Հանրապետության օրվան նվիրված միջոցառում և պատարագ Նորվեգիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 30, 2011 14:42

Նորվեգիայում Հայկական Մշակութային Միության նախաձեռնությամբ Օսլոյի եւ հարակից շրջանների հայերը հավաքվել էին Ասկեր քաղաքի եկեղեցում` մասնակցելու Հանրապետության օրվան նվիրված տոնախմբությանը եւ պատարագին:

Միջոցառումը բացվեց oրվա խորհրդին նվիրված խոսքերով, որից հետո սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Արժ. Տեր Սարգիս քահանա Մելքոնեանը: Պատարագի վերջում Տեր Սարգիսը նաեւ կատարեց առաջին հանրապետության եւ Հայաստանի ազատության համար մղված մարտերում զոհվածների հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն` ավարտելով այն քարոզով: Այնուհետեւ Հայկական Մշակութային Միության խորհուրդը եւ կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի, վաստակավոր մանկավարժ տիկին Աշխեն Մովսիսյանը հանդիսավոր կերպով հավաստագրեր հանձնեցին հայկական կիրակնօրյա դասընթացներն ավարտած երեխաներին, որին հաջորդեց ընթրիքը:

Օրվա միջոցառումների ավարտին Տեր Սարգսի կողմից հրավիրվեց Նորվեգիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրման եւ կազմակերպման նախապատրաստական խորհրդակցական ժողով։ Քննարկվեցին եկեղեցու գրանցման, հիմադրման եւ ծխական համայնքի ստեղծման ու անդամության հարցեր, ընտրվեցին կամավորներ` եկեղեցու հետագա ծրագրերի իրականացմանհամար:

Հայր Սարգիսը Նորվեգիայում է գտնվում պաշտոնական այցով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Հայկազուն Ծայրագույն վարդապետ Նաճարեանի հրահանգով` Նորվեգիայում, Դանիայում եւ Ֆինլադիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական գրանցման, ինչպես նաեւ ծխական համայնքեր ստեղծելու առաքելության շրջանակներում: Այցի ընթացքում Հայր Սարգիսը հանդիպումներ կունենա նաեւ Նորվեգիայի իշխանությունների և քրիստոնեական խորհրդի ներկայացուցիչների հետ հիմնադրման հարցեր քննարկելու, ինչպես նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Նորվեգիայի քրիստոնյա համայնքների միջեւ էկումենիկ հարաբերությունների ստեղծման նպատակով:

Էրիկ Գրիգորյան

30 մայիս, 2011 թ

Դիտվել է 2062 անգամ:
Print Friendly

Leave a Reply