Ուղտը թքել է Արշակ Սադոյանի վրա. հետաքրքիր պատմություններ մեր քաղաքական գործիչների մանկությունից
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 1, 2011 13:25Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ news.am-ը զրուցել է մի շարք քաղաքական գործիչների հետ` խնդրելով նրանց պատմել իրենց մանկությունից ուշագրավ դրվագներ:
Արշակ Սադոյանի ուղտաֆոբիան մանկությունից է գալիս
Մանուկ ժամանակ «Ազգային ժողովրդավարների դաշինք»-ի ղեկավար, նախկին պատգամավոր, այժմ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը շատ էր սիրում զբոսնել եւ հաճախ կորում էր: 5 տարեկանում մի անգամ կորել է եւ Գետառի հունով իջել, որպեսզի գտներ իրենց տունը: Լինելով հետաքրքրասեր եւ պրպտող մանուկ` Արշակ Սադոյանին ամեն ինչ հետաքրքրում էր, երեխաներով հաճախ էին գնում միրգ, հատկապես` ցոգոլ գողանալու: «Էն ժամանակ Երեւանում ուղտեր կային, մի անգամ գնացել էինք ուղտերին տեսնելու, մեկ էլ ուղտը շուռ եկավ, մեծ քանակությամբ թքեց վրաս: Հետո գնացի լվացվեցի, բայց վախեցել էի, դրանից հետո ուղտերին մոտիկ չէի գալիս»,- պատմեց Արշակ Սադոյանը:
Մինչեւ 10 տարեկան գլխավոր մարքսիստը սարերում է մեծացել
Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը չափից ավելի քչախոս, ինքնամփոփ երեխա է եղել, կոլեկտիվը տանել չի կարողացել եւ անընդհատ սիրել է միայնակ լինել: Նա մինչեւ 10 տարեկանը սարերում է մեծացել պապի եւ տատի հետ, ինչը դոնկիխոտական տարրեր է մտցրել իր էության մեջ, օրինակ` առաջնորդվել է ոչ թե կռվել, այլ պաշտպան լինել սկզբունքով: Դավիթ Հակոբյանը պատմեց, որ շատ կազմակերպված երեխա էր, կռիվների չէր սիրում մասնակցել, շատ խաղալ եւս չէր սիրում, փոխարենը սիրում էր սպորտով զբաղվել: Տարբեր տարիների Դավիթ Հակոբյանը տարբեր հետաքրքրություններ է ունեցել` սպորտ, երաժշտություն, ավիամոդելներ: Մարքսիստը հիշեց նաեւ իր ծնունդը, թե ինչ մեծ դժվարությամբ է մայրը լույս աշխարհ բերել իրեն եւ ընտանիքի առաջնեկը ծնվել է գլխի հեմատոմիայով` նշելով, որ այդտեղ եւս նախախնամությունը իր խոսքն ասել է:
4 տարեկանում Արմեն Մարտիրոսյանը ձվածեղ սարքելու համար 30 ձու ջարդել է
գազօջախի վրա
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի մանկությունը շատ հետաքրքիր, ուրախ եւ միջադեպերով հարուստ է անցել: Լինելով չարաճճի երեխա` նա միշտ ինքն իրեն է վնաս տվել, օրինակ` մի անգամ թուրքի ձիու քամակին խփել է, իսկ ձին էլ նրան այնպես է հարվածել, որ մի 5 մետր թռել է:
Բացի շատ չար լինելուց, պատգամավորը նաեւ շատ ճարպիկ երեխա էր, օրինակ` իրեն ջարդվող բաժակ երբեք չեն տվել, հենց խմում էր, բաժակը գցում էր եւ ջարդում: «4 տարեկանում մի օր տատին տունը չի եղել, ձվածեղ էի ուզում սարքել, տեսել էի` տատին ոնց էր սարքում, բայց կեսը տեսել էի, կեսը` ոչ, ու առանց թավայի վերցրեցի մի 30 ձու եւ ջարդեցի հենց գազօջախի վրա: Չէի պատկերացնում, որ պետք է թավա լինի, ձեթ լինի, կրակ լինի»,- ծիծաղով պատմեց նա:
Հատկանշական է այն, որ պապը միշտ ասում էր` Արմենը մեծանա, տան խելոք տղա է լինելու եւ պատգամավորի խոսքով` այդպես էլ եղավ: «Երբ տնեցիները բարկացնում էին, ասում էի` Հյուսիսային բեւեռ եմ գնալու` սպիտակ արջերի մոտ եւ բեւեռախույզ եմ դառնալու, ձեր մոտ չեմ մնալու»,- ասում էր նա` այդ ժամանակ ամենեւին էլ չկռահելով, որ մեծանալուց հետո Հյուսիսային բեւեռի փոխարեն ԱԺ է գնալու` օրենքներ ընդունելու:
Մանկությունից նրա մեջ տպավորվել են նաեւ կռիվները` ընկերոջ, աղջկա համար, բայց ամենաթունդը բանակային կռիվներն էին` ոչ թե ապտակներ, այլ աքացիներ: Մանկական սերերից ամենատպավորիչը մանկապարտեզի դաստիրակչուհու` տիկին Ալվինայի հանդեպ սերն է. «Ես իրեն ասացի, որ ինքը շատ սիրուն է, ես իրեն սիրում եմ, սիրուն աչքեր ունի»,- իր սիրո խոստովանությունը հիշեց Արմեն Մարտիրոսյանը:
Ալվարդիկ, արի մաման հացույուղ է տալիս…
Դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը «ժողովրդի թշնամու» զավակ էր, շատ ծանր, դաժան եւ դառը, բայց նաեւ` հետաքրքիր մանկություն է ունեցել: Նրանց վտարել էին, պահանջում էին, որ մայրը հրաժարվեր ամուսնուց: Երեխաներին պահելու համար մայրը դոնորություն էր անում, արյունն էր վաճառում: «Մի օր մայրս եկավ տուն, այդ օրը հաց ունեինք, հացի վրա յուղ քսեց, ասաց` եղբորդ կանչիր, որ ինքն էլ ուտի, ես ուրախությունից թռա դուրս եւ սկսեցի գոռալ, թե Մելսիկ, արի, մաման հացույուղ է տալիս, էնքան երջանիկ էի, որ պետք է հացույուղ ուտեմ, եղբայրս եկավ եւ կյանքում մի անգամ ինձ ապտակեց այնպես, որ քթիցս արյուն եկավ»,- պատմեց Ալվարդ Պետրոսյանը` հիշելով, որ երբ 20-ամյա օրիորդ էր, քայլում էր փողոցում, մեկը հետեւից կանչել է` Ալվարդիկ, արի մաման հացույուղ է տալիս, պարզվեց` Արեշի իր մանկության ընկերներից մեկն է: ԱԺ պատգամավորը երբեք չի մոռացել սովալլուկ երեխայի հայացքը, Ալվարդիկի` հացի կարոտ, մեծ եւ թախծոտ սոված աչքերը: «Հիմա ինձ որ նայում եք սենց չաղլիկ, սիրուն, ԱԺ պատգամավոր, մտքներովդ չի անցնի չէ՞, որ սենց դառը մանկություն եմ ունեցել»,- ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
