Հասարակայնությունը համաձայն չէ անտառային սեկտորում Համաշխարհային բանկի վարած քաղաքականության հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 28, 2011 15:42

Համաշխարհային բանկը տեղեկատվություն տարածեց հասարակայնության հետ ENPI-FLEG ծրագրի ներկայացուցիչների` ապրիլի 12-ի հանդիպման արդյունքների վերաբերյալ: Սոցիալական ցանցերում ի հայտ եկան մասնակիցների արձագանքները, որոնք վկայում են այն մասին, որ տեղեկատվությունը չի արտացոլում Հայաստանի անտառային սեկտորի վերաբերյալ Համաշխարհային բանկի վարած քաղաքականության վերաբերյալ հասարակայնության արտահայտած դիրքորոշումը:

ENPI-FLEG միջազգային ծրագիրն ուղղված է անօրինական հատումների դեմ պայքարին եւ անտառային ոլորտում բարեփոխումների անցկացմանը, եւ իրականացվում է 6 երկրներում, այդ թվում եւ Հայաստանում: ENPI-FLEG ծրագրի գործընկերներն են` Համաշխարհային բանկը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN), Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF):

Հանդիպումը կայացավ հասարակայնության խնդրանքով: Մասնակցեցին ENPI-FLEG-ի տարածաշրջանային տնօրեն Էնդրյու Միտչելլը, Համաշխարհային բանկի խորհրդատու Նիլս Յունգեն, Հայաստանում Համաշխարհային բանկից ENPI-FLEG-ի համակարգող Արտավազդ Հակոբյանը, ինչպես նաեւ հասարակայնության ներկայացուցիչներ` Նազելի Վարդանյանը («Հայաստանի անտառներ» ՀԿ), Հակոբ Սանասարյանը (Հայաստանի կանաչների միություն), Աիդա Իսկոյանը (Էկոլոգիական իրավունքի կենտրոն), Դոլորես Կապանցյանը («Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա), Հասմիկ Ասլանյանը («Շողեր» ասոցիացիա), Գոհար Ղազինյանը (ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակ), երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, Ինգա Զարաֆյանը («ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ):

Հասարակայնության եւ Համաշխարհային բանկի դիրքորոշումների գլխավոր հակասությունն այն է, որ Համաշխարհային բանկին հուզում է բացառապես անօրինական հատումների խնդիրը եւ հարկերից անտառօգտագործման միջոցների թաքցնելը: Դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում է Համաշխարհային բանկը, եթե հարկերից թաքցված անտառահատումների ծավալը հասցվի իրական ծավալի, ապա խնդիրը կլուծվի:

Հասարակայնությունն էլ կարծում է, որ գլխավոր խնդիրը անտառների ոչնչացումը չթույլատրելն է, որոնք Հայաստանում բացառապես պաշտպանիչ գործառույթ են իրականացնում եւ արդյունաբերական նշանակության անտառներ չեն: Հետեւաբար, հարկավոր է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան հաշվի առնել մարդկանց պահանջմունքները, որոնք ստիպված օգտվում են անտառօց որպես վառելանյութից, բայց թույլ չտալ անտառի ոչնչացումը բիզնեսի նպատակների համար:

Հակոբ Սանասարյանը կարծիք հայտնեց, որ խնդիրը, որը կենտրոնացել է հատումների օրինականացման վրա, արհեստական է եւ չի արտացոլում իրական խնդիրը` անտառի պաշտպանությունը: «Դուք միլիոնավոր դոլլարներ եք տալիս Ընդերքի մասին նոր օրենսգրքի ստեղծման համար, բայց այդ գումարները գնում են ի վնաս անտառի, քանի որ նոր օրենսգրքում անտառային հողերն առանց դժվարությունների կարող են տրվել հանքարդյունաբերությանը: Դա միեւնույն ձեռքն է, որը մեծացնում է հատումները եւ քչացնում է անտառային տարածքները»:

