Երիտասարդ գիտնականները կարող են հայտ ներկայացնել` հոնորար ստանալու համար
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 27, 2011 16:19
Մինչև հունիսի 5-ը 2010-ի ընթացքում աշխարհի հեղինակավոր` բարձր Ազդեցության գործակից ունեցող ամսագրերում գիտական հոդված տպագրած հայաստանցի երիտասարդ գիտնականները (մինչև 35 տարեկան) կարող են հայտ ներկայացնել` խրախուսավճար ստանալու համար:
Ծրագիրը հայտարարել է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը: Այն իրականացվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Գիտական աշխատանքների համար խրախուսավճարի չափը որոշելիս հաշվի է առնվելու դրանց Ազդեցության գործակիցը:
Ֆեյսբուքյան նախաձեռնության մասնակիցները նշում են, որ սա լուրջ ձեռքբերում է, սակայն շարունակական չլինելու դեպքում ծրագիրն իրական արժեք չի ունենա:
«Ծրագրով ընդամենը սկիզբն է դրվում այն մշակույթի, ըստ որի պետք է ամեն տարի ամփոփվի Հայաստանի երիտասարդ գիտնականների նախորդ տարվա կատարված աշխատանքը և հնարավորությունների սահմանում գնահատվի այն: Կոնկրետ այս մի ծրագրի շրջանակում ակտիվ քննարկելու արժանի բան իմ կարծիքով միայն դա է` ինչպես ապահովել այսպիսի ծրագրի շարունականան լինելը , ինչպես այն դարձնել մշակույթ»,- ֆեյբուքայն էջում գրում է Արամ Ջիվանյան օգտատերը:
Առաջիկա օրերին ֆեյսբուքայն նախաձեռնությունը կհայտարարի ևս 4 ծրագրերի մասին, որոնք այժմ գրեթե ավարտուն վիճակում են: Ծրագրերից մեկը նախատեսում է, որ արտասահմանյան դրամաշնորհային կազմակերպությունների հետ համատեղ ֆինանսավորմամբ ծրագրեր կիրականացվեն: Մեկ այլ նախագիծ էլ ենթադրում է բարձր հղման ինդեքս ունեցող առաջատար գիտական աշխատանքների ֆինանսավորում:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը Ֆեյսբուքում ստեղծվել է ապրիլի կեսերին: Մինչ օրս խմբին է միացել 2200 մարդ:
Այս թեմայով տես նաև`
Գիտնականները պահանջում են վերջ դնել «ճակատագրի հեգնանքին» և ավելացնել գիտության ֆինանսավորումը
Երիտասարդ գիտնական. «Հայաստանում գիտությամբ զբաղվելը շռայլություն է»






Facebook
Tweet This
Email This Post
