայտ էր ներկայացրել 102 /29-ը Երևանից/դիմորդ, ռուսերենից` 81/15-ը Երևանից/: Քննությանն այսօր Երևանի քննական կենտրոնում չէին ներկայացել 10 դիմորդներ` 2-ը ռուսերենից, 8-ը` քիմիայից:
Այսօր քննություն հանձնող դիմորդներից 20-ամյա Անուշը նշում է, որ քոլեջն ավարտել է անցած տարի և որոշել է այժմ էլ կրթությունը շարունակել ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետեում. «Բախտս բերել է և ընդունելությանս շրջանը համընկել է այս տարվա հետ: Ողջ տարին պարապել եմ, հույս ունեմ, որ կընդունվեմ»:
Տիկին Երանուհին էլ ասում է, որ անցած տարի իր որդին, որ ուզում է բժիշկ դառնալ, անբավարար է ստացել քիմիայից և այս տարի նորից է փորձում բուհ ընդունվել. «Կընդունվի և բանակ կզորակոչվի, հետո կգա կշարունակի»: Տիկին Երանուհին նշում է, որ այս տարվա քննական մթնոլորտը շատ հանգիստ է, չկա անցած տարվա լարվածությունը:
Երևանի քիմիա և ռուսերեն առարկաների քննական կենտրոնների ղեկավար Էդուարդ Սանթրոսյանն ասում է, որ չնայած դիմորդները քիչ են, սակայն այս տարի էլ քննական կենտրոնում գործելու են հեռախոսային ազդանշանների խլացուցիչներ, քննակարգը խստիվ պահպանվելու է:
Քննության մեկնարկին զուգահեռ ԳԹԿ-ում էլ մասնագետները լրացնելու են թեստերը` բացահայտելու առկա հնարավոր թերությունները և ոչ ծրագրային հարցերը:
Այս տարի քննական թեստերի հեղինակային խմբում ընդգրկված են եղել նաև դպրոցների ներկայացուցիչներ: Բացի այդ` այս տարվա քննական թեստերը տպագրվել են Հայաստանում: ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը նշում է, որ խստիվ վերահսկողություն է իրականացվել թե տպագրության, թե ծրարավորման ընթացքում` կանխելու թեստերի արտահոսքը: Թեստերն այնպես են կազմված, որ 7,5-8 միավորը հեշտ հաղթահարելի լինի:
Քննության արդյունքները պարզ կդառնան քննությունից հինգ օր անց: Գնահատականները հրապարակելու հաջորդ օրը` ժամը 9-18-ը դիմորդները կկարողանան բողոքարկել գնահատականները: Բողոքարկումների արդյունքները պարզ կդառնան բոլոր քննություններից 3 օր անց:
Քննական կենտրոնի ղեկավարի կարծիքով այս տարի բողոքարկումները քիչ կլինեն, քանի որ բուհ ընդունվելու համար նվազագույն գնահատականն էլ բավարար է:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանն ասում է, որ այս տարի ԵՊՀ-ն ունի 574 դիմորդ 54 մասնագիտությունների գծով: Մեծ պահանջարկ է վայելում պատմություն մասնագիտությունը. 12 անվճար և 53 վճարովի տեղերի համար դիմել է 53 մարդ: Դիմորդների թիվը մեծ է նաև հանրային կառավարում` 33, հոգեբանություն` 27, լրագրություն` 20, արվեստաբանություն` 15, բաժիններում: Սովորաբար մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն այս տարի համեմատաբար քիչ դիմորդ ունեն` իրավագիտությունում` 38 դիմորդ 110 տեղի համար, քաղաքագիտությունում 26 դիմորդ 60 տեղի համար, միջազգային հարաբերություններում` 24 դիմորդ 80 տեղի համար:
Դիմորդները շատ քիչ են բնագիտական մասնագիտությունների գծով, նաև ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետետում: Ոչ մի դիմորդ չունի Միջուկային ֆիզիկայի բաժինը, որտեղ պետպատվերով 20 անվճար տեղ է հատկացված:
Գալստյանն ասում է, որ դիմորդների քիչ թվաքանակը չի ազդի կրթության որակի վրա, փոխարենը բուհի համար կստեղծի ֆինանսական դժվարություններ, քանի որ ուսանողների վարձավճարներով է գոյանում բուհի բյուջեն: Անցած տարի, օրինակ, ԵՊՀ է ընդունվել 3000-ից ավել դիմորդ:
Քանի որ այս տարի պետական և մասնավոր բուհերը նույն կարգով` միասնական քննություններով են ընդունելություն իրականացնում, մասնավոր բուհերի ներկայացուցիչներից ևս հետաքրքրվեցինք, թե քանի դիմորդ ունեն այս տարի:
Մաշտոցի համալսարանի ռեկտոր Զավեն Սարգսյանը նշեց, որ իրենք այս տարի ոչ մի դիմորդ չունեն և պատճառը միասնական քննություններն են: Նրա խոսքով` նախորդ տարիներին բանավոր հարցազրույցով իրենց բուհ էր ընդունվում 300-400 դիմորդ, իսկ այս տարի ոչ մի դիմորդ չունեն. աշխատում են արտերկրից դիմորդներ բերել: Սարգսյանի խոսքով`իրենց բուհում, օրինակ, իրավագիտություն ուսումնասիրելու համար ընդունելության ժամանակ օտար լեզվի իմացությունը պարտադիր չէ, մինչդեռ միասնական քննակարգով դիմելու դեպքում պետք է նաև օտար լեզվի քննություն տան: Նրա կարծիքով` միասնական քննությունները պետք է ապակենտրոնացնել:
Առաջին հայտով դիմում-հայտեր չունի նաև Ուրարտու համալսարանը:
Երկու մասնավոր բուհերի ռեկտորներն էլ նշում են, որ մասնավոր հատվածում այս տարի համատարած նման իրավիճակ է` դիրոմրդներ չունեն:






Facebook
Tweet This
Email This Post
