Կայացել է կառավարման խորհրդի հերթական նիստը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 31, 2011 18:29

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի աուդիտի խորհրդատուի ընտրության արդյունքները:
Խորհրդի անդամների հավանությանն են արժանացել Երևան-Արարատ ճանապարհի մաս կազմող Երևան-Արտաշատ 19 կմ ճանապարհային հատվածի նախագծի փոփոխությունների հետ կապված «Էջիս Բիսիոմ» կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրի կնքման, ինչպես նաև Երևան-Արարատ ճանապարհի մաս կազմող Արտաշատ-Արարատ հատվածի նախագծի լրամշակման խորհրդատուի ձեռքբերման հարցերը: Մեկ այլ հարցով խորհուրդը որոշում է ընդունել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական պաշտպանության, վերաբնակեցման և բնապահպանության բաժնի վերաբնակեցման մասնագետի, ինչպես նաև շահառուների հետ խորհրդակցությունների և հասարակայնության հետ կապերի մասնագետի թափուր հաստիքների համալրման մրցույթ հայտարարելու մասին:
Նիստում հաստատվել են նաև Ծրագրի 2-րդ տրանշի շրջանակում օտարման ենթակա հողի ու գույքի ճշգրտման և գնահատման խորհրդատվական ծառայությունների իրականացման պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև 1-ին, 2-րդ և 3-րդ տրանշերը նախագծող խորհրդատուի` «Էջիս Բիսիոմ» կազմակերպության կողմից պայմանագրի փոփոխության կարգադրագիր ընդունելու առաջարկությունները:
Ի թիվս օրակարգային այլ հարցերի, որոշվել է կառավարման խորհրդի քարտուղար նշանակել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցչին:

 

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply