«Երբ ասում եմ` մենք կերպարվեստի մեջ մրցունակ ենք, դա ազգային սնապարծություն չէ, այլ իրականություն». Մովսես Հերկելյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 30, 2011 7:00

Տասը տարուց ավելի է` լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանը (Մովսես Ծիրանի) աշխարհի ամենանշանավոր ցուցահանդեսներում ներկայացնում է հայկական ժամանակակից կերպարվեստը: Սուրեն, Վահրամ, Դավիթ, Յուրոս, Էդիկ Փերթյան, Վահան Ռումելյան, Սվետլանա Հակոբյան և ուրիշներ. սրանք այն հայ նկարիչների անուններն են, որոնց կտավներով հիանում են այդ ցուցահանդեսների այցելուները, ու որոնցով հպարտանում են կազմակերպիչները: Այդ անունները, սակայն, Հայաստանում քչերին են հայտնի, այն էլ` նեղ մասնագիտական շրջանակներում. «Մենք տնտեսության մեջ չենք կարող մրցունակ լինել, թույլ ենք, սակայն աշխարհին կարող ենք հետաքրքրել մեր մշակույթով ու լինել մրցունակ,- համոզված է Հերկելյանը,- ուստի մեր մշակույթը պետք է քաղաքականանա, տնտեսականանա, իսկ քաղաքականությունն ու տնտեսությունը` մշակութանանան»:

Հերկելյանն իր այդ տեսությունն իրականություն դարձնելու միակ ճանապարհը տեսնում է ազգային-մշակութային քաղաքականություն մշակելու մեջ. «Մենք ունենք որակ և քանակ մշակույթի բնագավառում, բայց չունենք համապատասխան շուկա, որովհետև չունենք համապատասխան ազգային-մշակութային քաղաքականություն»,-նշում է նա:

Որպես արվեստաբանության դոկտոր, պատկերասրահի տնօրեն և միջազգային նշանավոր ցուցահանդեսների ակտիվ մասնակից` Մովսես Հերկելյանն անչափ բարձր է գնահատում հայ նկարիչներին. «Երբ ասում եմ` մենք կերպարվեստի մեջ մրցունակ ենք, դա ազգային սնապարծություն չէ,այլ իրականություն,-ասում է նա` հիմնավորելով դա երկարատև տարիների փորձով, քսանհինգ միջազգային էքսպոյի մասնակցությամբ, միջազգային մշակութային ամսագրերի աշխատակցելու հանգամանքով,- ես լավ տեղյակ եմ, թե ինչ «քաղաքականություն» է տարվում այդ ոլորտում»:

Ազգային-մշակութային քաղաքականություն մշակելու վերաբերյալ իր տեսակետը Հերկելյանն անցյալ տարի հայտնել է Երևանում կայացած հայ կերպարվեստի գործիչների համաժողովում, ինչպես նաև ՀՀ վարչապետի, սփյուռքի, մշակույթի նախարարների հետ հանդիպումների ժամանակ. «Մշակույթի նախարարությունն ինձ ուղարկել էր մի ծրագիր, բայց այդ ծրագիրը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչ  է պետք անել: Ինչ անելը շատերս գիտենք, պետք է իմանանք` ինչպես անել»,-ասում է նա:

«Ինչպես անելը», ըստ Հերկելյանի, ո՛չ մեկ-երկու հոգու գործ է, ո՛չ էլ միայն պետության. «Նախ` մասնագետներ են պետք` արվեստաբաններ, գիտնականներ, բիզնեսմեններ, փիլիսոփաներ, տնտեսագետներ, դիվանագետներ, փաստաբաններ: Այս ծրագրում պետք է ներգրավվի ամեն բնագավառի մարդ: Այդպիսի ծրագիր ունի ցանկացած լուրջ պետություն»,-ընդգծում է նա:

Մովսես Հերկելյանի առջև միջազգային նշանավոր ցուցահանդեսների դռները բացվեցին դեռևս 2000 թ., երբ Ժնևում հնարավորություն ունեցավ մասնակցելու միջազգային մի խոշոր ցուցահանդեսի: Այդ ցուցահանդեսի ժամանակ ընտրվեցին աշխարհի լավագույն քառասուն գեղանկարիչները, որոնց  շարքը մտավ նաև Հերկելյանի ներկայացրած կտավներից մեկի հեղինակը` Վահրամ Դավթյանը: Սակայն ուշագրավն այն է, որ Շվեյցարիայի «Gruyere Fantastic Art Museum» թանգարանի տնօրինության կողմից այդ քառասուն նկարիչներից լավագույնը ճանաչվեց Վահրամը:

Դրանից հետո Մովսես Հերկելյանը մասնակցել է քսանհինգ միջազգային ցուցահանդեսի,  որոնցից վերջինը` Մոնակոն, տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: Այդ ցուցահանդեսին Հերկելյանը հրավիրված էր ոչ միայն ներկայացնելու հայ նկարիչների կտավները, այլև զեկուցում կարդալու անհեթեթ գերիրապաշտություն (աբսուրդ սյուրռեալիզմ) ժանրային ուղղության մասին: Մոնակոյի միջազգային ցուցահանդեսի ընթացքում Հերկելյանը երկու այլ հրավեր է ստացել Լուվրից և Կաննից: Նա Լուվրի ցուցահանդեսին նույնպես պետք է մասնակցի իբրև անհեթեթ գերիրապաշտության մասնագետ` միաժամանակ ներկայացնելով այդ ժանրի երեք հայ նկարիչների (Ռուբին Աբովյան, Վահրամ, Դավիթ Դավթյան) գործեր:

Այժմ Հերկելյանը Հայաստանում է մի մշակութային ծրագրի կապակցությամբ: Իբրև սկիզբ ազգային-մշակութային քաղաքականության մշակման` նա առաջարկում է Հայաստանում կերպարվեստի միջազգային ցուցահանդես կազմակերպել: Նա արդեն համաձայնության է  եկել Մոնակոյի ցուցահանդեսի տնօրեն Ժեոնեսքո Ռոդրիգեսի հետ: Վերջինս միաժամանակ Մոնրեալի ցուցահանդեսի տնօրենն է և ամբողջ աշխարհում բավականին լայն ծանոթություններ ունի այդ բնագավառում. «Ես նրան կարողացա համոզել, որ Հայաստանում միասին կազմակերպենք այդ ցուցահանդեսը: Սակայն այստեղ մեզ պետք է մի անձնավորություն, որը թե՛ գործարար լինի, թե՛ մշակույթին հավատա, թե՛ սիրի և թե՛ կազմակերպի այդ ամենը: Իսկ ես կդառնամ կամուրջ այդ մարդու և Ռոդրիգեսի միջև: Մեզ պետք է նաև կառավարության բարոյական աջակցությունը»,-ասում է նա:

Հերկելյանի կարծիքով, եթե Հայաստանը կարողանա դա մեկ անգամ իրականացնել, ապա այն կարող է դառնալ ամենամյա. «Դա կնպաստի մեր պետության զարգացմանը, մեր վարկի բարձրացմանը, մեր քաղաքականության ամրապնդմանը»,-նշում է արվեստաբանը:

Այդ ցուցահանդեսի շրջանակներում Հայաստան կժամանեն նաև մշակութային լուրջ պարբերականների ներկայացուցիչներ, որոնք Հայաստանի վերաբերյալ հոդվածներ կհրապարակեն:

Հերկելյանն ասում է, որ Ռոդրիգեսը շատ հետաքրքրված էր Հայաստանում ցուցահանդեսի կազմակերպմամբ և ցանկանում էր այս անգամ իր հետ այցելել Հայաստան. «Սակայն մինչ նրա գալը ես ցանկացա մի քիչ հող նախապատրաստել, որոշակիություն մտցնել  և հետո նոր նրան հրավիրել»,-ասում է նա:

Չնայած Հերկելյանը ծնվել և ապրում է Բեյրութում, միջազգային էքսպոներում ներկայանում է Հայաստանի անունից: Ժնևում, Բարսելոնում, Վենետիկում, Մադրիդում, Նյու Յորքում, Լաս Վեգասում, Ֆիլադելֆիայում, Բուենոս Այրեսում, Մոնրեալում, Պեկինում և այլ քաղաքներում անցկացված  կերպարվեստի ցուցահանդեսներին Հերկելյանը ներկայացրել է ընդհանուր առմամբ ութ հայ նկարիչների աշխատանքներ:

«Մենք անգամ մեր նշանավոր արվետագետներին, մեր մեծերին չենք կարողանում միջազգային հարթակ բերել, այն դեպքում, երբ առավելություն ունենք` Սփյուռքը: Օրինակ` տեղի ունեցավ Խաչատրյանի 100-ամյակը, բայց մենք ոչինչ չարեցինք: Եթե կազմակերպենք, համախմբվենք  հայրենիքի շուրջ, կկարողանանք մեր մշակույթն աշխարհին ներկայացնել ըստ արժանվույն»:

Մովսես Հերկելյանը մի շարք գրքերի հեղինակ է, Բեյրութի «Noah’s Ark» («Նոյյան տապան») պատկերասրահի հիմնադիր-տնօրեն, Լիբանանում Հայաստանի դեսպանատան արվեստի և ձևավորման գծով խորհրդական, Համաարաբական ժուռնալիստների միության և Համալիբանանյան ժուռնալիստների միության անդամ: Իբրև արվեստաբան` նա աշխատակցում է ինչպես հայկական թերթերի`  Բեյրութի «Monday morning», «Ազդակ», «Զարթոնք», «Հորիզոն», այլև այնպիսի նշանավոր մշակութային ամսագրերի, ինչպիսիք են Նյու Յորքում հրատարակվող «Ֆայն արթը» և Մոնակոյում հրատարակվող «Լյուքս իմմոն»: Վերջինս 2,5 մլն ընթերցող ունի, տարածվում է 123 երկրների 370 քաղաքներում 4 լեզվով: Արվեստաբանը գրեթե ամեն ամիս այդ ամսագրում ներկայացնում է որևէ հայ նկարչի:

 

 

 

 

Դիտվել է 1739 անգամ:
Print Friendly

Leave a Reply