Մրցույթ. «Ես գիտեմ իմ իրավունքները»
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | May 28, 2011 13:29
Երեխաներին իրենց իրավունքների մասին տեղեկացնելու և երեխաների պաշտպանության խնդրին հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթ՝ նվիրված Երեխաների միջազգային օրվան։
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների աշակերտները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով։
Տեսանյութերը պետք է լինեն flv, mpg, mpeg, avi, mp4 ձևաչափերից որևէ մեկով, 3-7 րոպե տևողությամբ, 320×240, 640×480, 720×480 կամ 720×576 լուծաչափով։
Մրցույթն անցկացվում է երկու անվանակարգերում.
1. Լավագույն տեսանյութ (լրագրողական աշխատանք–տեսաֆիլմ կամ հարցազրույցների և ակնարկների շարք)
2. Լավագույն շնորհանդես–տեսաշար (Ms. PowerPoint ծրագրով ստեղծված և տեսաշար դարձրած աշխատանք)
Մրցութային աշխատանքները կարելի է ուղարկել էլեկտրոնային փոստով` vahe@ktak.am հասցեով, կամ հանձնել (փոխանցել) Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն՝ նշելով տեսանյութի անվանումը, հեղինակի անուն–ազգանունը, տարիքը, ուսումնական հաստատության անվանումը և բնակության վայրը։ Կից պետք է ուղարկել նաև մեկնաբանություն տեսանյութի մասին։ Խմբով ներկայացնելու դեպքում պետք է նշվի խմբի անունը և խմբի անդամների տվյալները (այն տեսքով, ինչ անհատների դեպքում)։
Մրցույթի մանրամասները պարզաբանելու և խորհրդատվություն տրամադրելու նպատակով «Հայկական կրթական միջավայր» ֆորումում ստեղծվել է «Ես գիտեմ իմ իրավունքները» թեման։
Տեսանյութերն ուղարկելու (հանձնելու) վերջնաժամկետը հունիսի 10–ն է։
Մրցույթի հանձնաժողովը հունիսի 11-20–ը կամփոփի և հունիսի վերջին կհրապարակի մրցույթի արդյունքները։
Լավագույն աշխատանքները կտեղադրվեն համացանցում։






Facebook
Tweet This
Email This Post
