Շուրջ 1000 խոտ հնձող ժամանակակից սարքավորումներ դպրոցներին, մանկապարտեզներին և համատիրություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 14:45

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու և կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանումը բացառելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուտով մայրաքաղաքի բանուկ խաչմերուկներում և կանգառներում ամբողջությամբ կավարտվի 60 տեսախցիկների տեղադրման գործընթացը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գործընթացն ավարտելուց հետո սկսել մոնիտորինգի աշխատանքերը և իրականացնել մշտական վերահսկողություն:

Չգործող և ապօրինի կրպակների ապամոնտաժման մասով զեկուցվել է, որ մայիս ամսվա կտրվածքով 11 վարչական շրջաններում իրականացված գույքագրման արդյունքում գրանցվել է նմանատիպ 636 կրպակ: Առաջիկայում գույքագրման աշխատանքները կավարտվեն նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացը:

Քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների ու համաբուժարանների վերանորոգման ու բժշկական սարքավորումների արդիականացման մասով, Կարեն Կարապետյանը հանձնարարել է մշակել և պոտենցիալ ներդրողների ներկայացնել համապատասխան ներդումային առաջարկներ:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով, Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից շուրջ 1000 խոտհնձող ժամանակակից սարքավորումներ կտրվեն դպրոցներին, մանկապարտեզներին և համատիրություններին: Քաղաքապետը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել նաև մայրաքաղաքը համակարգված, մասնագիտորեն հիմնավորված և Երևանին բնորոշ յուրօրինակ դիզայնով կանաչապատելու խնդրին:

Մայրաքաղաքն առավել գրավիչ դարձնելու և ընդհանուր երևանյան միջավայրը փոխելու նպատակով, պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման վերաբերյալ  ներկայացնել առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը մասնավորապես կարևորել է ` կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակություն ունեցող շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման, կանաչապատման, շենքերի բարեկարգման և լվացման, ինչպես նաև մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների իրականացումը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply