Հայերն Իտալիայում. Անտոն Սուրյան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 30, 2011 15:00

…Ամեն տեղ թողել մեր աչքից` ցոլանք,

Մեր հոգուց` մասունք

Եվ նշխար`սրտից…

Պ. Սևակ

Հայերին պատմական ճակատագիրը ստիպել է դեգերել աշխարհում:

Իտալիան հայկական «իջևաններից» է: Այստեղ այսօր ապրում է մոտ 4000 հայ: Իտալիայում հայկական առաջին համայնքները ձևավորվել են դեռևս XIII-XV դդ.: Հայերի հոսքն Իտալիա եղել է մասնավորապես Կիլիկիայից և Ղրիմից: Պատմությունից հայտնի է, որ դեռևս խաչակրաց արշավանքների ժամանակ Կիլիկիայի հայկական թագավորությունը սերտ կապեր է հաստատել իտալական քաղաքների հետ։ Իտալիայի մի շարք քաղաքներում` Հռոմում, Ջենովայում և այլուր XIII-XIV դդ. հայերը հիմնել են իրենց համայնքները: Կենտրոնական գաղթօջախը Վենետիկում էր, որտեղ հայ վաճառականներն ունեին իրենց հավաքատեղինՀայոց տունը»։ Փողոցը, որտեղ «Հայոց տունն» էր գտնվում, անվանել են «Հայոց փողոց»:

XV-XVI դդ. Վենետիկի գաղթօջախը դառնում է կայուն հայկական համայնք։ Վենետիկում հաստատվել են վաճառականական բազմաթիվ տներ։ Հայերը Վենետիկ էին բերում չամիչ, բամբակ, աղ, ցորեն, պղինձ և այլն։ Հայ համայնքում մեծ թիվ էին կազմում արհեստավորները։ Նրանք աշխատում էին հիմնականում նավաշինական արհեստանոցներում։ Վենետիկը հայերի համար նշանավորվում է հատկապես մշակույթի առումով. հայկական տպագրությունը սկզբնավորվել է հենց այստեղՈւրբաթագիրք»):

Անտոն Սուրյան

Հայազգի բարերար, ճարտարագետ, գյուտարար, զինագործ, դեղագործ, բժիշկ, համաճարակաբան Անտոն Հովսեփի Սուրյանը ծնվել է մոտավորապես 1539 թ., հավանաբար Սիրիայում (ազգանունը Սուրիա անունից է ենթադրվում): Անտոն Սուրյանի անունը հավերժ կհանգչեր պատմական գրքերում ու հայ հասարակության միայն նեղ շերտերին հասու կլիներ, եթե երախտավորներ Վաչագան և Մարինե Վահրատյանների  (նրանց կանդրադառնանք հաջորդիվ)  նախաձեռնությամբ 2005 թ.  չնկարահանվեր «Հայերը և համաշխարհային քաղաքակրթությունը» կարճամետրաժ հոլովակներից հավաքված ֆիլմաշարը:

1559 թ. 20-ամյա Անտոնը Կիպրոսից շաքար ու գինի տեղափոխող նավատորմով հասնում է Իտալիա: Չնայած երիտասարդ տարիքին` Անտոնը լավատեղյակ էր առևտրական ու ռազմական նավատորմի տեխնիկային, նաև տիրապետում էր տարաբնույթ գիտելիքների, ինչը նրան օգնում է անցնելու ռազմածովային ծառայության: Նա փորձնական ժամանակաշրջանով աշխատանքի է ընդունվում զինանոցում: Սուրյանի առաջին ձեռքբերումն է դառնում նրա մշակած մեծ նավերը ջուրն իջեցնելու ծրագիրը, ինչպես նաև ժամանակի ընթացքում կուտակված թափոններից ծովածոցը մաքրելու համար հորինած մեքենան: Սուրյանը 1571 թ. մասնակցում է Կորնթոսի ծովամարտին և վտանգելով իր անձը` նորոգում վթարված նավերը:

Անտոն Սուրյանը փրկում է Եվրոպան թուրքական «ժանտախտից»

1571 թ. հոկտեմբերի 7-ին Լեպանտոյի հռչակավոր ճակատամարտում իրար են բախվում Խուան Ավստրիացու գլխավորած քրիստոնյա ռազմական նավատորմը և Ալի փաշայի ղեկավարած թուրքական նավատորմը: Անտոն Սուրյանը, որ Ֆրանչեսկո Դուոդոյի գլխավորած առաջին ռազմանավում էր, նախապատրաստել և նոր եղանակով դասավորել էր իր կողմից պատրաստված թնդանոթները, որոնք անվրեպ ռմբակոծում էին թուրքական նավերը` խուճապի մատնելով թշնամուն: Նա խորտակումից փրկում է Դուոդոյի ռազմանավը` նոր եղանակով փակելով ճեղքը: «Հայկական Վենետիկ» գրքի հեղինակներ Ալերամո Հերմետը (ծագումով հայ է` Հերմետյան տոհմից) և Պաոլո Կոնի Ռատտի դի Դեզիոն տեղեկացնում են, որ Լեպանտոյի ճակատամարտում, որտեղ «փայլեց հայ ճարտարագետը», թուրքերի պարտությունը Եվրոպայի համար ճակատագրական դեր է ունեցել: Վենետիկում ցայսօր նշվում են այս հաղթանակները:

Այնտեղ փողոցներից մեկը նրա անունն է կրում:

Անտոն Սուրյանը փրկում է Եվրոպան ժանտախտից

1575 թ. Վենետիկում սկսվում է ժանտախտի համաճարակ: Ձեռնարկած միջոցները անարդյունավետ էին: Տեսնելով ժանտախտի համաճարակի ահագնացող չափերը` Անտոն Սուրյանը կառավարությանն առաջարկում է իր բժշկական օգնությունը: Կառավարությունը տեղյակ էր, որ Սուրյանը դեռևս 1571 թ. նավային ճակատամարտերի ժամանակ իր պատրաստած դեղերով (մի շարք աղբյուրներ վկայում են, որ դրանք Հայաստանից էին բերված) շատ վիրավորների է բուժել ու փրկել, ուստի ընդունում է նրա օգնության առաջարկը և նրան վստահում Վենետիկի թաղամասերից մեկի բնակչության փրկությունը: 1575 թ. հուլիսից Սուրյանը սկսում է պայքարը համաճարակի դեմ` իր գործի դիմաց վարձատրություն չպահանջելով: Երկու տարի անց Վենետիկում ժանտախտի համաճարակը հայտարարվում է հաղթահարված: Վենետիկի Հանրապետության Սենատի որոշմամբ` Ա. Սուրյանը պարգևատրվում է, իսկ հուլիսի 17-ը հռչակվում է Փրկության օր, որի պատվին էլ կառուցվում է Սուրբ Փրկիչ եկեղեցին:

Անտոնիո Սուրյանը մահացել է 1591 թ. օգոստոսին, Վենետիկում: Նրան թաղել են Սեն Մարտեն եկեղեցու բակում: Սուրյանի արժանի ժառանգները ցայսօր էլ կան:

 

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

 

Դիտվել է 3257 անգամ:
Print Friendly

Leave a Reply