Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Բուխարեստում

Պաշտոնական, Օրվա լուր | | May 27, 2011 15:01

Մայիսի 26-ին Բուխարեստի Տնտեսագիտական ակադեմիայի Մեծ սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, որին հատուկ հրավիրվել էին ցեղասպանության խոշոր մասնագետներ` Մասաչուսեթսի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը (Taner Akcam, Clark University), USA եւ Փարիզ-VIII Սեն-Դենիի համալսարանի պրոֆեսոր Ռեյմոն/Հարություն Գեւորգյանը (Raymond Kevorkian, Université Paris-VIII-Saint-Denis): Գիտաժողովին ներկա էին Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն (Ion Iliescu), ինչպես նաեւ ռումինական քաղաքական-հասարակական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչներ, հեռուստատեսությունը, մամուլը:

«Հայաստան. Մի ժողովրդի ճակատագիր» խորագրով գիտաժողովը բացեց Ռումինական Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Դան Բերինդեյը (Dan Berindei), հյուրերին ողջունեց եւ ներկայացրեց սենատոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Պատմաբան, վերջերս անգլերենով լույս տեսած «Հայոց ցեղասպանություն. Ամբողջական պատմություն» (The Armenian Genocide: A Complete History) ստվարածավալ աշխատության հեղինակ Ռեյմոն Գեւորգյանը «Հայոց ցեղասպանություն. Ոչնչացում երկու փուլով, 1915-1916» զեկույցում անդրադարձավ հայերի արտաքսման եւ վերացման երիտթուրքական կառավարության հետեւողական քաղաքականությանը: Թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր «Ժխտողականությունը որպես ազգային անվտանգության հղացք» զեկույցի մեջ մեկնաբանեց արդի թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը եւ դրա բացասական հետեւանքները ներքին եւ արտաքին առումով:

Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն ողջունեց հայ եւ թուրք պատմաբանների մասնակցությամբ գիտաժողովի նախաձեռնությունը` համարելով այն այդ բարդագույն հարցի մեջ փոխհասկացողության կարեւոր օղակ:

Նույն օրը կեսօրին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հրավիրվել էին ռումիանականTVR Info հեռուստակայան, ուր մոտ կեսժամանոց ուղիղ հաղորդման մեջ նրանք խոսեցին ցեղասպանության իրականացման, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հաղորդումից առաջ ցուցադրվեց հեռուստատեսության պատրաստած փաստագրական նյութ Հայոց ցեղասպանության մասին:

Մայիսի 27-ին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հանդիպում ունեցան Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Կեսօրից հետո Բուխարեստի Ռումինական գյուղի թանգարանում (Museum of the Romanian Peasant) տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը» (A Shameful Act: The Armenian Genocide and the Question of the Turkish Responsibility) գրքի ռումիներեն թարգմանության ներկայացումը:

Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության վերաբերյալ միջոցառումները կազմակերպվել էին Ռումինահայոց միության եւ Ռումինահայոց թեմի ջանքերով:

 

 

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply