Ֆոբիաներ. «պահարանի մեջ թաքնված կախարդը դեռ սպառնում է» 30-ամյա երիտասարդին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 22, 2009 15:20
fobia

Ֆոբիան րոպեական թուլություն չէ, ոչ էլ կամքի թուլության նշան, քանի որ նրա հիմքում ընկած է կույր կենդանական վախ:

Անժելան տասնութ տարեկանում ամեն կերպ խուսափում էր տրանսպորտ նստել և աշխատում էր հնարավորինս ոտքով քայլել: Ոչ, պատճառն այն չէր, թե նա ուզում էր քայլելով մարզվել: Նույնիսկ երթուղայինների տեսքը նրա մոտ մի անհասկանալի, անբացատրելի վախ էր առաջացնում, իսկ երթուղայինում գտնվելն, իր խոսքերով, անհաղթահարելի փորձություն էր:
Անժելան տրանսպորտային ֆոբիա ուներ` վախի ծայրահեղ վիճակ:

Վախը բնորոշ է բոլոր մարդկանց և կենդանի արարածներին՝ այն ստիպելով զգույշ լինել ու խուսափել վտանգներից: Սակայն երբեմն վախը կարող է վերածվել ֆոբիայի (հունարեն «ֆոբոս» բառից, որը նշանակում է «վախ»), այսինքն, ինչ-որ բանի հանդեպ մշտական, ոչ ռացիոնալ, չկառավարվող և հիվանդագին վախի զգացման, որը, ի տարբերություն «սովորական» վախի, ինքնապահպանման բնազդի մաս չի հանդիսանում և խանգարում է առօրյա կյանքում:

Ժամանակակից հոգեբանությունը և հոգեբուժությունը տարբերում են երեք տեսակի ֆոբիաներ՝ սոցիալ (շրջապատի մարդկանց հետ կապված վախեր. օրինակ՝ վախ մարդկանց դիմաց ելույթ ունենալուց կամ մարդկանց հետ շփվելուց), ինչ-որ կոնկրետ առարկաների հետ կապված ֆոբիաներ (նման մարդիկ կարող են վախենալ ինչ-որ հիվանդությամբ վարակվելուց, ծաղրածուներից, շներից կամ ինչ-որ այլ բաներից) և ագորաֆոբիա (տանից կամ այլ «ապահով» տեղից դուրս գալու վախ):

Հոգեբան Դավիթ Գալստյանն ասում է, որ ֆոբիաներին ավելի հակված են տպավորվող, ինքնամփոփ մարդիկ, որոնք վառ երեւակայություն ունեն և հաճախ են միայնակ մնում: Իսկ սոցիալիզացված, շատ շփվող, գործնական մարդկանց մոտ ֆոբիաներն ավելի հազվադեպ են հանդիպում: Ֆոբիաներից զերծ մնալու համար հոգեբանը խորհուրդ է տալիս շատ գրքեր կարդալ, անընդհատ զարգացնել մտահորիզոնը և ինտելեկտը, որ հասկանան, թե ինչից պետք չի վախենալ:

«Mind» հոգեկան առողջությունը պաշտպանող բարեգործական կազմակերպության տվյալներով` ողջ աշխարհում մոտ 10 մլն. մարդ տառապում է տարբեր տեսակի ֆոբիաներով: Ամենամեծ տարածումն ունեն մթությունից, բարձրությունից, փակ կամ բաց տարածքներից վախերը: Հայ երեխաների մոտ հաճախ է հանդիպում նաև ծաղրածուների և շների հանդեպ ֆոբիաներ: Երբեմն կարելի է լսել ավելի օրիգինալ ֆոբիաների մասին. օրինակ` ոմանք վախենում են փուչիկներից, հազվադեպ հանդիպող կենդանիներից, ինչ-որ երկրի մշակույթից, Հռոմի Պապից և այլն: Երթուղային տրանսպորտից վախն Անժելայի միակ ֆոբիան չէր: Նա ոչ պակաս վախենում էր մետրոյից, բարձր ձայներից և մթությունից, բայց այս մյուսներն առաջացել էին տրանսպորտից վախը չհաղթահարելու հետեւանքով:

Ֆոբիան րոպեական թուլություն չէ, ոչ էլ կամքի թուլության նշան,, քանի որ նրա հիմքում ընկած է կույր կենդանական վախ, և թեկուզ տրամաբանորեն մարդը հաճախ գիտակցում է, որ իր վախերն անհիմն են, բայց, երբ ֆոբիան գլուխ է բարձրացնում, նա ոչինչ իր հետ չի կարողանում անել:
«Երեք տարի շարունակ չէի կարողանում տրանսպորտ նստել, ընկերներս ոչ մի կերպ չէին կարող ինձ ստիպել մետրոյին նույնիսկ մոտ գալ, իսկ եթե գիշերը լսում էի հրավառության կամ թռչող ինքնաթիռի, կամ ինչ-որ այլ բարձր ձայն, մի անկառավարելի վախ էր սկսվում մոտս` դողում էի, մինչև առավոտ չէի կարողանում ուշքի գալ, իսկ քնելու մասին խոսք էլ լինել չէր կարող, -պատմում է Անժելան …- Իհարկե’, հասկանում ես, որ նման վախերը հիմարություն են, բայց հենց այդ րոպեին վախը բանականությունից ուժեղ է լինում»:

Գալստյանն ասում է, որ ֆոբիաների առաջացման պատճառները դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չեն: Ֆոբիաները` որպես կանոն, սկսում են ձևավորվել դեռահաս տարիքում, քանի որ երեխաները, շատ երևույթներին չկարողանալով բացատրություն տալ, վախենում են դրանցից: Երբեմն նման վախերը մնում են մարդկանց մոտ և մեծ տարիքում, արդեն անկախ նրանց գիտելիքներից ու գիտակցությունից: Գալստյանը պատմում է, որ իր մի հիվանդը փոքր հասակում վախեցել է զգեստապահարանից, քանի որ վստահ է եղել, որ այնտեղից կարող է չար կախարդ դուրս գալ: Հիմա նա 30 տարեկան է, բայց միևնույնն է վախենում է զգեստապահարանի մոտ քնելուց:

Հանդիպում են նաեւ մեծ տարիքում ձեռք բերված ֆոբիաներ, որոնք առաջանում են ինչ-որ ապրումների, սթրեսների հետևանքով:
Անժելայի ֆոբիաներն առաջացան ավտովթարից, որից հետո տրանսպորտ նստելիս նրա մոտ սկզբում տհաճ զգացողություններ էին առաջանում, քանի որ վերհիշում էր ապրածն ու վախենում էր կրկնվելուց: Հետո վախը սկսեց ավելի ու ավելի ուժեղանալ, ու նա սկսեց ուժեղ վախի զգացում ապրել, նույնիսկ երբ նայում էր երթուղայիններին:

Ֆոբիայի առաջացման պատճառ կարող են լինել ոչ միայն անձնական ապրումներն, այլև հասարակական խնդիրները, որոնց պատճառով մարդը կորցնում է իր վստահությունը վաղվա օրվա նկատմամբ և իրեն անպաշտպան է զգում:

Գալստյանն ասում է, որ ֆոբիաները ոչ միայն խանգարում են ամենօրյա կյանքին, այլեւ կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը. «Ֆոբիաները կարող են ունենալ լուրջ հետևանքներ` իմունալ համակարգի խանգարումների պատճառ դառնալ, շաքար առաջացնել: Տղամարդկանց մոտ ֆոբիաների հետևանքով կարող են էրեկցիայի հետ խնդիրներ առաջանալ, կանանց մոտ՝ չբերություն»,:
Ֆոբիան կարելի է համեմատաբար հեշտորեն հաղթահարել սկզբնական շրջանում, իսկ ժամանակի ընթացքում, երբ այն արմատավորվում է, կարող է առաջացնել նոր, ավելի հիվանդագին ֆոբիաներ:
Երեք տարի շարունակ Անժելան ապրում էր իր ֆոբիաների հետ: Քսանմեկ տարեկանում նա կարողացավ ինքնուրույն հաղթահարել իր վախերը: Առաջին քայլը վախի հետևանքով առաջացած զգացմունքներից ազատվելն էր.

«Երբ գիշերն արթնանում էի ինչ-որ ձայներից, միացնում էի սենյակիս լույսը և սկսում էի գիրք կարդալ, – պատմում է Անժելան, – սկզբում չէր ստացվում կենտրոնանալ, հետո կամաց-կամաց սովորեցի ուշադրությունս շեղել վախի զգացումից, և ժամանակի ընթացքում դողը և տհաճ զգացողությունները սկսեցին քչանալ, հետո համարյա անցան: Տրանսպորտում նույնպես աշխատում էի ինչ-որ բանով զբաղեցնել մտքերս»:
Հոգեբան Գալստյանը խորհուրդ է տալիս ֆոբիայի գլուխ բարձրացնելու պահին չկենտրոնանալ վախի վրա և ուշադրությունը շեղել դեպի դրական մտքեր և էմոցիաներ: «Թեկուզ դա սկզբում դժվարությամբ կհաջողվի, բայց պետք է այդ րոպեին մտածել դրական բաների մասին, կենտրոնանալ դրական հիշողությունների վրա»:

Հոգեբանը սխալ է համարում ժողովրդի մեջ տարածված «վախը հաղթահարելու» մեթոդները, որոնցից մեկի համաձայն, օրինակ, բարձրությունից վախեցող մարդկանց երբեմն խորհուրդ են տալիս կամ ստիպում են բարձր տեղերում հաճախ կանգնել՝ իբրև որ վախն անցնի: «Նման բաներ ոչ մի դեպքում անել չի կարելի, քանի որ այդ պահերին տագնապայնությունը մեծանում է, և մարդու ֆոբիան կարող է միայն ավելի ուժեղանալ և խորանալ»:

Գալստյանն ասում է, որ ֆոբիաները երբեմն հնարավոր է հաղթահարել պատահաբար կամ կամքի ուժով, սակայն խորհուրդ չի տրվում փորձել ինքնուրույն ազատվել ֆոբիաներից, քանի որ սխալ քայլերը կարող են մարդուն լուրջ վնաս հասցնել: Նա ասում է, որ ֆոբիայի բուժմամբ պետք է զբաղվի հոգեբանը, և միայն հոգեբանը կարող է ասել, թե ինչպես հաղթահարել կոնկրետ ֆոբիան: Բուժման ունիվերսալ միջոց գոյություն չունի, քանի որ ֆոբիաները շատ տարբեր են, և ամեն մարդու մոտ տարբեր ձևերով են արտահայտվում, այս պատճառով էլ ամեն մի դեպք պահանջում է անհատական մոտեցում:

Այսուհանդերձ, մինչև բժշկին դիմելու որոշում ընդունելը հոգեբանը ֆոբիաներով տառապող մարդկանց խորհուրդ է տալիս անել հետևյալ թեստ-վարժությունը, որն անշուշտ կարող է թեթևացնել նրանց վիճակը և նույնիսկ ազատել անիմաստ վախերից. օրը երկու անգամ, տանը միայնակ լինելով, մեջքը ուղիղ՝ աթոռին նստած, բարձրաձայն պատմել ինքնակենսագրությունը՝ հատկապես սիրած և չսիրած բաները: «Այս վարժությունը գիտակցական մակարդակ է դուրս բերում մարդու թաքնված վախերը և ֆոբիաները», – ասում է Գալստյանը:

Դիտվել է 3580 անգամ:
Print Friendly

Leave a Reply