ԳԹԿ տնօրեն. «Քննական թեստերի 35-40 տոկոսը հեշտ հաղթահարելի կլինի, մնացածը` ոչ»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 27, 2011 13:42

Հունիսի մեկից կմեկնարկեն 2011-2012 ուսումնական տարվա միասնական ընդունելության քննությունները: Քննությունների կազմակերպման, ընթացքի ու սպասելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանի հետ:

-Պարո’ն Խաչատրյան, արդեն ընտրվե՞լ են 2011-2012 ուստարվա միասնական ընդունելության առարկայական թեստերի կազմման աշխատանքային խմբերը, եթե այո, ապա ովքե՞ր են ներառված այդ խմբերում:

-Այս տարի աշխատանքային խմբերում մի շարք փոփոխություններ են կատարվել. խմբերում ընդգրկվել են նաեւ դպրոցների ներկայացուցիչներ, որպեսզի թեստերը կազմվեն դասագրքերին եւ գործող ծրագրերին համապատասխան: Մենք միշտ շուտ ենք կազմում այդ խմբերը, որպեսզի հնարավորություն ունենանք հետեւելու թեստերի կազմման որակին: Հաշվի ենք առել թեստերի վերաբերյալ բոլոր քննադատությունները, որոնք կաշխատենք այլեւս չկրկնել:

-Շատ է հնչում այն կարծիքը, որ այս տարվա քննական թեստերը լինելու են շատ մատչելի’ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագ դպրոցն այս տարի շրջանավարտ չի տալու: Ճի՞շտ են այս կարծիքները:

-Այս տարի քննություն հանձնողները լինելու են նախորդ տարիների շրջանավարտները, զորացրվածները, ինչպես նաեւ մեր սփյուռքի դիմորդները’ շուրջ 1209 դիմորդ: Զորացրվածներն ինչ-որ չափով հասցրած կլինեն մոռանալ իրենց գիտելիքները, այդ իսկ պատճառով թեստերն այնպես կկազմվեն, որ 8 միավորը’ անցողիկ նվազագույն շեմը, հնարավոր լինի հեշտությամբ հաղթահարել, իսկ մնացած մասը նախորդ տարիների թեստերի համարժեք բարդության կլինի, որպեսզի հաջորդ տարվա դիմորդները չտուժեն այդ իմաստով: 35-40 տոկոսը կլինի հեշտ հաղթահարելի, իսկ մնացած մասը’ ոչ:

-Ինչո՞վ են հիմա զբաղված Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակիցները, ի՞նչ աշխատանքներ են իրականացնում:

-Ինչպես յուրաքանչյու տարի, այս տարի նույնպես ԳԹԿ-ի աշխատակիցները զբաղված են քննակենտրոնների կահավորմամբ, տեխնիկական միջոցների’ տեսագրող, ձայնագրող եւ այլն, տեղադրմամբ, համապատասխան միջավայր ստեղծելով:

-Հայաստանի ո՞ր մարզերի դիմորդներն են ակտիվություն ցուցաբերել քննություններին մասնակցելու առումով:

-Այս տարի Հայաստանում անցկացվելիք միասնական քննություններին կմասնակցի 1209 դիմորդ, ինչը զգալիորեն քիչ է նախորդ տարվա համեմատ. նախորդ տարի միասնական քննություններին մասնակցել է 17 հազար 656 դիմորդ: Դիմորդների թվում գերակշռող են երեւանաբնակները’ 320 դիմորդ, Արարատից 104, Արմավիրից’ 108, Վայոց ձորից’ 66 մարդ: Ամենաքիչը Տավուշի մարզից են դիմել’ 28 դիմորդ: Լեռնային Ղարաբաղից Հայաստանում քննություն կհանձնեն 80 դիմորդներ:

– Ի՞նչ օրինաչափություն է նկատվում առարկաների ընտրության հարցում:

-Դիմորդներից 609-ը, որը գերակշռող թիվն է, կհանձնեն քննություն «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից, 544 դիմորդ կհանձնի քննություն «Մաթեմատիկա» առարկայից, 365 դիմորդ’ «Օտար լեզու- անգլերեն» առարկայից, 300-ը’ «Հայոց պատմություն»-ից, 294 դիմորդ էլ’ «Ֆիզիկա»-ից: Մյուս առարկաներից քննություն հանձնողների թիվը համեմատաբար քիչ է:

-Պարո’ն Խաչատրյան, այս տարվա քննություններից ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Եթե մաթեմատիկայի լեզվով ասենք’ վեկտորն ուղղված կլինի արդարության մակարդակի բարձրացմանը: Այս տարի այդ առումով պետք է շատ ավելի բեկումնային տարի լինի, եւ մենք մեր ուժերի ներածին չափով կնպաստենք դրան:

Հարցազրույցը`    Արուսիկ Զախարյանի

 

Դիտվել է 2681 անգամ:
Print Friendly

Leave a Reply