Ճանաչիր քո երկիրը` առանց աղտոտելու, ավերելու և առանց «կրծկալ» հուշ-թաշկինակի

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 31, 2011 15:28

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը ամեն կիրակի իրականացնում է հայրենաճանաչողական արշավներ, ինչպես նաև «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիան: Խորովածի մնացորդներ եկեղեցիների պատերի տակ, սմբակավորների հետքեր սրբավայրերում, կենցաղային աղբ, վանդալիզմի դրսևորումներ. այս ամենի ականատեսն են դառնում ակցիայի մասնակիցները ամեն անգամ հնավայրեր այցելելիս:

Նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մի շարք լուսանկարներ, որտեղ երևում է պատմամշակութային արժեքների անմխիթար ու բարձիթողի վիճակը:

Օրինակ, լուսանկարներից մեկում 5-րդ դարի Երերույքի տաճարն էր, որի դիմաց հպարտ կանգնած է մի խոզ: Մեկ այլ լուսանկարում Մաստարայում գտնվող Ստեփանոս նախավկայի եկեղեցին էր, որի պատերին Մելինեի սիրո խոստովանություններն են: Մեկ ուրիշ լուսանկարում պատկերված էր Քարահունջը` շրջակայքում արածող կովերով. չնայած որ Քարահունջում տեղակայված են վահանակներ` «Քարերին ձեռք չտալ, տարածքը չաղտոտել» հորդորով, անբռնազբոս արածող կովերը հազիվ թե դա հաշվի առնեն, ուստի  Ռուբենն առաջարկում է այդ վայրում արգելապատնեշ կառուցել:

Հաջորդ լուսանկարում Յունեսկոյի համաշխարհային մշակույթի պահպանության տակ վերցված Սանահինն էր` հարյուրամյա քարերի արանքից դուրս մագլցած փարթամ ծառերով, որոնք, ըստ Ռուբենի, մեծ վնաս կարող են հասցնել այդ հզոր վանական համալիրին: Մեկ այլ լուսանկարում Քոբայրի վանքն էր` անտերության մատնված, առանց տանիքի ու գմբեթեի. նախաձեռնությունն ահազանգում է` վանքի արժեքավոր որմնանկարները անձևրաջրերից գնալով ավելի ու ավելի են խունանում: Ահազանգող լուսանկարների շարքում էր նաև աշխարհահառչակ Տաթևի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը, չնայած մեծ հնչեղություն ստացած «Տաթևի վերածնունդ» ծրագրին, լքյալ վիճակում է. գմբեթից ծորում է, անձևրաջրերը լցվում են եկեղեցու մեջ: Նույն ծրագրի մեջ ներառված Տաթևի Մեծ անապատ եկեղեցին ևս անմխիթար վիճակում է. ծածկված է ծառերով, իսկ երբ վարարում է Որոտանը, եկեղեցի տանող ճանապարհն անհետանում է:

Ամենացնցողը, սակայն մի լուսանկար էր, որտեղ պատկերված էր սրբավայրերից մեկի մոտ գտնվող երազանքների ծառը, որի վրա ուխտավորները թաշկինակ կամ փոքրիկ կտոր են կապում ու երազանք պահում: «Ուխավորներից» մեկի երազանքի կամ երևակայության  սահմաններն այնքան էին տարածվել, որ նա իր փարթամ կրծկալն էր կախել ծառից:

Ըստ Ռուբենի, այս ամենը գալիս է ժողովրդի անտեղյակությունից, թերի դաստիարակությունից, ինչպես նաև կառավարության, ՏԻՄ-երի, Հայ առաքելական եկեղեցու անտարբերությունից:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կոչով դիմում է համայն հայությանը` գիտեկցել ներկայիս սերնդի պատասխանատվությունը ապագա սերունդների առջև` դարերից եկած ժառանգությունը պահպանելու և փոխանցելու հարցում:

Երիտասարդական նախաձեռնությունը չի ֆինանսավորվում որևէ պետական կամ հասարակական կառույցի կողմից։ Ինչպես նշեց հիմնադիր խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը, բոլոր աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվում են նախաձեռնության անդամների անձնական միջոցներով:

«Ճանաչի´ր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության նպատակն է նաև համախմբել հայ երիտասարդությանը՝ հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարի շուրջ։

Այժմ նախաձեռնությունն ունի մոտ 15 հազար հետևորդ։

Դիտվել է 1724 անգամ:
Print Friendly

Leave a Reply