Վերջ տվեք բողոքելուն, դա Ձեզ չի օգնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | May 28, 2011 14:38

Ախր նա անընդհատ, ամենուր, ամեն ինչից բողոքում է… Կյանքը դաժան է, երկիրը` անարդար, շատ փող ունեցողները հանցագործ են, փող չունեցողները` խղճուկ, իշխանություն ձեռք բերածները անգետ են, իշխանությունից զրկվածները` ապուշ, ընկերությունը, որտեղ ինքը աշխատում է, մանկապարտեզ է, իր ղեկավարը` վարսավիր, գործընկերները շողոքորթ են, իսկ բաժնի պետը (այստեղ դեմքը հատկապես պայծառանում է)` տնօրենի սիրուհին:

Իսկ ինքը՞: Դե ինքն էլ ինչ, ինչպես միշտ էլի, հերոս է, միակը իր տեսակի մեջ: Ափսոս որ երկրորդ աշխարհամարտի տարիներին չկար, հաստատ մարշալ պիտի դառնար, այ եթե 20-րդ դարի սկզբին ծնված լիներ, նավթահորերը հաստատ Ռոկֆելլերի ձեռքը չէր ընկնի: Ո՞վ է նա, այդ Ռոկֆելլերը, նա՞ չի, որ ձիագող հայր է ունեցել, նրանից ի՞նչ մոնոպոլիստ, ուղղակի բախտը բերել է: Այ եթե ինքը… ու այսպես շարունակ:

Կարծում եք չափազանցացնու՞մ եմ:

Հնարավոր է)): Բայց դա էությունը չի փոխում:

Բողոքելը թուլության, տարաբնույթ կոմպլեքսների արտաքին դրսևորումն է: Չափի մեջ այն դեռ կարող է միայն անհանգստություն պատճառել դիմացինին, երբեմն նաև տհաճություն, վախի զգացողություն: Կրկնակի, եռակի դոզաներում նրա հետևանքը մեկն է` արհամարանք բողոքողի բառերի ու նրա անձի հանդեոպ, արհամարանք այն ամենի հանդեպ, ինչ նա ունի և նույնիսկ նրա հանդեպ, ինչ երազում է ունենալ: Չգիտեմ, այդ արհամարանքի առաջացումը գիտակցված մտավոր պրոցեսի, թե ենթագիտակցության “աշխատանքի” արդյունք է, սակայն որ այն առաջանում է, դա կասկածից վեր է:

Իսկ մի բան հարցնեմ. Տեսած կա՞ք, թե ինչպես են զրուցում երկու անդադրում բողոքողներ: Այ թե պատկեր է)): Նրանց մենակ թողեք և մի 10 րոպեից կունենաք իրար հանդեպ մահացու ատելություն տածող երկու արարածներ: Ինչու՞: Գլխի չե՞ք ընկնում:

Ինչու՞ Microsoft-ն ու Oracle-ը, ի դեմս Բիլ Գեյթսի և Լարրի Էլլիսոնի, թշնամիներ են, անընդհատ իրար դեմ պատերազմում են: Պատասխանը հարթության վրա է… Ծրագրային ապահովման ոլորտում մոնոպոլիայի համար: Իսկ ինչու՞ են թշնամանում երկու բողոքողներ:Բողոքելու ոլորտում մոնոպոլիայի համար, ահա թե ինչու: Նրանցից ոչ մեկը չի կարողացել մյուսին “հասկացնել”, որ իր բողոքը ավելի կարևոր է, ավելի “բողոքելի” և քանի որ զրուցակիցներից ամեն մեկը սեփական էշն էր քշում, նրանցից և ոչ մեկը չի կարողացել ինչպես հարկն է լիցքաթափվել, ավելի ճիշտ բողոքաթափվել, ու այդ ֆոնի վրա էլ ծագում է թշնամանքը:

Խնդրում եմ, անընդհատ մի´ բողոքեք: Հերի´ք է: Թող չթվա, թե դա միայն ձեր համար եմ ասում, ոչ, ասում եմ նաև իմ համար:

Բողոքելը վարակիչ է: Երբ ինչ-որ բան չի ստացվում, պետք է նորից փորձել, անընդհատ փորձել, մինչև վերջնական հաջողության չհասնես: Դա իմ սկզբունքն է, իմ կենսակերպը: Չհանձնվել, մշտապես գործել, առաջ շարժվել, հաղթահարել ամեն խոչընդոտ: Բոլորս էլ գիտենք, որ դա դժվար է, մտքի, մարմնի մշտական լարվածություն է պահանջում: Եվ կա վտանգ, որ շուրջբոլորը հանդիպելով անդադրում բողոքողների, որոնք կյանքի մատուցած ամեն մի փորձություն հաղթահարելու փոխարեն այն անիծում, ամեն կողմից քարկոծում ու անհաջողության համար մեղավորներ են հայտնաբերում, որոնց մեջ իրենք միանշանակ չկան, ես ևս կարող եմ դրանով վարակվել և գործելու փոխարեն այդ հեշտ ճանապարհը բռնել` բողոքել, բողոքել, բողոքել: Չէ՞ որ դա այնպես հարմար է թվում…

Եկեք մեր հասարակությունը վեր չածենք միայն լեզվին զոռ տվող ապիկար էակների հավաքածուի, մենք, մեր երեխաները այստեղ պիտի ապրենք: Հաջողությունը լեզվի ծայրին չէ, այն մեր ուղեղում է, բազուկներում և մեր գործերում:

Դուք կարող եք հռետոր լինել և կարող եք արարող լինել: Լավ մտածեք, հազիվ թե Կիկերոնի դափնիները ձեզ բաժին հասնեն (Հին Հռոմը վաղուց չկա), գուցե թողնե՞նք այդ հիմարությունները և գործով զբաղվենք, հը՞:

 

աղբյուրը myway.am

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply