Բուենոս Այրեսում նշվել է Հանրապետության օրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 31, 2011 14:27

Մայիսի 29-ին Բուենոս Այրեսում նշվեց Հանրապետության օրը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում` Արգենտինայում եւ Չիլիում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ  Գիսակ արք. Մուրադյանի կատարած աղոթքից եւ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձն ընթերցելուց հետո հանդիսությունը տեղափոխվեց Մայր տաճարի հարեւանությամբ` Թեքեյան մշակութային միության բակում գտնվող Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ:

Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Գիսակ արք. Մուրադյանը եւ համայնքային կառույցների ղեկավարները ծաղկեպսակ զետեղեցին Սարդարապատի հերոսների հուշարձանի մոտ: Ելույթներով հանդես եկան  Բուենոս Այրեսի «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, ՌԱԿ Հարավային Ամերիկայի մասնաճյուղի ատենապետ Սերխիո Նահապետյանն ու դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:

Դեսպանն իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի համաժողովրդական հերոսամարտերի շնորհիվ  6 հարյուրամյակների ընդմիջումից հետո ծնունդ առավ եւ իբրեւ ինքնուրույն պետություն միջազգային թատերաբեմ վերադարձավ Հայաստանի Հանրապետությունը: …Չնայած իր գոյության կարճ ժամանակահատվածին, առաջին Հանրապետությունը հասցրեց լուրջ նախադրյալներ ստեղծել մեր երկրի ու ժողովրդի զարգացման համար, ամենակարեւորը` այն կարողացավ սերունդներին փոխանցել նոր` պետականություն կրող ազգի արժեքային համակարգ, սեփական երկրի քաղաքացի լինելու գիտակցություն»:  Այնուհետեւ Վլադիմիր  Կարմիրշալյանը նշեց, որ «ազատության եւ անկախության ոգին էր, որ տասնամյակներ հետո պոռթկաց Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում»:

Միջոցառումն ավարտվեց մասնակիցների կողմից «Սարդարապատ» երգի կատարմամբ:

 

 


 

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply