Վարչապետ Սարգսյանը պարգևատրել է «Իմ համայնքը» խորագիրը կրող շարադրության մրցույթի հաղթողներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 27, 2011 21:07

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային պատկերասրահում մասնակցել է «Իմ համայնքը» խորագիրը կրող շարադրության մրցույթի ամփոփմանը: Մրցույթը, որին մասնակցել են հանրապետության մարզերի 150 և Երևանի 50 հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարանցիները, կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում:

Լավագույն շարադրության հեղինակ են ճանաչվել և գլխավոր մրցանակի արժանացել Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վահագն Գալստյանը, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Ալեքսանյանը և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անի Ասլանյանը:
ՀՀ վարչապետ, ՏԻՄ համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն ընտրված լավագույն շարադրությունների հեղինակներին պարգևներ է հանձնել:
Մրցույթում հաղթած բոլոր 14 աշակերտների ուսուցիչները պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրերով, իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը դպրոցներին նվիրել է Ֆրիտյոֆ Նանսենի 15 հատորյակը:
Ավարտին մրցույթին մասնակցած աշակերտները լուսանկարվել են վարչապետի հետ: Աշակերտների խնդրանքով վարչապետ Սարգսյանը մակագրել է նրանց հանձնված գրքերը:

 

Դիտվել է 1978 անգամ:
Print Friendly

Leave a Reply