«Հոկտեմբերի 27»-ն ազդում է ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 27, 2011 15:00

Աջից ձախ` Արտակ ԿԻրակոսյան, Ցիրա Չանտուրիա

Նորանկախ Հայաստանում երբևէ որևէ ուսումնասիրություն չի կատարվել` պարզելու, թե քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) որքա՞ն է ծախսվում ցմահ դատապարտյալներին պահելու համար: ՔԿՀ-ներում ցմահ դատապարտյալների պահման պայմանների և իրավական կարգավիճակի ուսումնասիրության ընթացքում դիտորդները պարզել են, որ մեկ դատապարտյալի համար նախատեսված է օրական 500-600 դրամ: Դիտորդական խմբի անդամ Գայանե Շահնազարյանն ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս ասաց, որ այդ գումարը ներառում է միայն սննդի ծախսերը:

«Ցմահ դատապարտյալները, ինչպես մյուս ազատազրկվածները, ապահովվում են օրական երեքանգամյա սննդով, սակայն, որպես կանոն, նրանք դրանից չեն օգտվում և ուտում են հարազատների բերածը,-  ասաց նա,-  հավանաբար այն պատճառով, որ դա շատ ցածր որակի է»:

Երբեք չի իրականացվել նաև ցմահ ազատազրկման դատապարտման հոգեբանական ազդեցության գնահատում:

Այս ուսումնասիրությունն իրականացվել է 53 պատժի առավելագույն չափը կրող դատապարտյալների (ՊԱՉ) շրջանում, որոնց հետ դիտորդական խմբի անդամը խցում մենակ է եղել և անձամբ ստացել բոլոր պատասխանները:

Նման ուսումնասիրություն կատարվել է նաև 3 տարի առաջ, սակայն սրանք միմյանցից էապես տարբերվում էին: «Նախորդ անգամ պարզապես հետազոտվել է ցմահ ազատազրկվածների պահման պայմանները՝ արձանագրելու առումով,- «Անկախին» ասաց Շահնազարյանը,- իսկ այս դեպքում ուշադրություն էր դարձվում, թե այդ պայմանները որքանո՞վ էին համապատասխանում միջազգային և Հայաստանի օրենսդրության պահանջներին»:

Հայաստանում 1989-2010 թթ. ընթացքում ՊԱՉ կրող 99 մարդ կա, որոնց մի մասը նախկինում դատապարտված էր մահապատժի:

Հայաստանում մահապատիժ վերջին անգամ կիրառվել է 1988 թ., որից հետո դատապարտյալների մեղադրական վճիռը լինում էր մահապատիժ, բայց չէր իրագործվում: 2003 թ. մահապատիժը վերացվեց, և այդ մեղադրական վճռով դատապարտյալների վճիռները փոխվեցին ցմահի: Հարավային Կովկասում մահապատիժը վերացվել է:

Դիտորդական խմբի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը ներկայացրեց դատապարտյալների խոսքը, որոնց կարծիքով ցմահ դատապարտումն ավելի ծանր պատիժ է, քան գնդակահարությունը: «Նրանք ասում են, որ եթե մեզ հետին թվով ավելի ծանր պատժի են դատապարտել, մենք չենք կարող էսպես նստել,- ասաց Մարուքյանը,- ավելի լավ էր մեզ գնդակահարեին»:

Հայաստանում ցմահ կին դատապարտյալ չկա, իսկ Վրաստանում ցմահ դատապարտյալ 94 անձանցից 4-ը կին են: Ադրբեջանում կան 245 ցմահ դատապարտյալներ: «Ադրբեջանում ցմահների պահման պայմանները շատ վատ են, որովհետև շենքը շատ հին է»,- ասաց Միջազգային բանտային բարեփոխման ներկայացուցիչ Ցիրա Չանտուրիան:

Հայաստանի 99 ՊԱՉ կրող անձանցից երկուսը գտնվում են «Կենտրոն», մյուսները՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նրանցից մեկը Լիբանանի քաղաքացի է, մյուսը՝ Վրաստանի: Երեք մարդ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ է՝ Եհովայի վկա, ուղղափառ, ավետարանական ուղղություններից:

Ցմահ ազատազրկված անձինք տարեկան ունեն մեկ երկարատև՝ 3 օր տևողությամբ և 3 կարճաժամկետ տեսակցության իրավունք:

