«Շիկահող» պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագիրը շարունակվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 27, 2011 10:44
ՀՀ բնապահպանության նախարարության եւ գերմանական KFW բանկի կողմից ««Շիկահող» պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծում եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարված լավագույն բիզնես-ծրագրերի մրցույթի հաղթողները նախօրեին արժանացան պարգեւների եւ սերտիֆիկատների: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Շիկահող» պետարգելոցի վարչական շենքում:
Հայտարարված մրցույթն իրականացվող ծրագրի «Մրցույթ/մրցանակ» բաղադրիչ կազմող նախապատրաստական փուլի շարունակությունն է, որին մասնակցել է ծրագրում ընդգրկված 5 գյուղական համայնքների’ Ճակատենի, Շիկահողի, Սրաշենի, Ներքին Հանդի եւ Ծավի 51 բնակիչ եւ ներկայացրել ազդեցության գոտու տնտեսական զարգացմանը միտված իր գաղափարները: Ներկայացված 51 ծրագրերից հաղթող է ճանաչվել 25-ը, որից 5-ը կանայք են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սյունիքի մարզից, հաղթողները պարգեւատրվեցին նվերներով: Պետարգելոցին նվիրեցին ժամանակակից հեռադիտակներ: Նվերներից անմասն չմնացին երեխաները: Ծավի մանկապարտեզի սաները ծրագրի պատասխանատուների կողմից ստացան բազմաթիվ խաղալիքներ, իսկ նշված 5 համայնքների դպրոցների գրադարաններին պատկերազարդ գրքեր հանձնեց «SEF» կազմակերպությունը:
Ապրիլին «Մրցույթ/մրցանակ» բաղադրիչի շրջանակներում Շիկահողի ենթաշրջանի դպրոցների բոլոր 107 աշակերտները մասնակցել են ծրագրի կողմից անցկացված նկարչական մրցույթին: Լավագույն 13 աշխատանքների հեղինակները պարգեւատրվել են արժեքավոր մրցանակներով, յուրաքանչյուր մասնակից ստացել է անհատական նվերներ, իսկ մասնակից 5 դպրոցներին տրամադրվել են տարբեր դիդակտիկ նյութեր եւ գույք:
Հավելենք, որ 4 մլն եվրո արժողության ծրագրի իրականացման համար առաջարկվող 5 տարիների ընթացքում Շիկահողի ենթաշրջանն անհրաժեշտ աջակցություն կստանա UNESCO-ի ստանդարտներով «Մարդը եւ կենսոլորտը» ծրագրի շրջանակներում միջազգային ճանաչում ստանալու համար՝ որպես եզակի բնական արժեքներ պարունակող տարածք:






Facebook
Tweet This
Email This Post
