Լեռնային Ղարաբաղը շատ հստակ վճռական հասկանում է, որ վերջ ի վերջո կարողանալու է իր վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ վերականգնել

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 28, 2011 9:16

Բարի երեկո պարոն Քոչարյան:

Շավարշ Քոչարյան: Բարի երեկո

Նախ, երկու բառով, ինչ ուղերձներ է պարունակում դովիլյան հայտարարությունը, եւ եթե դիվանագիտական տեքստից հեռանանք, ապա այս փաստաթղթի տարբերությունը կներկայացնե՞ք եռանախագահների այլ հայտարարություններից:

Շավարշ Քոչարյան. Նախ ինքնին չափազանց կարեւոր է, երբ երեկ երկրների, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները երրորդ անգամ հայտարարություն են անում նույն հարցի շուրջ: Դա վերաբերվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը եւ դրա կարգավորմանը: Սա արդեն ինքնին չափազանց կարեւոր է: Երկրորդ հանգամանքը իհարկե այն հանգամանքն է, որ ի տարբերություն նախորդ հայտարարությունների, այստեղ այո, պահանջներ են դրված, կոնկրետ ժամկետներ: Այսինքն համանախագահները ակնկալում են եւ պահանջում են, որպեսզի արդեն Կազանում հունիս ամսին կարողանան գալ համաձայնության՝ այս բանակցություններում հասնել որոշակի համաձայնության:

Ադրբեջանական կողմի արձագանքը սպասելի՞ էր մեզ համար: Վերջին հաշվով ինչպիսի՞ն էր այդ արձագանքը, որովհետեւ արտգործնախարարությունը մի բան է հայտարարում, Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը մեկ այլ բան է ասում, իսկ փոխվարչապետը լրիվ ուրիշ բան:

Շավարշ Քոչարյան. Երեւի այդ իրարամերժությունը դեռ կլինի, քանի որ ադրբեջանական ամբողջ քարոզչամեքենան խառնվել է իր իսկ կեղծիքի մեջ: Ըստ էության Ադրբեջանը, Բաքուն հայտնվել է խուճապի մեջ, որովհետեւ նույն հայտարարության կարեւորագույն հատվածներից մեկը կայանում է նրանում, որ կրկին եւ շատ ավելի խիստ նշվում է հետեւյալը, որ ներկա իրավիճակը հետեւանք է այն ուժի կիրառման, որը ժամանակին եղել է եւ կրկին նոր ուժի կիրառումը կհանգեցնի նոր տառապանքների, նոր զրկանքների եւ միջազգային հանրությունը դա չի հանդուրժի: Դա նշանակում է, որ այդ երկրները դա չեն հանդուրժի: Ակնհայտ է, որ սա ակնարկ է Ադրբեջանի հասցեին, որը ուժի կիրառումով փորձում էր լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, փորձում էր ռազմական ագրեսիայով, էթնիկակ զտումներով լուծել այդ հարցը եւ այսօր դեռեւս շարունակում է սուր ճոճել: Ինչ վերաբերվում է Բաքվի՝ տարբեր պաշտոնյաների հայտարարություններին, այո, տեսեք ինչ հետաքրքիր պատասխան է: Առաջինը՝ կրկին փորձեց սպառնալիքներ, անհույս, հուսահատ սպառնալիքներ տեղալ՝ դա անում է իրենց փոխվարչապետը: Ուրեմն ի՞նչ է նա պատասխանում այս՝ եռանախագահների շատ հստակ հասցեագրված հայտարարությանը: «Մենք այսօր էլ կարող ենք պատերազմ սկսել եւ ոչ ոք իրավունք չունի խառնվելու այդ գործին»: Դա պատասխան է երեք նախագահների հայտարարությանը: Հաջորդը՝ փորձում է արտգործնախարարությունը՝ նորից կտրված իրավիճակից ներկայացնելով ինչ-որ մի այլ բան: Հայկական ուժեր են դուրս գալիս, ինչ-որ համայնքներ են վերադառնում եւ այլն եւ այլն: Գիտեք այդ պահվածքը նմանեցնում է խլահավի՝ ռուսերեն` глухарь, վարքագծին: Այդ թռչունը, երբ երգում է, նա չի լսում ոչ մեկին: Իսկ Ադրբեջանը անընդհատ ձանձրալի երգում է նույն երգը եւ հետեւաբար ոչինչ չի լսում: Գիտեք ես հիշեցնեմ, որ այդ վարքագծից՝ խլահավի, շատ լավ օգտվում են որսորդները: Ադրբեջանի համար ժամանակն է եկել, որ ինքը իջնի իրական դաշտ, չխեղաթյուրի այն ինչ տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ, եթե դրան տեղյակ չէ հանրությունը նա դեռ կարող է առաջին հերթին մոլորության մեջ գցել սեփական ժողովրդին, ապա այն, ինչ որ սեւով սպիտակի վրա գրված է այս վերջին հայտարարություններում համանախագահների այնքան ակնհայտ է: Իրենք շարունակում են խեղաթյուրել:

