Թմրամիջոցի ապօրինի արտադրամաս Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 23:24
Մայիսի 25-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողները, թմրամիջոցներ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան-Աշտարակ խճուղուց բերման են ենթարկել Երևանի բնակիչներ, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի 3-րդ բաժնի վարիչ, 1973 թ. ծնված Հովհաննես Սիմոնյանին և 1967 թ. ծնված Վահրամ Ռուշանյանին:
Խուզարկությամբ Հ. Սիմոնյանի մոտից հայտնաբերվել է արտասահմանյան ծագման մոտ 8.5 գրամ մարիխուանա թմրամիջոց։
Պարզվել է, որ նա թմրամիջոցը 100.000 դրամով ձեռք է բերել 1979 թ. ծնված Նինելլա Իգիթյանից, որը նույն օրը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ գլխավոր վարչություն։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 2-րդ մասի 2֊րդ կետի և 268 հոդվածի 2֊րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Նինելլա Իգիթյանը 2010 թ. սեպտեմբերից մինչև 2011 թ. մայիսը, պարբերաբար, մոտ 80 գրամ (գրամը՝ 10.000 դրամով) մարիխուանա թմրամիջոցը ձեռք է բերել ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի Ավանի մասնաճյուղի հաշվառման բաժնի պետ, 1976 թ. ծնված Սերգեյ Տոնոյանից:
Ձեռնարկված օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տոնոյանը պատրաստվում է լքել ՀՀ տարածքը, և նա մայիսի 26֊ին, ժամը 18:30-ի սահմաններում, “Զվարթնոց” օդանավակայանի մեկնման սրահից բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։
Պարզվել է նաև, որ Սերգեյ Տոնոյանն իր ընկերների՝ 1961 թ. ծնված Արմեն Մարտիրոսյանի և ԱՄՆ քաղաքացի, 1977 թ. ծնված Սուրեն Խուդավերդյանի հետ Երևանի Պռոշյան փողոցի 18 հասցեում գտնվող առանձնատան նկուղում կազմակերպել է մարիխուանա թմրամիջոցի բույսերի աճեցում և վերամշակում, ապա՝ պատրաստի թմրամիջոցի իրացում, որին 2010 թ. դեկտեմբեր ամսից օժանդակել է Սերգեյ Տոնոյանի եղբայրը՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ օպերլիազոր, 1979 թ. ծնված Ստեփան Տոնոյանը:
Նինելլա Իգիթյանը հայտնել է, որ Սերգեյ Տոնոյանի հետ բնակվել է հիշյալ առանձնատանը, ուր այցելել է նաև Ստեփան Տոնոյանը։ Նա նշել է նաև, որ Ստեփան Տոնոյանը 2010 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին այցելել է իր և Սերգեյ Տոնոյանի վարձակալած Մաշտոցի պողոտայի 45ա շենքի թիվ 9 բնակարան, որտեղ երկու անգամ հյուրասիրելով իրեն՝ իրացրել է մարիխուանա թմրամիջոց, որը գործածել են միասին։
2011 թ. հունվար կամ փետրվար ամսին Նինելլա Իգիթյանը, Ստեփան Տոնոյանը և վերջինիս ընկերուհի ոմն Նելլի գնացել են “Ծղոտներ” կոչվող հյուրանոցային համալիր, որտեղ Ստեփան Տոնոյանը նրանց հյուրասիրել է 4 հաբ էքստազի թմրամիջոց: Օգտագործել են մեկական հաբ, իսկ վերջին հաբը Ն. Իգիթյանն օգտագործել է Ստեփան Տոնոյանի հետ։
Ստեփան և Սերգեյ Տոնոյաններն ու Հովհաննես Սիմոնյանը ձերբակալված են։
Պարզվել է, որ 2011 թ. մայիսի 22-ին նրանք Երևան քաղաքի Պռոշյան 18 հասցեում գտնվող մարիխուանա թմրամիջոցի ապօրինի արտադրամասի պարագաները տեղափոխել են Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքի վարչական տարածքում գտնվող նախկին շնաբուծական տնտեսություն՝ հետագա հանցավոր գործունեությունն այնտեղ շարունակելու նպատակով։
Մայիսի 27-ին խուզարկություններ են կատարվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 18 տանն ու Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի նշված տարածքում։
Պռոշյան փողոցի հիշյալ տան նկուղում հայտնաբերվել է ապամոնտաժված լաբորատորիա։ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղին հարակից հողատարածքում գտնվող նախկին շնաբուծարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ծաղկամաններ, փայտեր, լամպեր, դույլերում՝ կանեփանման զանգվածներ, որոնք առգրավվել և ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Գործով վկա Լևոն Մարտիրոսյանը նշել է, որ 2011 թ. ապրիլից աշխատում է Ստեփան Տոնոյանին պատկանող, իր անվամբ վարձակալած նախկին շնաբուծարանում, որտեղ խնամել է Տոնոյանին պատկանող խոշոր եղջերավոր անասունները: 2011 թ. մայիսի կեսերին Ս. Տոնոյանը զանգահարել է նրան և խնդրել տեղավորել վերոնշյալ իրերը, որոնք, ըստ Տոնոյանի, օգտագործվելու էին ջերմոց պատրաստելիս: Մինչ օրս, սակայն, այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվել:
Մայիսի 28-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, 30.05.11
Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply