Լ. Սահակյան. «Համշենցիների թվաքանակի մասին հաճախ կեղծ և ուռճացված տվյալներ են շրջանառվում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 1, 2011 13:24

2010-ի ամռանը Հայաստանից մի փոքր խումբ էր այցելել Թուրքիայի Ռիզեի նահանգի Համշենի, Չամլըհեմշինի, Արդաշենի և Արդվինի նահանգի Խոփայի գավառների համշենցիների բնակավայրեր։ Դաշտային աշխատանքների ընթացքում հավաքած նյութի հիման վրա վերջերս լույս տեսավ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի օսմանագիտական բաժնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենի հայկական միկրոտեղանունների իմաստակառուցվածքային քննություն» ուսումնասիրությունը (http://www.lezu.am/?p=686): Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Լուսինե Սահակյանի հետ իրենց այցի և կատարած աշխատանքի արդյունքների մասին:

– Տիկի՛ն Սահակյան, պատմե՛ք այցի մասին, ո՞րն էր այցելության նպատակը։

– Անցյալ ամռանը մի փոքրիկ խմբով հնարավորություն ունեցանք այցելելու Արդվինի նահանգի Խոփայի գավառի Քեմալփաշայի (նախկին Մաքրիյալ) ենթաշրջանի մի շարք բնակավայրեր, որտեղ ապրում են բուն Համշենից այստեղ տեղափոխված՝ 18-րդ դարում բռնի մահմեդականացված համշենցիների ներկա սերունդները։ Եղանք Արդահանի Բիլբիլան կոչվող նրանց ամառային արոտավայրում: Այնուհետև անցանք Արտանուջ գավառով, եղանք հայտնի Ջեհեննեմ դերեսիում՝ Դժոխքի կիրճում, որտեղ ցեղասպանության տարիներին թուրք հրոսակները բազմաթիվ հայերի են ցած նետել, ու մինչ օրս էլ տեղացիները հիշում են այդ սահմռկեցուցիչ ոճրագործությունը։ Մի քանի օր կանգ առանք նաև պատմական բուն Համշենում, մասնավորապես՝ Ռիզեի նահանգի Չամլըհեմշինի գավառում, այդ թվում՝ Այդերի (Արտեր) ամառային արոտավայրում, որն այսօր դարձել է զբոսաշրջության կենտրոն։ Այցելեցինք գավառի Մաքրեվիս, Չաթ (հնում՝ Տափ), Չինչիվա (հնում՝ Շինչիվա) գյուղեր, պատմական Զիլ (Ներքին) բերդ, Համշենի գավառի Զուղա, Արդաշենի գավառի Օջե գյուղեր: Այցի նպատակն էր դաշտային հետազոտությունների միջոցով պարզել, թե համշենցիներն այսօր որքանո՞վ են պահպանել հայկական սովորույթները, հայկական մշակույթի ի՞նչ շերտեր են մնացել, ինչպիսի՞ն են այդ շրջանների բնակչության լեզվավիճակն ու ժողովրդագրական պատկերը։ Նշեմ, որ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ճանաչված համշենագետ Սերգեյ Վարդանյանը Բիլբիլանում իր հավաքած արժեքավոր բանահյուսական նյութերի մի մասն արդեն հրատարակել է «Ձայն համշենական» ամսաթերթում (2011, N 1-4)։

– Տիկին Սահակյան, որքա՞ն է այսօր համշենցիների թիվը Թուրքիայում, գնահատականները խիստ տարբեր են ու իրարամերժ:

– Այսօր համշենցիների թվաքանակի մասին հաճախ կեղծ և ուռճացված տվյալներ են շրջանառվում. խոսում են Թուրքիայում 1,5-3 միլիոն համշենցիների մասին: Այս թվերն իրականության հետ որևէ կապ չունեն:

Տարիների ընթացքում իմ հավաքած տեղեկությունների համաձայն, որոնք հենվում են առավել վստահելի հաղորդումների՝ հատկապես համշենցի մտավորականների և տեղացի բնակիչների վկայությունների վրա, այսօր Համշենի բարբառով խոսող համշենցիների թիվը Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառներում կազմում է մոտավորապես 20-25 հազար, իսկ Թուրքիայի մեծ քաղաքներում հաստատվածներով հանդերձ՝ ընդհանուր առմամբ՝ 30-35 հազար։ Կրկնենք` այս թիվը վերաբերում է հայերենի Համշենի բարբառախոսներին։ Իսկ Ռիզեի նահանգի Համշենի, Չամլըհեմշինի, Արդաշենի, Ֆընդըքլըի, Փազարի, Չայելիի և Իքիզդերեի գավառներում բնակվող և Թուրքիայի այլ քաղաքներ տեղափոխված՝ մայրենի բարբառը վաղուց մոռացած համշենցիների թիվը, մոտավոր հաշվումներով, 50-60 հազար է։ Առավել առարկայական լինելու համար նշենք, որ Ռիզեի նահանգի Չամլըհեմշինի գավառում համշենցիների թիվն ամռանը հասնում է 6000-7000-ի, իսկ ձմռանը համշենցիները հեռանում են ամառանոցներից, և գավառում մնում է մոտավորապես 2400 մարդ: Անգամ եթե վերցնենք մեկ գյուղի օրինակով, պատկերն այսպիսին է. դեռևս 25 տարի առաջ Համշեն գավառի 80 տուն ունեցող Զուգա/Զուղա գյուղում այժմ մշտական բնակելի է ընդամենը 10 տուն, իսկ 30 տուն ծառայում է որպես ամառանոց: Արդաշենի գավառում համշենցիների թիվը մոտ 3000 է։ Այսինքն՝ ողջ Թուրքիայում նրանց թիվը տատանվում է մոտավորապես 80-90 հազարի միջև։ Այս թիվը հաստատում են նաև խնդիրներից քաջատեղյակ, տեղում իրենց ազգագրության, պատմության հարցերով զբաղվող համշենցի մասնագետները: Կարծում եմ` նրանք այս թվերը կեղծելու խնդիր չունեն։ Ուստի չափազանցված գնահատականներն ամենևին տեղին չեն։ Ցավոք, մեզանում նման հարցերը հաճախ են աղավաղվում։ Ահա մի թարմ օրինակ. վերջերս Ղրղըզստանից մի համշենցի այցելել էր Արցախ՝ ընդամենը տնտեսական պայմաններին ծանոթանալու և մի քանի օրից վերադարձել։ Իսկ հայկական շատ լրատվամիջոցներ այս լուրը ծուռ հայելու մեջ ներկայացրեցին, թե իբր 200 համշենցի ընտանիքներ պատրաստվում են վերաբնակվել Արցախում։ Անհասկանալի ոգևորություն բարձրացավ մամուլում, հեռուստաալիքներում, նույնիսկ չգիտեմ՝ խեղաթյուրո՞ւմ ասեմ, թե՞ պատրանք, մի հեռուստաալիքով հայտարարվեց, թե իբր այդ համշենցին արդեն դարձի է եկել, քրիստոնեություն ընդունել։ Լավ է, որ այս բացահայտ ապատեղեկատվությունը հերքվեց։

– Եթե խոսենք մահմեդական համշենցիների ազգային ինքնագիտակցության մասին, արդյոք նրանք պահպանե՞լ են հայկական ինքնության տարրեր:

– Ռիզեի նահանգում և Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառներում պատկերն էականորեն տարբեր է։ Վերջին երկուսում համշենցիները դեռևս խոսում են Համշենի բարբառի յուրահատուկ խոսվածքով: Միաժամանակ, շեշտենք, որ նրանք հայերեն տառեր չգիտեն։ Մեսրոպյան այբուբենն այժմ գիտաճանաչողական նպատակներով սովորում են մի քանի մտավորականներ։ Պետք է ասել, որ շնորհիվ բարբառի պահպանման` Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիների մի մասն ընդունում է իր հայկական ծագումը, բայց ոչ ավելին: Հայկական ինքնության այլ կարևոր բաղադրիչները, մասնավորապես՝ միասնական հայկական պետության, Հայաստան-հայրենիքի գաղափարը, գրեթե արտահայտված չեն: Նրանց մեջ կան նաև այնպիսիները, ովքեր խուսափում են իրենց ծագման մասին խոսելուց, լավագույն դեպքում՝ իրենց համարում են հոմշեցի (համշենցի)` մերժելով թե՛ հայկական և թե՛ թուրքական ինքնությունը: Չափազանց հետաքրքրական է, որ այս գավառների համշենցիների միջավայրում տարածված են մարքսիստական-աթեիստական մոլեռանդ համոզմունքները, որոնք, ըստ իս, որոշակի հոգեբանական ինքնապաշտպանական դեր են կատարում իսլամական-թուրքական գաղափարաբանության դեմ։ Մարքսիստական-աթեիստական գաղափարների ամրակայմանը, ինչպես տեղացիներն էին ասում, նպաստել է նաև այն, որ տակավին 1928 թ. Մոսկվայից վերադառնալով՝ թուրք կոմունիստ գրող Նազիմ Հիքմեթը ձերբակալվում է և տեղափոխվում Խոփայի բանտ։ Այս դեպքից հետո նրա ստեղծագործությունները լայն տարածում են գտնում նաև համշենցիների միջավայրում։

– Իսկ Ռիզեի համշենցինե՞րը։

– Ռիզեի նահանգի համշենցիների շրջանում թուրքացումը խոր արմատներ է գցել։ Նրանք թրքախոս են, մոռացել են մայրենին՝ հայերենն ու Համշենի բարբառը։ Ոմանք, երբեմն ընդունելով հայկական ծագումը, անմիջապես հավելում են, որ արդեն թրքացել են։ Առհասարակ համշենցիների միջավայրում շրջանառվում են թուրք կեղծարար գիտնականներ Քըրզըօղլուի և Սաքաօղլուի տեսակետները, ըստ որոնց` նրանք իբր սերում են թյուրքական ցեղերից։ Թեև այստեղ մարքսիզմի գաղափարակիրների նույնպես հանդիպեցինք, սակայն սկսած 1950-ական թթ. Թուրքիայում զարգացում և տարածում ստացող իսլամական կառույցները լրջորեն ազդեցին Ռիզեի համշենցիների վրա ևս։ Խիտ բնակեցված գյուղերում և վարչական կենտրոններում բացվել են ղուրանի շրջանային, անգամ գիշերօթիկ դասընթացներ, շատացել են մզկիթները, որի հետևանքով համշենցիների մեջ կարելի է հանդիպել նաև մոլեռանդ մահմեդականների։

Այնուհանդերձ, Ռիզեի նահանգում ապրող համշենցիները, ի տարբերություն Խոփայի և Բորչկայի, պահպանել են Վարդավառի տոնը։ Հուլիսի վերջին Թուրքիայի տարբեր վայրերից հավաքվելով՝ Ռիզեի համշենցիները բարձրանում են յայլաներ (արոտավայրեր) և նշում Վարդավառը, որը, կարելի է ասել, ավելի շուտ վերածվել է երգուպարի ինքնատիպ մի տոնակատարության։ Բացի այդ, Ռիզեի համշենցիները դեռ այսօր էլ խոսակցական թուրքերենում շարունակում են օգտագործել հայերեն կենցաղային բառեր, ինչպես նաև միկրոտեղանուններ (արոտավայրերին, կալերին, հանդերին, առուներին, անտառներին, ճահիճներին, բլուրներին, գետակներին, աղբյուրներին, հողամասերին, ձորակներին տրվող անուններ), որոնք հիմնականում կազմվել են Համշենի բարբառի բառաֆոնդից: Չամլըհեմշինի (Ներքին Վիժե) գավառի Մաքրեվիս գյուղում ինձ հաջողվեց գրառել մի շարք միկրոտեղանուններ, տոհմանուններ, անձնանուններ։ Այսինքն՝ ինչպես այդ մասին գրում է չամլըհեմշինցի լրագրող և հայրենագետ Ջան Ուղուր Բիրյոլը, նրանց մոտ հայերենը պահպանվել է զուտ տեղանունների ու կենցաղային բառերի օգտագործման չափով:

Գրառումների ժամանակ նկատեցի, որ միկրոտեղանունները հիմնականում հիշում էին տարեցները, մեծավ մասամբ՝ չհիշելով անգամ դրանց իմաստները։ Ռիզեի Չինչիվա գյուղում բնակիչները, մեզ տեսնելով, շատ զարմացան, մեզ ասում էին` «քանի դար է՝ այստեղ հայի ոտք չի կպել»: Չափազանց հետաքրքիր հանդիպում կայացավ Արդաշենի գավառի Օջե գյուղում։ Մեզ դիմավորեցին պարկապզուկի ուղեկցությամբ իրենց շուրջպարով (հորոնով)։ Այնտեղ հաջողվեց գրառել ինչպես նրանց խոսակցական թուրքերենում պահպանված բառեր, այնպես էլ արժեքավոր միկրոտեղանուններ։

– Կներկայացնե՞ք ձեր գրանցած միկրոտեղանուններից մի քանի օրինակ։

– Չամլըհեմշինում և Արդաշենում մեծահասակներից գրառել եմ շուրջ 100 միկրո- կամ ժողովրդական տեղանուններ։ Ուղևորությունից վերադառանալուց հետո 9 ամիս պահանջվեց, որ հավաքած տեղանունները համակողմանի քննության և ստուգաբանության ենթարկեմ ու ներկայացնեմ հանրությանը։ Առհասարակ միկրոտեղանունները հայտնի են միայն մարդկանց որոշակի խմբի։ Միկրոտեղանուններն ավելի մանրամասն պատկերացում են տալիս տվյալ տեղանքի աշխարհագրական դիրքի, բուսական աշխարհի, բնակչության զբաղմունքի, լեզվական իրողությունների մասին։ Բերեմ մի քանի օրինակ՝ Աղփիափ-Աղբրիափ, Ացկօղ-Աջկող, Գալէր-Կալեր, Ընգէզութ-Ընկուզուտ, Ցաքութ-Ցախուտ, Քարափ, Օձուտ, Խացթուր-Խաչդուռ։ Ի դեպ նշեմ, որ խաչ արմատով տեղանուններն ու բառերը տարածված են համշենցիների խոսակցական թուրքերենում՝ Խաչքար-Խաչիքար, Խաչիվանաք-Խաչիվանք, Խաչափիթ-Խաչափայտ, Խաչկուն, Հազինդաղ-Խաչին+տեղ, Խաչի ավլա-Խաչի բակ, Խաչաջուր (տանձի տեսակ) և այլն։ Միկրոտեղանունները հայոց պատմական հիշողության և մշակութային ժառանգության մասն են։ Հետևաբար, դրանց ուսումնասիրությունը պետք է ընդգրկվի հայ պատմաբանասիրության օրակարգում, հատկապես այն պատճառով, որ դրանց մեծ մասը, գտնվելով թուրքական միջավայրում, ժամանակին չգրանցվելու դեպքում սերնդափոխության հետևանքով դատապարտված է մոռացության։

 

Հարցազրույցը վարեց Աստղիկ Խաչատրյանը

 

Դիտվել է 1511 անգամ:
Print Friendly

Leave a Reply