Դիտորդական խումբն արձանագրել է, որ ՊԱՉ կրող դատապարտյալների խցերը բավարար սանիտարահիգիենիկ վիճակում են: «Նուբարաշենում» խցերը միանման են` 30 քմ մակերեսով, որտեղ հիմնականում պահվում է 4 անձ, սակայն որոշ խցերում պահվում է 2 անձ: Ըստ ներպետական օրենսդրության՝ դատապարտյալի համար հատկացված նվազագույն մակերեսը 4 քմ է, միջազգային չափանիշներով՝ 7 քմ:

ՊԱՉ կրող անձանց խցերը վերջին անգամ վերանորոգվել են 3-4 տարի առաջ: «Սակայն այդ վերանորոգումները հիմնականում կատարվում են դատապարտյալների անձնական միջոցներով»,-  ասաց Շահնազարյանը:

Վերջին 3 տարիների ընթացքում ցմահ ազատազրկվածները սպորտով զբաղվելու հնարավորություն չեն ունեցել: Խցերից մեկում եղել է սեղանի թենիս, որտեղից էլ փախել է Մհեր Ենոքյանը: Նրա փախուստից հետո այդ սենյակը դատարկել են, և այդպիսով վերացել է սեղանի թենիսով զբաղվելու հարցը:

Դատապարտյալներն օրենքով իրավունք ունեն կրթություն ստանալու, սակայն այդ հարցը շատ բաց է: «Վրաստանում և Ադրբեջանում այդ հարցն ընդհանրապես շատ վատ վիճակում է,- ասաց Ց. Չանտուրիան: – Ադրբեջանում 24.000 ազատազրկված կա, և նրանց իշխանությունները չեն կարող մտածել դեռևս կրթության մասին»:

Հայաստանում այժմ կա երկու ցմահ դատապարտյալ, որոնցից մեկը սովորում է ասպիրանտուրայում, մյուսը՝ բակալավրատում: Այդ մասին ասաց «Նուբարաշեն» ՔԿՀ սոցիալ-հոգեբան Օֆելյա Չարչյանը: «Դասախոսները գալիս են, և դասերն անցկացվում են մեզ մոտ»,- ասաց նա:

«Մենք միշտ էլ կրթության հարցը բարձրացնում ենք,- «Անկախին» ասում է «Տրտու» ՀԿ նախագահ Թեմիկ Խալափյանը,- անչափահասների և կանանց մոտ մարդիկ  կան, որ հայոց այբուբենն անգամ չգիտեն: Պետք է նրանց կրթությունն ապահովելու համար պայմաններ լինեն: Կամ` եթե կա ցմահ դատապարտյալ, որը բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն և ունակություն ունի, պետք է բավարար պայմաններ լինեն: Նա երևի թե զավակներ ունի կամ ընտանիք, և միգուցե կարողանա դրանով գումար վաստակել»:

Ուսումնասիրության հարցաթերթիկում բուժսպասարկման վերաբերյալ հարց նախատեսված չի եղել:

Քրեական օրենսգիրքը ցմահ ազատազրկում է նախատեսում սպանության (հոդված 104), պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու (հոդված 387), օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ ահաբեկչական գործողության (հոդված 388), միջազգային ահաբեկչության (հոդված 389), մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների (հոդված 392), ցեղասպանության (հոդված 393) դեպքերով:

Մարուքյանի կարծիքով` ճիշտ կլինի ցմահ դատապարտելու ներքին նիշը 22 տարեկանը լինի, որպեսզի դա չտարածվի բանակում տեղի ունեցած զինվորական հանցագործությունների վրա: «18 տարեկան տղան դեռևս չկայացած մարդ է, իսկ երբ բանակում ինչ-ինչ պայմաններում սպանություն է լինում, այդ գործով ցմահ դատապարտելը սխալ է»,- ասաց նա:

Շատ բարդ է ՊԱՉ կրող անձանց վաղաժամկետ ազատ արձակման հարցը: Համաձայն օրենքի` ցմահ դատապարտյալները պատժի 20 տարին կրելուց հետո կարող են դիմել՝ վաղաժամկետ ազատ արձակման իրավունքից օգտվելու համար: Վրաստանում այդ ժամկետը 25 տարին է, և այնտեղ դեռևս չկա անձ, որի 25 տարին լրանալուն մոտ լինի, այդ իմաստով այնտեղ դեռևս այդ հարցի մասին չի խոսվում:

2011 թ. փետրվարի 2-ին մեզ մոտ լրացավ Մանուկ Սեմերջյանի ազատազրկման 20 տարին, սակայն նրա դիմումը վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը չի ընդունել: Մարտի 10-ին Սեմերջյանին բանավոր փոխանցվել է, որ 56 դրամ պարտքի պատճառով նրա վաղաժամկետ ազատ արձակման խնդրի քննարկումը մերժվել է։ Այդ գումարը տուժողի պարտքն է դեռևս 1993 թ. մնացած՝ 10 հազար ռուբլի, որը այն ժամանակվա փոխարժեքով դրամի վերածած՝ կազմել է 56 դրամ:

2006 թ. նախագահի հրամանով ստեղծվել է պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողով, որը որոշում է տվյալ ազատազրկվածին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը:

Մարուքյանն ասում է, որ այս հանձնաժողովների ստեղծման հետ կապված վատացել է ՔԿՀ-ներում ազատազրկվածների վարքը, որը սպառնում է տարածվել նաև ՊԱՉ կրողների վրա:

Եթե նախկինում ազատազրկվածներին պայմանական վաղաժամկետ ազատման էր ներկայացնում ՔԿՀ վարչակազմը, ապա հիմա այդ գործը կատարում են անկախ հանձնաժողովները, իսկ ՔԿՀ վարչակազմը միայն միջնորդագիր է ներկայացնում դատարան`  հանձնաժողովի հավանությունն ստանալու դեպքում: Դա նշանակում է, որ ՔԿՀ վարչակազմը որևէ դեր չունի ազատազրկվածին վաղաժամկետ ազատ արձակելու գործում:

«Եվ եթե նախկինում նրանք աշխատում էին բանտում իրենց լավ պահել այն հույսով, որ դա հաշվի կառնվի բանտի ղեկավարության կողմից, ապա հիմա մտածում են, թե ինչո՛ւ իրենց լավ պահեն»,-  ասում է Մարուքյանը:

Այժմ Մանուկ Սեմերջյանի հարցը դեռևս առկախված է, սակայն սա շատ կարևոր է, որովհետև Սեմերջյանի ժամկետն առաջինն է լրացել, և դրա արդյունքից կախված՝ այն կարող է ազդել ՊԱՉ կրող անձանց վարքի վրա:

«Նուբարաշեն» ՔԿՀ աշխատողներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ «Անկախին», ասաց, որ իրենց մոտ բոլոր դատապարտյալներն էլ «դաստիարակված են»: «Եթե դաստիարակված էլ չեն, մենք նրանց դաստիարակում ենք»,- ասաց նա:

Վաղաժամկետ ազատ արձակման վրա կարող է ազդել ռիսկայնության գործոնը, որի չափն ու կարգը սահմանված չէ:

Ց. Չանտուրան ասաց, որ մեծ ռիսկայնություն ունեցող հանցագործները պետք է մնան բանտում, սակայն ցանկացած անձնավորություն, անկախ գործած հանցանքից, պետք է իմանա, որ 20 տարի հետո կարող է հույս ունենալ:

Ամեն տարի կատարվում է ազատազրկված անձի սոցիալ-հոգեբանական թերթիկի լրացում, որում հիմնականում նշվում է, որ անձը փախուստի և հանցավորության նկատմամբ բարձր ռիսկայնություն ունի:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանն ասում է, որ իրավիճակի վրա մեծապես ազդում է «Հոկտեմբերի 27»-ի հարցը, քանի որ վաղաժամկետ ազատ արձակման փաստ ունենալու դեպքում, Նաիրի Հունանյանը նույնպես կարող է դիմում ներկայացնել:

Վաղաժամկետ ազատ արձակման վրա ազդում է նաև համաներումը: Մայիսի վերջին շաբաթվա քառօրյայում ԱԺ-ում կքննարկվի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ համաներում հայտարարելու մասին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը, դիմել է Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:

Ուսումնասիրությունը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից: Նման ուսումնասիրություններ կատարվել են նաև Վրաստանում և Ադրբեջանում. ընդհանուր հետազոտությունների ամբողջական պատկերը կներկայացվի աշնանը՝ Թբիլիսիում:

 

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply