Շուրջ 200 ուսանող կրթություն է ստանում արտերկրում
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 30, 2011 10:44
Միջպետական համաձայնագրերի շրջանակներում 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում մոտ 200 ուսանող մեկնել է արտերկիր` կրթություն ստանալու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը, հայ ուսանողները նախընտրում են տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, ՏՏ ֆակուլտետները: Նշենք, որ այն ուսանողները, ովքեր նախընտրում են ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության միջպետական համաձայնագրերի շրջանակներում կրթություն ստանալ արտերկրում, պետք է պայմանագիր կնքեն նախարարության հետ: Պայմանագրի հիմնական կետերից մեկը կրթությունն ավարտելուց հետո հայրենիք վերադառնալն է: «Չվերադառնալու դեպքեր դեռ չեն եղել»,-նշեց Վ. Գրիգորյանը: Հայ ուսանողները նաեւ պարտավոր են իրենց գրանցած առաջադիմության մասին տվյալներ հայտնել, հաջորդ փուլ տեղափոխվելու մասին փաստաթուղթ ներկայացնել, հարգել այն երկրի օրենսդրությունը, որտեղ սովորում են: Եթե հայ ուսանողները վճարովի համակարգով են ընդունվում, ապա նախարարությունը չի ֆինանսավորում:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրեր ունի Ռուսաստանի, Չինաստանի, Բուլղարիայի, Սիրիայի, Իրանի ու այլ երկրների համալսարանների հետ:
Նախարարության ներկայացուցչի խոսքով’ ուսանողները կարող են մեկ տարով մեկնել սովորելու, իսկ հաջորդ տարի վերադառնալ եւ իրենց ուսումը շարունակել Հայաստանում: Վ. Գրիգորյանը նշեց, որ չի կարող ասել, թե հայ ուսանողներն ավելի շատ բակալավրի, թե մագիստրոսական կրթություն ստանալու ցանկություն ունեն: «Դա մեզնից կախված չէ, քանի որ ամեն երկիր ինքն է տալիս տվյալներ, թե քանի բակալավրի, մագիստրոսական կամ ասպիրանտական տեղեր ունի»,- նշեց նա:
Բաժնի պետը ներկայացրեց այն կարգը, որով ընթանում է մրցույթը: «ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ»,- շեշտեց նա: Ուսանողները մանրամասներին կարող են ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքէջում: Ընդ որում’ Վ. Գրիգորյանը նշեց, որ 2011-2012 ուսումնական տարվա համար արդեն ստացվել է 150-200 դիմում:






Facebook
Tweet This
Email This Post
