Այս տարի 574 ավտոպատահարներից զոհվել է 60 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 31, 2011 12:35
2011 թ. հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 574 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 60 մարդ զոհվել է, 832-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Արձանագրված ՃՏ պատահարներից 16-ը տեղի է ունեցել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու հետեւանքով, որոնց հետեւանքով 2 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ անցած չորս ամիսներին ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու համար ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124 եւ 126 հոդվածներին համապատասխան կազմել են 478 արձանագրություն:
Այդ թվում՝
1. Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելու կամ երթեւեկության սահմանած արագությունը գերազանցելու համար (1):
2. Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար, երբ նրանք գտնվել են միայն ալկոհոլի ազդեցության տակ (279):
3. Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար, երբ նրա մեկ լիտր արտաշնչած oդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0.5 միլիգրամը, կամ երբ նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1.6 գրամը (143):
4. Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար, երբ նրա մեկ լիտր արտաշնչած oդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0.5 միլիգրամը, կամ երբ նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1.6 գրամը, որը կատարել է ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի կամ թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլի վարորդը (8)։
5. Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու համար (19)։
6. Վերը նշված 3-րդից 5-րդ կետերով նախատեսված արարքի համար, երբ տրանսպորտային միջոցներ վարել է իրավունք չունեցող անձը (27)։
7. Ոչ սթափ վիճակում մեկ տարվա ընթացքում կրկին անգամ տրանսպորտային միջոցներ վարելու համար, երբ վարորդը տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չի ունեցել (1)։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ՝ 0.4 միլիգրամից ավելի է: Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ մեզի մեջ թմրանյութի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