Բաքուն ուրախությամբ նշում է, որ եռանախագահները անընդունելի են համարում ստատուս քվոյի պահպանումը: Հայկական կողմերի արձագանքը ինչպիսի՞ն է, վերաբերմունքը ինչպիսի՞ն է եռանախագահների այդ հայտարարության վերաբերյալ:

Շավարշ Քոչարյան. Իրականում դա կեղծ ուրախություն է, որովհետեւ ամբողջ Բաքվի քաղաքականությունը ուղղված է հենց ստատուս քվոյի պահպանմանը, որովհետեւ խեղաթյուրելով ամեն ինչ, դնելով այնպիսի հարցադրումներ, որոնք հեռու են իրականությունից եւ որոնք անընդունելի են ոչ միայն հայկական կողմերի համար, այլ նաեւ միջնորդների համար, ինքը դրանով ձգտում է ստատուս քվոյի պահպանմանը: Ի դեպ չափազանց կարեւոր է. հայկական կողմերը միանշանակ հայտարարեցին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի շուրթերով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակի շուրթերով, որ լիակատար ընդունում են այն մոտեցումները, որոնք առաջարկվել են այդ փաստաթղթում: Մենք այդպիսի հստակ պատասխան Բաքվից չենք ստացել՝ հակառակը՝ մենք ստացել ենք դրա խեղաթյուրումներ: Այդ տեսակետից այն գիծը, որը որդեգրել է Բաքուն, հենց ուղղված է ստատուս քվոյի պահպանմանը եւ այս հայտարարությունը եւս մեկ հնարավորություն է, շանս է Բաքվի համար վերջ դնել  այդ իր քաղաքականությանը եւ եթե ինքը ցանկանում է առաջընթաց, այլ ոչ թե ստատուս քվոյի պահպանում, ապա վերջապես հրաժարվի իր այդ նախորդ քարոզչական, կյանքից կտրված ամբողջ այդ քարոզչությունից եւ փորձի իրականում առաջ շարժվել, որպես մենք վերջապես ունենանք Կազանում իրական արդյունք:

Եվ վերջին հարցը. ինչպե՞ս կընթանան բանակցությունները մինչեւ հունիսին կայանալիք հերթական ռաունդը:

Շավարշ Քոչարյան. Գիտեք ինչ, սա կարծես իմ նախորդ պատասխանի շարունակությունն է: Բաքուն կանգնած է կեղծիքի մեջ թաղված, անդունդի եզրին: Ժամանակն է սթափվելու, ժամանակն է իրատեսական լինելու: Ժամանակն է ոչ թե խեղաթյուրելու ամեն ինչ՝ պատմությունը հակամարտության, փորձել իր իսկ պատասխանատվությունը հետեւանքների համար գցել հայկական կողմերի վրա: Բոլոր ամբիոններից լացուկոծ դնել տարածքների մասին: Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը օկուպացված տարածքներ չունի՞: Հենց Ադրբեջանի կողմից: Իհարկե ունի: Բայց նա շատ հստակ վճռական է եւ հասկանում է, որ վերջ ի վերջո կարողանալու է իր վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ վերականգնել: Եվ ոչ թե լացուկոծ անելով, այլ ցանկալի է, որ հենց բանակցությունների շնորհիվ: Այդ տեսակետից հեռանկարը երեւի կերեւա նաեւ մայիսի 28-ին:  Որովհետեւ այդ իրարամերժ հայտարարությունները, որոնց մասին ասում էինք, ընդամենը նախապատրաստական էին արդեն Ադրբեջանի Նախագահի ելույթի համար: Տեսնենք նա ինչ կհայտարարի: Հենց իրենց անկախության օրվա ժամանակ: Եթե դա լինի նույն կեղծիքները, նույն մեղադրանքները, նույն, որը բնորոշ է Բաքվին, նույնիսկ անձնական վիրավորանքները: Երբ չկան փաստարկներ, դիմում են անձնական վիրավորանքների: Դա մեր ոճը չէ: Մենք փաստերով ենք խոսում, միջազգային հանրությունը փաստերով է խոսում, Բաքուն խոսում է վիրավորանքներով: Այն պարագայում, երբ որ ինքը սկսի խոսել փաստերով, այն պարագայում, երբ որ ինքը միակողմանի մոլորության մեջ չգցի առաջին հերթին սեփական ժողովրդին, մենք կարող ենք ակնկալել, որ հնարավոր է առաջընթաց: Իսկ առաջընթացը դա մեկ օրվա խնդիր չէ, մեկ ամսվա խնդիր չէ, պետք է կամք դրսեւորել, լինի այն կարեւորագույն քայլը Կազանում, որից հետո էլ կողմերի համար, երեք կողմերի համար՝ երկու հայկական եւ ադրբեջանական երկար ճանապարհ կա, որպեսզի մենք կարողանանք հասնել այն խաղաղությանը, այն կայունությանը, որն անհրաժեշտ է տարածաշրջանին:

Շնորհակալություն.

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Հայլուր» լրատվական ծրագրին

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply