Ապրել «Չարի կացարանո՞ւմ», թե՞ դառնալ Նոյի ագռավ

ԷՍՍԵ | | May 26, 2011 17:06

Քարակերտ. գյուղ Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանում: Երևանից հեռու է 76 կմ, պետական սահմանից` 10 կմ: Ունի 4556 բնակիչ, 2 միջնակարգ դպրոց ընդհանուր 694 աշակերտներով, 2 մանկապարտեզ, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն: Բնակավայրը զբաղեցնում է 3606 հա տարածք:

Սա Քարակերտի մասին համացանցում եղած ողջ տեղեկատվությունն է, որն, իրականում բնակավայրի մասին գրեթե ոչինչ չի ասում:

Խորդուբորդ, առանց գեթ մեկ թիզ ասֆալտի ճանապարհներ, գորշ ու անհրապույր պատերով միհարկանի տներ, նեղ ու ամայի փողոցներ, գոմաղբի կույտեր: Սա էլ այն է, ինչ տեսնում է գյուղ մտնող անծանոթը:

Երբ գործուղվեցի Քարակերտ` ծանոթանալու գյուղում առկա խնդիրներին, ակնկալում էի, որ կվերականգնվեն գյուղի մասին ունեցած մանկական հուշերս. մարդաշատ գյուղ, փողոցներում խաղացող և աղմկող երեխաներ: Բայց…

Ողջ գյուղում մեքենայով շրջելուց հետո ոչ մի մարդու ճանապարհին չենք հանդիպում. միամտաբար կարելի է կարծել, որ բնակավայրն անմարդաբնակ է կամ, ավելի ստույգ` լքված:

Ողջ օրը գյուղում անցկացնելուց հետո միակ մարդը, որին հանդիպեցինք ճանապարհին, նախրապանն էր, ով երեկոյան նախիրը հանդից տուն էր բերում: Հողամասերում էլ մի քանի հեկտարի վրա 1-2 մարդ էր աշխատում:

«Գյուղն ապագա չունի: Առաջ երկու դպրոցում միասին ունեինք 840 աշակերտ, հիմա ամեն դասարանից մի հատ հազիվ է ձևավորվում,- հոգոց հանելով ասում է գյուղի 2-րդ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Խաչիկ Շավոյանը: – Բոլոր երիտասարդներն արտագնա աշխատանքի են գնում ու էլ չեն վերադառնում: Դրսերում ամուսնանում են, ընտանիք կազմում ու էստեղի մասին մոռանում»:

Նման երիտասարդներից մեկն էլ Շավոյանի որդին է. բարձրագույն կրթություն ստանալուց հետո, երբ չի կարողացել հայրենիքում ապրուստ վաստակել, արտագնա աշխատանքի է մեկնել: «Արդեն 5 տարի Ռուսաստանում է ապրում, կանչում ենք, ասում է` գամ ի՞նչ անեմ»:

Մանկավարժը պատմում է, որ միայն անցյալ տարի դպրոցից 60 աշակերտ է հեռացել. արտերկրում ապրող բարեկամների մոտ են գնում` հույսով, որ դրսում կրթությունը կշարունակեն և ապագա կունենան կամ գուցե առանց կրթության կաշխատեն:

Շավոյանը փաստում է, որ դպրոցականները սովորելու ձգտում էլ չունեն. «Գիտեն` ինչքան էլ սովորեն, եթե գյուղ պիտի վերադառնան, միևնույն է, գործազուրկ են լինելու. աչքի առաջ ունեն իրենց ծնողներին: Երբ հարցնում ես, թե ինչո՞ւ դասը չես սովորել, պատասխանում են` ինչի՞ս ա պետք սովորելը, մեկ ա` խոպան եմ գնալու»:

Կադր` «Չարի կացարանը» ֆիլմից

Նրա խոսքով` գյուղացին հույսը կտրել է հողից էլ, հայրենիքից էլ. «Հողերի 70 տոկոսը չի մշակվում, մարդիկ գնացել են դրսում աշխատեն, մի քանի կոպեկ ուղարկեն, որ իրենց ընտանիքներն ապրեն»:

Բաղրամյան տարածաշրջանի զբաղվածության պետական ծառայության պետ Ալբերտ Մանուկյանը պատմում է, որ խորհրդային տարիներին Բաղրամյանը եղել է հզոր արդյունաբերական շրջան, ունեցել է պահածոների գործարան, խոզաբուծական համալիր և այլն: Հիմա, սակայն, այդ ամենի հետքն անգամ չի մնացել. գյուղում աշխատատեղեր չկան, ինչ էլ կա` սեզոնային է: «Եթե որևէ ֆերմեր չի հասցնում տնտեսությունում, մի քանի օրով կամ սեզոնով բանվորներ է վարձում: Սա է հիմնական աշխատանքը»:

Ըստ պաշտոնական տվյալների` տարածաշրջանում 9-10 հազար մարդ զբաղված է (օրենքով` սեփականաշնորհված հող ունեցող անձը ինքնազբաղված է և գործազուրկ համարվել չի կարող), աշխատանք է փնտրում 3-4 հազար մարդ:

«Շատ են գնում սեզոնային աշխատանքի: Մարդը գնում է, որ գոնե մի փոքր փող վաստակի, ընտանիքը պահի: Ընտանիքներով էլ են գնում. մեր թաղամասում տները հերթով անմարդաբնակ են դառնում: Մնան` ի՞նչ անեն»:

Ամեն տարի Քարակերտից արտագնա աշխատանքի է մեկնում շուրջ 100 մարդ: Իսկ թե տարեկան միջինը քանի՞ ընտանիք է լքում գյուղը, գյուղապետարանում նշել չկարողացան. միայն ասացին, որ այս տարի ընտանիքով հեռանալու դեպք չի եղել:

Մինչդեռ Քարակերտում տիրող իրավիճակը ոչ թե բացառություն է հայ իրականությունում, այլ օրինաչափություն: Հայաստանը կարծես միայն Երևանն է` այստեղ է գրանցվում տնտեսական աճ, կենսամակարդակի բարձրացում, ստեղծվում են նոր աշխատատեղեր: Մարզերը մոռացված են բոլորի կողմից: Իսկ Քարակերտը պարզապես պատճառ դարձավ` բարձրաձայնելու իմ ներքին ընդվզումը:

«Կարծես չարի կացարանը լինի (համանուն ֆիլմի հետ է համեմատում). մարդիկ միանգամից անհետացել են, վերացել»,- մի անգամ ծանոթներիցս մեկն այսպես բնութագրեց մարզային բնակավայրերը, որոնք անծանոթներին ու նույնիսկ ծանոթներին երբեմն անմարդաբնակ են թվում:

Այդպիսի շփոթմունքի մեջ ընկել է նաև տողերիս հեղինակը հայրենի քաղաքում` Մարտունիում: Հերթական այցելություններից մեկի ժամանակ նկատեցի, որ արդեն 30 րոպե փողոցներով քայլում եմ, բայց ո՛չ շունչ կա, ո՛չ մեքենա: Քայլերս շնչակտուր արագացրեցի` գեթ մեկ մարդու հանդիպելու հույսով` փարատելու մղձավանջային երազս: Բայց ապարդյուն. ուժասպառ`  դպրոց գնացի` գոնե պատերի ներսում մարդկային դեմքեր տեսնելու համար, որ հասկանամ` հայրենի քաղաքս դեռ ողջ է ու ապրում է:

«Վերադառնալ հայրենի բնակավայր և անգործությա՞ն մատնվել, թե՞ մնալ Երևանում, աշխատել, բայց դառնալ ապերախտ Նոյի ագռավ»,- այս երկընտրանքի առջև են կանգնում Երևանում բարձրագույն կրթություն ստացած մարզերի բոլոր երիտասարդները:

Դպրոցական տարիներին բոլորին վստահեցնում էի, որ կյանքս հայրենի բնակավայրից դուրս չեմ պատկերացնում: «Գնալու եմ սովորեմ ու Մարտունի վերադառնամ: Շատ եմ սիրում իմ քաղաքը»,- ասում էի ես ու խորապես հավատում ասածիս: Բայց ուսումնառությունից հետո հասկացա. «Մարտունիում ապրելու համար պետք էլ չէր բարձրագույն կրթություն ստանալ. տնային տնտեսուհի լինելու համար դա պարտադիր չէ: Եթե ուզում եմ աշխատել, պետք է մնամ Երևանում»:

Երևանում եմ, բայց միևնույն է` հոգիս հանգիստ չէ. «Նոյի ագռա՛վ, ապերա՛խտ, դավաճա՛ն»` ամեն անգամ ինքս ինձ մեղադրում եմ ու պիտակավորում, բայց Մարտունի վերադառնալու մասին չեմ մտածում:

Եթե բարձրագույն կրթություն ստացած ամեն երիտասարդ մնա Երևանում կամ մեկնի արտերկիր, ապա շուտով իրոք որ Հայաստանը կլինի միայն Երևանը` անմարդաբնակ տարածքը չի կարող հայրենիք լինել, և թշնամու դեմ էլ ոչ ոք չի պայքարի:

Բայց մյուս կողմից` կրթված երիտասարդն ինչպե՞ս պետք է գիտելիքները ծառայեցնի հայրենի բնակավայրին , եթե աշխատատեղ կամ գործունեության ասպարեզ չկա: Սա խնդիր է, որ պետք է լուծել պետական մակարդակով. ավարտած երիտասարդը պետք է անպայման մարզ վերադառնա ու թարմ շունչ հաղորդի այնտեղի կյանքին:

Իսկ քանի դեռ մարզերի զարգացումն իրականացվում է հայտարարություններով, ոչ շոշափելի գործերով, միշտ կունենանք դատարկվող և ծերացած բնակավայրեր, հետամնաց բարքեր, թշվառություն:

Միշտ ինձ հուսադրում եմ, որ մի օր ֆինանսական միջոցներ կունենամ, կհաստատվեմ Մարտունիում և, օրինակ` լրագրողների համար գործունեության ասպարեզ կստեղծեմ: Սակայն մինչև այդ օրը գա, բացառված չէ, որ այլևս ներքին կապը հայրենի քաղաքիս հետ կտրված լինի ու չուզենամ վերադառնալ: Կդառնամ «սփյուռքահայ», ով երբեմն-երբեմն հանգստի կմեկնի հարազատ վայրեր, բայց երբեք չի ցանկանա այնտեղ բնակվել:

 

Դիտվել է 2056 անգամ:
Print Friendly

Leave a Reply