ՄԱԿ-ին առաջարկվում է ստեղծել հանձնախումբ` աշխարհի սփյուռքերի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 27, 2011 13:37
ՄԱԿ-ին առաջարկվում է ստեղծել հանձնախումբ աշխարհի սփյուռքերի խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաեւ կառուցակարգեր մշակելու համար: Ինչպես այսօր Երեւանում անցկացվող «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սփյուռքի նկատմամբ քաղաքականությունը ստացել է ոչ միայն ազգային, այլեւ վերազգային եւ գլոբալ կարեւորություն: Ըստ նրա’ սփյուռքի հանդեպ քաղաքականությունը կարեւոր միջոց է ոչ միայն պետություն-սփյուռք հարաբերությունների բարելավման, այլեւ սփյուռքի ներուժի օգտագործման, հայրենադարձության խթանման, սփյուռքյան համայնքների կենսունակության ապահովման համար:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեծապես կարեւորեց այն, որ այս համաժողովն անցկացվում է Հայաստանում, մի երկրում, որն ունի աշխարհով մեկ սփռված բազմամիլիոնանոց սփյուռք: Նրա խոսքով’ աշխարհի շատ ազգեր ունեն սփյուռք, եւ շատ երկրների համար արդիական է դրա առկայության հանգամանքը’ դրանից բխող բազմաթիվ ակնհայտ առավելություններով, բայց նաեւ որոշակի խնդիրներով:
«Եթե վերաձեւակերպելու լինենք Տոլստոյի հայտնի միտքը’ բոլոր երջանիկ ընտանիքները նման են մեկը մյուսին, յուրաքանչյուրը դժբախտ է յուրովի, ապա առավելությունների իմաստով բոլոր սփյուռքերը համարյա նման են մեկը մյուսին, խնդիրների առումով նրանցից յուրաքանչյուրը թերեւս առանձնահատուկ է»,-ասաց նախարարը:
Է. Նալբանդյանի խոսքով’ ցանկացած երկրի համար սփյուռքի առկայությունը մեկ այլ պետությունում ինքնատիպ այցեքարտ է, որը երկկողմ պետությունների հարաբերություններում դառնում է յուրահատուկ մի կամուրջ: Սփյուռքը կարեւորագույն գործոն է արտաքին աշխարհի հետ շփումներում:
«Ասվածը վերաբերում է հայկական սփյուռքին հավասարապես, կամ գուցե առավել եւս, քանի որ մեր ժողովրդի զավակների երկու երրորդն ապրում են Հայաստանից դուրս, աշխարհի 100-ից ավելի երկրներում: Միաժամանակ, դժբախտաբար հայկական սփյուռքը համարյա բոլորից առանձնանում է ծագումնաբանորեն: Նրա աշխարհասփյուռ գոյությունն ուղիղ հետեւանքն է ցեղասպանության»,-ավելացրեց Է. Նալբանդյանը: Ըստ նրա’ այլ կերպ ասած’ հայկական սփյուռքի կապվածությունն ազգային արմատներին ոչ միայն հավատարմություն է սեփական մշակութային ինքնությանը, այլեւ հավատարմություն իրենց նահատակների հիշատակին: Այդ իրողության խորքային գիտակցումը,նախարարի խոսքով, միշտ գտնվել եւ գտնվում է եւ մշտապես կգտնվի Հայաստանի Հանրապետության ուշադրության կենտրոնում:
«Ինչպե՞ս անել, որ սփյուռքի ներկայացուցիչները, մի կողմից գլոբալիզացիայի պայմաններում, մյուս կողմից առաջնորդվելով տվյալ երկրի լիարժեք քաղաքացիները լինելու հրամայականով, միաժամանակ հավատարիմ մնան իրենց արմատներին, մշակույթին, լեզվին, ավանդույթներին եւ պահպանեն կապը մայր հայրենիքի հետ: Ահա սա է կարեւոր խնդիրներից մեկը, որի լուծմանն, ի թիվս այլ հարցերի, կոչված է այս միջազգային հանձնաժողովը»,-ասաց նա:
Հ. Հակոբյանը, ներկայացնելով հայկական սփյուռքի խնդիրները, նշեց, որ արդիական է համարվում լեզվի պահպանման հարցը: Նրա խոսքով’ ավելանում են խառնամուսնությունները, Սփյուռքի հայկական կրթօջախներում նվազում է աշակերտների թիվը: Դրանք մարտահրավերներ են, որոնց դիմակայելու համար, ըստ Հ. Հակոբյանի, պետք է համախմբել ուժերը: Սփյուռքի նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում սփյուռքին մտահոգող հարցերը եւ համապատասխան քայլեր ձեռնարկում խնդիրների լուծման ուղղությամբ: Նախարարի խոսքով’ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով փորձ է արվում Սփյուռքի հայրենակիցների եւ հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդել: Իրականացվում են համահայկական համաժողովներ, համահայկական խաղեր, երիտասարդությանն ուղղված ծրագրեր, հայրենադարձությունը խթանող քաղաքականություն եւ այլն: Նա նշեց, որ պետք է ամրապնդել ոչ միայն սփյուռք-հայրենիք կապերը, այլեւ սփյուռք-սփյուռք, ինչպես նաեւ սփյուռք-միջազգային կառույցներ հարաբերությունները: Նա կարեւորեց այդ հարցերում տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը:
Նշենք, որ «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովը կազմակերպվել է Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Մասնակցում են Հունգարիայի, Հունաստանի, Ավստրիայի, Արգենտինայի, Իտալիայի, Հնդկաստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռումիանիայի, Լիբանանի պետական մարմինների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ:






Facebook
Tweet This
Email This Post