Նազելի Վարդանյանը բարձրացրեց կայուն անտառօգտագործման իրական մեխանիզմների հարցը: «Արդեն 10 տարի է, ինչ գիտենք, թե ինչպես է պետք այդ խնդիրները լուծել: Մենք ընդունել ենք Անտառային քաղաքականություն եւ ռազմավարություն, Անտառների վերաբերյալ ազգային ծրագիր, Անտառային օրենսգիրք, առաջարկություններ արեցինք ներկրվող եւ արտահանվող փայտի մաքսավճարների փոփոխության վերաբերյալ, բայց փաստաթղթերը չեն աշխատում, առաջարկությունները չեն ընդունվում: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր կողմից ընդունված փաստաթղթերը գործեն»:

Գոհար Ղազինյանը նշեց, որ անհրաժեշտ է անցկացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Բնական ռեսուրսների կառավարում եւ աղքատության նվազում» վարկային ծրագրի մոնիտորինգ, որի համաձայն ընդունվել են անտառային տարածքների, այդ թվում նաեւ հատուկ պահպանվող տարածքների` «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի մենեջմենթ պլանները:

Մարիամ Սուխուդյանը հարց բարձրացրեց Անտառային մոնիտորինգի կենտրոնի գործունեության մասին: «Մենք կենտրոնի հետ Գուգարքում ստուգումներ անցկացրեցինք եւ հայտնաբերեցինք 200-ից ավելի անօրինական հատված ծառ: Բայց կենտրոնի տեղի աշխատակիցները ոստիկանության հետ մեզ վրա ճնշում գործադրեցին, որպեսզի մենք չհայտարարենք այդ թվերը»: Ի պատասխան Արտավազդ Հակոբյանն ասաց, որ իրենց զբաղեցրած պաշտոններից մարդիկ են ազատվել, եւ որ մոնիտորինգի դաշտային խմբերը բաց են թողնվել:

Էնդրյու Միտչելլի խոսքերով` հասարակայնության մասնակցությունը ցուցանիշն է այն բանի, թե ինչպես պետք է պայքարել անօրինական հատումների դեմ: Այդ կապակցությամբ Գոհար Ղազինյանը նկատեց. «Ստացվում է, որ պետական ծառայությունները չեն կարողանում պայքարել, եւ նրանց փոխարեն դա պետք է անեն ակտիվիստները»: Էնդրյու Միտչելն ընդգծեց, որ շատ երկրներում է նման իրավիճակ, եւ պետք է աստիճանաբար լավացնել իրավիճակը:

Հասարակայնությանը չի գոհացնում այն, որ Համաշխարհային բանկը շրջակա միջավայրը դիտում է որպես պոտենցիալ ռեսուրս: Էնդրյու Միտչելը նշեց. «Մենք գործում ենք այնպես, որպեսզի ունենանք անտառների կայուն կառավարում: Հնարավոր չէ, որպեսզի մենք հետապնդենք այլ քաղաքականություն, եթե դա կայուն կառավարում չէ: Եւ մեզ հետաքրքիր է, թե կան այնպիսի խնդիրներ, որոնք նպաստում են անօրինական հատումների ոչ կայուն կառավարմանը»:

Իսկ խնդիրներ, անխոս, կան: Անօրինական հատումների դեմ պայքարը ձեռք է բերում տարօրինակ բնույթ: Մի կողմից խստացվում են պատժիչ միջոցառումները: Տուգանքների չափերն այնպիսին են, որ անտառապետը, ով պատասխանատու է անտառի պահպանման համար, կարող է մի քանի հատված ծառի համար զրկվել տարեկան աշխատավարձից, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի տակ ընկնել: Մյուս կողմից կառավարությունն ամեն տարի կրճատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  բյուջետային ֆինանսավորումը, եւ «Հայանտառ»-ն իր գոյությունը պահպանում է անտառի վաճառքի հաշվին:

Էկոլուր

 

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply