Գոքորի քույրը` Դիանա Խանդիլյան. «Դրսում մեկը հաջողության է հասնում, բոլորը գովում են, իսկ այստեղ նույն բանն անում ես՝ պախարակում են»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 22, 2009 15:55
fotomodella-053

32-ամյա Դիանան Միլանում ֆոտոմոդելի կարիերա է անում ու երբեմն կիսամերկ նկարահանվում հագուստի, օծանելիքի, շրթներկի, լողազգեստի, մատանու գովազդներում:

«Եղբայրս ինձ միշտ ասում էր. «Կյանքը մի անգամ է մարդուն տրվում: Սիրի՛ր ու վայելի՛ր քո կյանքն այնպես, ինչպես որ կա: Պետք չի՛ լսել ուրիշներին»:
Եղբայրը Գեղամ Խանդիլյանն է` «Որոգայթի» Գոքորը, որ մահացավ ավտովթարից: Ու եղբոր պատգամն էր, որ Դիաննային դարձրեց համարձակ, նպատակասլաց, և նա իր ձգտումները բարձր դասեց հասարակական կարծիքից: Այդ պատգամի շնորհիվ 32-ամյա Դիանան Միլանում ֆոտոմոդելի կարիերա է անում ու կիսամերկ նկարահանվում հագուստի, օծանելիքի, շրթներկի, մատանու, ակնոցի, լողազգեստի գովազդներում:

Նա չհարմարվեց Հայաստանում իշխող հասարակական նորմերին, որ աղջիկը պետք է ամուսնանա ու ընտանիք կազմելով ավարտի իր կյանքի հետաքրքրությունները: Նա կյանքը կազմակերպեց ներքին մղումներին համապատասխան: «Ես միշտ սիրել եմ աչքի ընկնել, լինել յուրահատուկ ու ամեն նորարարության մեջ լինել առաջինը, – ասում է Դիանան, – 15 տարեկանում (դա 1991-1992թթ.) քաղաքում ես առաջինն էի, որ երկար մազերս մանր-մանր հյուսել էի: Հետևիցս գոռում էին Գուլիտ, (հոլանդացի ֆուտբոլիստ, որի մազերը հյուսածի նման էին), Բոբ Մառլեյ, բայց ես հասարակության կարծիքը երբեք հաշվի չեմ առել ու միշտ արել եմ այն, ինչ համարել եմ ճիշտ»:

Դիանան շրջանցեց 18 -20 տարեկան յուրաքանչյուր հայուհուն սպասվող ճակատագիրը և չամուսնացավ, այլ գնաց ուրիշ ճանապարհով:
Նրանը շոու բիզնեսն է, տարբեր բեմահարթակներում փայլելու և իղձերն իրագործելու ուղին, որը նրա պատկերացմամբ չէր կարող զուգակցվել ամուսնական կյանքի հետ: «Դրան հասնելու համար պիտի լինես ուժեղ, համարձակ ու ինքնուրույն, – ասում է Դիանան, – հիմա իրերի վիճակը մի քիչ փոխվել է, բայց այն ժամանակ հայ կնոջ համար լինել միաժամանակ տան կին ու բեմի մարդ անհնար էր»:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 7-8 տարեկանում Դիանայի ձեռքն ընկավ “История русского балета” գիրքը: «Ես ամեն օր ժամերով նայում էի բալետի շորեր հագած աղջիկներին, – ասում է Դիանան, – ու իմ ներքնաշխարհում ես ինձ պատկերացնում էի թռվռուն, ճոխ շորերի մեջ, իմ երազների մեջ ինձ պատկերանում էի արքայական հագուկապով»:
Դրան զուգահեռ՝ Դիանան, աչքը բացած, տեսել է, թե ինչպես է մայրն ամեն օր հայելու առաջ զուգվել- զարդարվել (մայրը՝ Աննա Խաչատրյանը, ջազային երգչուհի էր): «Մաման միշտ հագնվել է յուրահատուկ` փայլփլուն, պսպղուն, գույնզգույն, երկար համերգային շորեր, – հիշում է Դիանան, – ու ինքս էլ ձգտել եմ նմանվել նրան»:

Դիանան ասում է, որ ինքը մեծացել է երաժշտական մթնոլորտում. «Մեր տան ամենօրյա հյուրերն էին Ակսել Բակունց (Կոկո), ձախ Հարութ, Մալխաս և այլն, ու մեր տանը միշտ էլ փորձեր էին արվում»:
Դիանայի՝ իղձերն իրագործելու ուղին սկսվում է Սայաթ-Նովա երաժշտական դպրոցից, հետո շարունակվում է բալետի դպրոցում, անցնում՝ Կրծած կուկուռուզնիկով, որտեղ սովորում է Երևանի Էստրադային-ջազային արվեստի քոլեջում, հասնում Ատեքս նորաձևության կենտրոն: Բոլոր այս տարիներին նա ուսանում է Աշոտ Ղազարյանի, Էլվինա Մակարյանի, Անդրեյ Անդրոսովի և այլ աստղերի մոտ: Ձեռք է բերում պրոֆեսիոնալ պարի հմտություն, խոսքի վարպետություն ու վոկալ երգի կարողություն:

Ատեքսում Դիանան սովորում է քայլել բարձր կրունկների վրա ու զգալ քայլվածքի հմայքը: «Բարձր կրունկների վրա քայլելը կանացիություն է, – ասում է Դիանան, – կարող ա կինը գեղեցիկ չլինի, բայց իրա քայլվածքն իրան շատ շարմ կարող է տալ: Գեղեցիկ քայլվածքը՝ համպատասխան ժեստերով, կարող է հմայել, վարակել ու գրավել»:

Ատեքսն ավարտելուց հետո այն ժամանակ ղեկավար Անդրեյ Միլմանը Դիանային առաջարկում է ֆոտոմոդելի աշխատանք, քանի որ 165 սմ հասակը չէր բավարարում մանեկենուհի դառնալու համար: Նա նկարահանվում է Wrigly Spearmint ծամոնի ռեկլամում: Հետո հայտնվում է «Էդիտ» նորաձևության կենտրոնում, որտեղ շորերը ներկայացվում էին պարային շարժումներով: Խումբը բեմադրում էր նաև իսպանական կամ ռուսական պրոֆեսիոնալ պար և ելույթներ էր ունենում Վանա լիճ, Չալդոն ռեստորաններում: Իսկ Աստաֆյանի բացմանը Դիանան ընկերների հետ պարել է կաբարե պար՝ աթոռի հետ:

Դիանան ասում է, որ չի հասկանում պարի նկատմամբ Հայաստանում տարածված ընկալումը, որ նույն մերկությամբ պարը մի դեպքում ընդունելի է, մեկ այլ դեպքում` ոչ: «Եթե բալետում պարողը համարյա կիսամերկ է, կամ գնչուական պարում շորի շարժումներից նեքնաշորը երևում է, հասարակությունը դա ընդունում է, – զարմանում է Դիանան, – բայց եթե պարում ես աթոռով կաբարե՝ թափանցիկ շիֆոնով ծածկված, ասում են` ստրիպտիզ պար»:

Դեռ 1995-98թթ. Դիանան հասկանում է, որ Հայաստանում մարդու արժանիքներն ու կարողությունները չեն գնահատվում ըստ արժանվույն: «Ես միշտ էլ զգացել եմ, որ Հայաստանում իմ ձգտումների համար ապագա չկա ու երազում էի գնալ Իտալիա կամ Ֆրանսիա, – ասում է Դիանան, – ու հաստատապես որոշեցի իմ կարողություններն իրագործել դրսում՝ ինչ գնով էլ որ լինի: Եթե դրսում մեկը հաջողության է հասնում, բոլորը գովում են, իսկ եթե նույն բանն անում ես այստեղ՝ պախարակում են»: 2005թ. Դիանան 7-8 պրոֆեսիոնալ պարող ընկերների հետ գնում է Իտալիա՝ Վիարեջո ծովափնյա քաղաք: Նա իր ռեզյումեն ուղարկում է մի քանի նորաձևության կենտրոնների: «3 շաբաթից քասթինգի հրավեր եկավ Հռոմից ու Միլանից: Ես ընտրեցի Միլանը», – ասում է Դիանան:

gexdin13

Դիանայի եղբայրը Գեղամ Խանդիլյանն է` «Որոգայթ»-ի Գոքորը, որ մահացավ ավտովթարից:

Ու մինչ օրս Դիանան աշխատում է Միլանի “Italian talant production” ռեկլամային գործակալությունում: «Այնտեղ արտաքնապես քեզ դարձնում են լրիվ ուրիշ մարդ, – ասում է Դիանան, – կերպարը, որը հիմնականում ներկայացնում եմ, դա գործնական կնոջ կերպարն է, կամ լեդի վամպի (վամպիր)»:
Դիանան ասում է, որ արտաքնապես հեշտ թվացող Ֆոտոմոդելի աշխատանքն իրականում ունի դժվարություններ. «Կարող է քեզ նկարահանեն օդում կախված վանդակի մեջ, ու կարևոր չի ցուրտ է, անձրև կամ փոշի, կամ՝ աչք ծակող լույսերի տակ, որտեղ քեզ րոպեն մեկ գրիմ են անում»: Մերկ նկարահանվելու առաջարկ չի ստացել, եթե ստանա, կմտածի. «Բայց ես էդ մարմնաձևերը չունեմ, դրա համար հարուստ կրծքեր պիտի ունենաս»:

32 տարեկան Դիանան արդեն մտածում է ընտանիք կազմելու մասին: Թե ով կլինի նրա կյանքի ընկերը. դեռ պարզ չէ: «Բայց դա կապ չունի ազգային կամ կրոնական պատկանելության հետ: Ում սիրեմ, նրա հետ էլ կամուսնանամ», – ասում է նա:
Օրերս Դիանան պատրաստվում է մեկնել աշխատավայր՝ Միլան: Նա Հայաստանում է մոտ 2 ամիս, ու եղբոր հետ պատահած ավտովթարի ժամանակ նեցուկ եղավ մորը: «Երբ Գեղամը կար, ես մամայի հարցով հանգիստ էի, որովհետեւ միշտ իրա կողքին էր, – ասում է Դիանան, – բայց հիմա պատասխանատվությունն ավելի է մեծանում»:

Դիանան երազում է Միլանում նորաձեւության կենտրոն ունենալ: Նա ասում է, որ Միլանում և ընդհանրապես Իտալիայում, հայերը սևագործ բանվորությամբ չեն զբաղվում: Իտալիայում բազմաթիվ հայազգի բժիշկներ, նկարիչներ կան: Իսկ սովորական իտալացին հային ճանաչում է Ցեղասպանությամբ ու Ազնավուրով: «Ես ինձ շատ հպարտ եմ զգում, որ երբ ասում եմ հայ եմ, իմ ազգի մասին գովեստի խոսքեր եմ լսում», – ասում է Դիանան:

Դիտվել է 3131 անգամ:
Print Friendly

Leave a Reply