«Նախագահների հայտարարության մեջ չկա տարանջատում Հայաստանի և Ադրբեջանի վարքագծի վերաբերյալ». Արծվիկ Մինասյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 27, 2011 13:21

Այսօր խորհրդարանում ԱԺ ճեպազրույցի ժամանակ հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Անդրադառնալով Ֆրանսիական Դովիլում նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությանը, նշեց, որ այն բարենպաստ է հայկական կողմի համար և ավելի շատ ուղղված էր ադրբեջանական կողմին:

ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն այս հարցի վերաբերյալ լրագրողների ուշադրություը հրավիրեց 3 հարցի վրա. «Ցավոք, եռանախագահների հայտարարության մեջ չկա տարանջատում Հայաստանի և Ադրբեջանի վարքագծի վերաբերյալ, և հավասարության նշան է դրված երկու կողմերի համար, ինչը, կարծում եմ, անընդունելի տարբերակ է: Երկրորդ, եթե ուշադիր հետևում ենք այս փաստաթղթի տրամաբանությանը, բացառության վերջին պարբերության, մինչ այդ օգտագործվում է կողմեր հասկացությունը, և դա օգտագործելով` մենք պետք է պնդենք, որ Ղարաբաղը ևս մասնակցի բանակցային գործընթացին և երրորդ` եռանախագահները հավանություն են տալիս Ռուսաստանի գործողություններին»:

Հիշեցնենք, որ Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում մայիսի 26-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին, որտեղ երեք նախագահները կոչ էին արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին «ցուցաբերել քաղաքական կամք և սույն թվականի հունիսին կայանալիք իրենց հանդիպման ընթացքում ավարտին հասցնել Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը», քանի որ հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի համաձայնության հասնելու հարցում կողմերի հավատարմությունը:

Ինչ վերաբերում է Կառավարության հրաժարականի վերաբերյալ ՀՅԴ պահանջին, Մինասյանը ափսոսանք հայտնեց, որ, քաղաքական մեծամասնությունը չի պաշտպանել իրենց դիրքորոշումը. «Նրանք շատ էլ դեմ չէին կառավարության հրաժարականի հարցը քննարկելու, բայց, այնուամենայնիվ, փաստն այն է, որ ներկա կառավարությունը շարունակելու է իր աշխատանքները, և մենք համոզված ենք, որ աշնանն ունենալու ենք շատ ավելի վատ վիճակ` սոցիալ-տնտեսական տեսակետից, քան այժմ»,-ասաց նա:

Ի դեպ, Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով ՀՅԴ-ական պատգամավորների այն հայտարարությունները, թե կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ նախագծին շատ ՀՀԿ-ականներ հոգու խորքում կողմ են եղել, բայց կողմ չեն քվեարկել` քաղաքական որոշում չլինելու պատճառով, ասաց. «Հանրապետականի»ի հոգու խորքը ուսումնասիրելու կարիք չկա, քանի որ մենք բաց ենք մեր մտքերն արտահայտում»:

 

 

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply