Ադրբեջանական ապատեղեկատվության հայկական հակահարվածը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | June 4, 2009 15:40

ej-2Ինտերնետում հակահայկական տեղեկատվություն և ապատեղեկատվություն հանդիպելու դեպքում կարող եք դիմել hotline@iprc.am էլեկտրոնային թեժ գիծ. այն ստեղծվել է մայիսի 13-ին` նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ:

«Թեժ գծի մասին ինֆորմացիան տարածելուց հետո նույն օրվա ընթացքում ահազանգ ստացանք հակահայկական բովանդակությամբ կայքերի մասին, որոնց մեծ մասն ադրբեջանական են»,-ասում է թեժ գծի պատասխանատու Հասմիկ Բուդաղյանը` հավելելով, որ ապատեղեկատվություն տարածող կայքերը մեծամասամբ ադրբեջանական են:

Թեժ գծի գործունեության 23 օրերի ընթացքում արդեն գրանցվել է մոտ 150 ահազանգ: «Հաճախ դիմում են սփյուռքից, ներկայացնում տարածված ապատեղեկատվությունը և առաջարկում դրա հակափաստարկը անգլերենով կամ ռուսերենով իրենց տրամադրել, որպեսզի այն տարածեն համացանցում»,-ասում է Բուդաղյանը. նամակագիրներից մեկը պատրաստակամություն է հայտնել թուրք-ադրբեջանական ապատեղեկատվությանն ի պատասխան` հայկական կողմի հակափաստարկները տարածել Ամերիկյան հեղինակավոր www.huliq.com կայքում:

Բուդաղյանը նշում է, որ թեժ գծի գործունեության արդյունավետությունն ակնհայտ կլինի, երբ որոնող համակարգերում Հայաստանին վերաբերող տեղեկատվություններ փնտրելիս առաջին էջում մեծամասամբ լինեն հայկական` իրական, փաստերի վրա հիմնված աղբյուրները:

«Ադրբեջանցիների տարածած ապատեղեկատվությունը, որպես կանոն, մակերեսային է լինում, ոչ համոզիչ,- ասում է Բուդաղյանը,-Մինչդեռ հայկական կողմի հակափաստարկները հիմնավորված են»:

Ըստ Բուդաղյանի` առաջիկայում թեժ գծի մեկամսյա գործունեության ընթացքում ստացած ահազանգերը և ինֆորմացիան վերլուծելուց հետո գործընկեր կազմակերպությունների (հկ-ներ, լրատվամիջոցներ, այլ շահագրգիռ կազմակերպություններ) հետ կքննարկեն, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել այդ ուղղությամբ:

Դիտվել է 1532 անգամ:
Print Friendly

Leave a Reply