Լույս տեսավ Միքայել Արամյանցին նվիրված առաջին մենագրությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 29, 2011 13:56

«Միքայել Արամյանց». ահա այսպես էլ կոչվում է հայ մեծանուն բարեգործ, գործարար Միքայել Արամյանցին նվիրված առաջին մենագրությունը: Հեղինակը` երիտասարդ պատմաբան Վահե Անթանեսյանը, փորձել է բացահայտել Արամյանցի կյանքի և գործունեության խրթին, մինչ այժմ չլուսաբանված էջերը: Գրքի համար տեղեկություններ հավաքելու նպատակով հեղինակն այցելել է Արամյանցի կյանքի և գործունեության գլխավոր քաղաք` Թբիլիսի, նրա ծննդավայր` Արցախի Քյաթուկ գյուղ, ուսումնասիրել հայ-վրացական արխիվները, հավաքել բազմաթիվ տեղեկություններ, ձեռք բերել Արամյանցին պատկանող անձնական իրեր:

Գրքի շնորհանդեսը կայացավ  մայիսի 28-ին` «Արարատ Հոլ» ռեստորանում, որտեղ մի խումբ գրականագետներ, պատմաբաններ և հյուրեր շնորհավորեցին հեղինակին` արժեքավոր գրքի լույս ընծայման առթիվ:

Ինչպես նշեց ներկաներից մեկը, Արամյանցի կյանքի և գործունեության լուսաբանումը շատ արդիական է և ուսուցողական` հատկապես ժամանակակից հայ մեծահարուստների համար. Միքայել Արամյանցի բարեգործություններն անթիվ են եղել, նրա կապիտալը ծառայել է  ժողովրդին, և դա է պատճառը, որ գրեթե երկու հարյուրամյակ անց նրան կրկին հիշում ու մեծարում են:

Վահե Անթանեսյանը պատմաբան միջազգայնագետ է: Սա նրա երկրորդ գիրքն է («Նեղոց. Պատմություն և բանահյուսություն» 2010): Հեղինակը զբաղվում է բանահավաքչությամբ, Հայաստանի պատմության առանձին հարցերի լուսաբանմամբ: Հանրապետական մամուլում տպագրել է տասնյակ վերլուծական, հրապարակախոսական հոդվածներ: Վահե Անթանեսյանն այժմ աշխատակցում է նաև «Անկախ» շաբաթաթերթին:

«Միքայել Արամյանց»գիրքը կարող եք ձեռք բերել Երևանի գրախանութներից:

Արամյանցի մասին կարդացեք. «Ո՞վ է Միքայել Արամյանցը. երիտասարդ պատմաբանը փորձում է մոռացումից հանել մեծ հայի թողած ժառանգությունը»

 

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply