Որտե՞ղ է երկրային դրախտը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | June 2, 2011 7:00
Համաձայն Աստվածաշնչի` աստված արարեց երկիրը, երկինքը, յոթերորդ օրը` Ադամին, նրա կողոսկրից` Եվային ու բնակեցրեց երկրային դրախտում: Երկրային դրախտը գտնվում էր չորս գետերի` Եփրատի, Տիգրիսի, Փիսոնի և Գիհոնի միջև:
«Մի գետ էր բխում Եդեմից, որը բաժանվում էր չորս ճյուղի, որպեսզի ոռոգեր պարտեզը: Մեկի անունը Փիսոն էր, երկրորդ գետի անունը Գեհոն էր, երրորդ գետի անունը Տիգրիս էր, չորրորդ գետը Եփրատն էր: Տեր Աստվածն իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն» (Ծննդոց 2.8-17):
Այս գետերից Եփրատն ու Տիգրիսը հայտնի են, Փիսոնը հայոց Փասիսն է, որ նաև Ճորոխ է կոչվում, մյուս գետը հայոց մայր գետն է` Արաքսը:
Դեռևս վաղ անցյալում երկրային դրախտի տեղը երբեք ոչ ոք չի վիճարկել, և անգամ պահպանված միջնադարյան լատինատառ քարտեզներում, որոնց մեջ պատկերված է աստվածաշնչյան դրախտը, նշված է Արմենիա անունը: Գիտնականներից ոմանք այժմ դրախտը տեղադրում են Վանա լճի հատակում, ոմանք էլ` Բյուրակնյա լեռներում, որտեղից էլ սկիզբ են առնում նշյալ գետերը: Դրախտը Հայաստանում գտնվելու տեսակետը զարգացրել է նաև Միքայել Չամչյանը, որ պնդում է, անգամ, թե Ադամը հայերեն է խոսել:
Անկախ այն հանգամանքից` իրականում եղել է Ադամը, թե ոչ, կամ ինչ լեզվով է խոսել նա, պարզից էլ պարզ է, որ Հայաստանը մարդկության քաղաքակրթության բնօրրաններից է և առաջիններից, որտեղ մարդը բնակվել է ու ստեղծել իր քաղաքակրթությունը: Դրա ապացույցներն ու վկայությունները բազում են:
Սակայն մեր ժամանակակից ուսումնասիրողների կողմից դրախտը Հայաստանում գտնվելու վարկածը միանշանակ չի ընդունվել: Եթե Եփրատի ու Տիգրիսի տեղը հստակ է, ապա տարակարծությունների տեղիք է տվել Գիհոնի ու Փիսոնի տեղը: Շատերը դրանք նույնացրել են Գանգեսի ու Ինդոսի, Նեղոսի, Ամուդարիայի ու Սիրդարիայի հետ: Սակայն այս տեսակետները տրամաբանությունից զուրկ են, քանի որ ընդգրկում են հսկայական աշխարհագրական տարածք:
Որոշ պատմաբաններ էլ առհասարակ չեն հավատում դրախտի գոյությանը և պնդում են, որ դա շումերների հորինածն է: Բանն այն է, որ «եդեմ» բառն առաջացել է շումերական «էդինից», որ նշանակում է արգավանդ դաշտավայր:
Առհասարակ, դրախտի մասին պատկերացումներ շատ ժողովուրդներ ունեն, բայց հնագույնը շումերական Գիլգամեշի առասպելն է: Առասպելում նկարագրված է, որ Էդինում (այգում) խաղաղ միմյանց հետ ապրում են մարդիկ ու կենդանիները, և կյանքն այնտեղ հիասքանչ է: Շումերական սեպագրերում հանդիպում է նաև Ադամ բառը, սակայն ոչ թե մարդ է, այլ նշանակում է դաշտավայրային բնակավայր:
Վահե Անթանեսյան
Երբ բարեպաշտ արքան` Քսիսութրոսը, ցանկացավ իմանալ, թե ուր պիտի հասնի իր նավը փրկվելու համար, երկնքից պատասխան լսվեց. «Աստվածների մոտ»: Իսկ երբ փրկվածները իջան նավից, երկնային ձայնն ավետեց, որ նրանք Հայաստանում են…
Միջագետքյան սեպագիր արձանագրություններ Ջրհեղեղի մասին
Ըստ Բերոսոսի (Ք. ա. IV-III դդ.)






Facebook
Tweet This
Email This Post
