Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն ապօրինաբար ազատվել է նախկին աշխատակիցներից. դիմել դատարա՞ն…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 31, 2011 7:00

Երբ ՀՀ նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական ու բուսասանիտարական պետական տեսչությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վերակազմակերպման մասին» ՆՀ-292-Ն հրահանգով ստեղծվեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, դրա արդյունքում այդ տեսչությունների բոլոր աշխատակիցները սույն թվականի ապրիլի 1-ից ազատվեցին աշխատանքից: Նրանք, սակայն, շարունակեցին կատարել աշխատանքային պարտականությունները մինչև ապրիլի 30-ը` մինչ այդ նորաստեղծ ծառայության ղեկավարության կողմից աշխատանքի չներկայանալու կամ աշխատողների կրճատումների մասին պաշտոնական կամ որևէ այլ տեղեկություն չստանալով:

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական Ալբերտ Հարությունյանն ասում է, որ համաձայն օրենքի, եթե կատարվում է կառույցի վերակազմավորում, այն աշխատողները, ովքեր ազատվում են աշխատանքից, ուղարկվում են քաղծառայության կադրերի ռեզերվ, որտեղ 6 ամիս ստանում են իրենց միջին աշխատավարձը` մինչև նոր կառույցում աշխատանքի նշանակվելը կամ լրիվ նոր աշխատանք գտնելը. «Բայց այս դեպքում գյուղնախարարությունը այդ կադրերին անմիջապես չի ուղարկել ռեզերվ, ինչն օրենքի խախտում է,- նկատում է նա: – Այդ մարդիկ ապրիլի 1-ով աշխատանքից ազատվել են, բայց ընդամենը մի քանի օր առաջ են նրանց դիմումները հասել մեզ: Այսինքն` նրանք մեկ ամիս աշխատավարձ չեն ստացել, ինչը ևս օրենքի խախտում է»:

Աշխատակիցները վրդովված են հատկապես նրանից, որ իրենց տվել են ստորագրելու քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ գրանցելու մասին դիմում, որից հետո միայն տեղեկացրել, որ պետք է հավաքեն սեփական իրերն ու ազատեն աշխատասենյակները:

«Մեզ նախապես ոչինչ չի տեղեկացվել կամ ծանուցվել ազատվելուց հետո մեր աշխատանքային պարտականությունների կատարման ժամկետի կամ դադարեցման մասին»,- ասում է նախկին աշխատակիցներից մեկը:

Ապրիլի 30-ին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար կազմի կանչով սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության տարածքային մարմինների բոլոր աշխատակիցները, բացառությամբ Երևանի տարածքային մարմնի, ներկայացել են Էրեբունի 12 հասցե, և ինչպես նախկին աշխատակիցներն են նշում, «անհայտ պայմաններով», «ինչ-ինչ սկզբունքներից ելնելով»` իրենց ներկայացրել են սննդամթերքի ծառայության երկու տեսչություններում աշխատանքի ընդգրկված մարդկանց ցուցակը. «Թե ի՞նչ կարգով են նրանց նշանակել` արտամրցութայի՞ն, թե՞ այլ` մեզ համար անհասկանալի մնաց,- ասում է Վարդենիսի տարածաշրջանի անասնաբուժության գլխավոր մասնագետ Ավագ Հովսեփյանը,- իսկ չնշանակված անձանց կադրերի կարճաժամկետ ռեզերվ ուղարկելու համար տվեցին ստորագրելու համապատասխան դիմումներ` ապրիլի 18-ով: Փաստորեն, մենք աշխատել ենք ամբողջ ապրիլ ամիսը, բայց ստացվում է, որ ավելի քիչ ենք աշխատել` մինչև ապրիլի 18-ը»:

Նոր ծառայությունում առկա մի շարք ստորաբաժանումներում, որտեղ աշխատելու համար անհրաժեշտ մասնագիտական կրթության և մյուս այլ պահանջները բավարարող մասնագետներ կան, նշանակումների համար ներկայացվել են միայն տեսչության թափուր պաշտոնները, բացի պետերի պաշտոններից, իսկ վարչությունների թափուր պաշտոններն «աճուրդի չեն հանվել»:

Տեսչության քաղծառայության գլխավոր պաշտոն զբաղեցնող շատ աշխատողների ոչինչ, անգամ կրտսեր կամ առաջատար պաշտոններ չեն առաջարկվել:

Թե ինչպես է որոշվել, որ նախկին աշխատակիցները չեն համապատասխանում նորաստեղծ աշխատակազմի պահանջներին, իրենց դիմում-բողոքում նրանք այսպես են նկարագրել. «Բազկաթոռի մեջ կիսապառկած դիրքով և ճոճվելով` ծառայության պետի կողմից շարունակաբար «ռիսկ» բառը պարունակող, եվրոպական չափանիշներին համապատասխանող, իր կարծիքով` մասնագիտական, երբեմն էլ ընդհանրապես անասնաբուժությանը և սննդի անվտանգությանը չվերաբերող և տեսչության գործունեությունից չբխող երևակայելի հարցազրույցի հիման վրա»:

«Այդ պետ կոչվածը նաև էթիկայի տարրական նորմերին չի տիրապետում, քանի որ արհամարհական վերաբերմունքով կարող էր տարբեր պատճառներով դուրս հանել աշխատակիցներին սենյակից,- ասում է նախկին աշխատակիցներից մեկը: – Ինչ վերաբերում է աշխատակազմի ղեկավարին, ապա նա կառավարության իրավաբանական վարչության պետի եղբայրն է և փետրվարի սկզբից աշխատել է որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ` առանց պաշտոնը հաստատող որևէ իրավական հիմքի»:

«Իսկ ծառայության պետը, որ մարդկանց հետ պատշաճ շփվելու կուլտուրայից զուրկ է, պետական կառավարման համակարգում աշխատանքային փորձ չունի և չի տիրապետում իր մասնագիտությանը, չբարեհաճեց անգամ պարզաբանումներ տալ նման մոտեցումների մասին, այլ արագ-արագ մեզ տեղեկացրեց նոր նշանակումների մասին և առանց գույքի հանձնման-ընդունման գործը կատարելու` հավաքեց տեսչության աշխատողներին ամրակցված մեքենաների բանալիները»,- ավելացնում է մեկ ուրիշը:

Այդ յուրօրինակ հարցազրույցի արդյունքները, փաստորեն, պետը «հրապարակել» է ապրիլի 30-ի երեկոյան` նախապես արդեն նրանց ստորագրել տալով կադրերի կարճաժամկետ ռեզերվ գնալու մասին դիմումը:

Տեսչության նախկին աշխատողները պնդում են, որ արտամրցութային բազմաթիվ նշանակումների դեպքում այս կամ այն պաշտոնում են հայտնվել առավել ցածր դասային աստիճան կամ քաղծառայության առավել կարճ ստաժ ունեցողները. «Նման պարագայում առաջնահերթությունը տրվում է նրան, ով ունի առավել բարձր դասային աստիճան, իսկ եթե դա հավասար է` հաշվի է առնվում քաղծառայության ստաժը: Եթե դա էլ է հավասար` աշխատանքային ստաժը- բացատրում է ՔԾԽ նախագահի խորհրդականը,- դա ևս խախտում է: Ո՞նց կարելի է երկար տարիների փորձ ունեցող նման կադրերի հետ էդպիսի խաղեր տանել»:

Ալբերտ Հարությունյանը վրդովված է, սակայն նշում է, որ Քաղծառայության խորհուրդն այդ հարցով զբաղվելու իրավունք չունի: Փոխարենը նա նախկին աշխատակիցներին առաջարկում է դիմել դատարան:

Առայժմ նախկին աշխատակիցները հարցի լուծմանը միջամտելու խնդրանքով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին, գյուղնախարարին և լրատվամիջոցներին:

 

Դիտվել է 2034 անգամ:
Print Friendly

Leave a Reply