Մատա Հարի. նրա ելույթի ժամանակ տղամարդիկ գլուխներն էին կորցնում, իսկ կանայք` ամուսիններին

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | May 29, 2011 14:14

Մատա Հարի. հատո՞ւկ, թե՞ հասարակ անուն: Մատա Հարի, որպես հասարակ անուն, նշանակում է  սեքսուալության, խորամանկության, գեղեցկության,  ճարպկության, գործնականության ու նրբագեղության միաձուլում, որ կիրառվում է միայն կանանց առնչությամբ, իսկ կանայք այն ընդունում են որպես հաճոյախոսություն: Իհարկե, չէ՞ որ Մատա Հարին մահացու գեղեցկությամբ ու  վտանգավոր գրավչությամբ օժտված կնոջ անուն էր:

Մատա Հարի էկզոտիկ անունը  կրել է բավականին իրական մի կերպար` Մարգարետա Հերտրուդա Զելլեն (օրիորդական)` Մարգարիտա Մաք Լեոդը` (ամուսնական), որ բեմական փառքի գագաթնակետին հայտնի դարձավ որպես Մատա Հարի, նաև` որպես կրկնակի գործակալ` H 21:

Մարգարետա Զելլեն  18 տարեկանում իրեն ամուսին ընտրեց տեղական թերթերում տպագրված ամուսնական հայտարարություններից: 26 տարեկանում թողեց ամուսնուն, իսկ 29-ում պաշտոնապես ամուսնալուծվեց, հիմնավորվեց Փարիզում և սկսեց էկզոտիկ պարուհու կարիերան: Փառքի հասավ 38-ում` ոտքի տակ գցելով  ժամանակի շատուշատ ազդեցիկ մարդկանց բոցավառ սրտերն ու դրամապանակները:  Արդեն 40 տարեկանում ներքաշվեց լրտեսության մեջ. պարգևավճարի դիմաց համաձայնեց աշխատել Գերմանիայի ու Ֆրանսիայի գաղտնի ծառայություններում, 41-ում կրկնակի լրտեսության  կասկածանքով բռնվեց ու մահապատժի ենթարկվեց (գնդակահարեցին ֆրանսիացիները):

Հետաքրքիր է, որ հայտնի անունով այս կնոջ բեմական հաջողությունը փաստորեն դատարկ տեղն է ստեղծվել: Ժամանակակիցների վկայությամբ` նա ինչպես  հարկն է պարել չգիտեր, սակայն ուներ անսովոր` արևելյան արտաքին, որ ժառանգել էր մորից (Ճավայից էր), և բարձրահասակ էր` սկանդինավցի հոր նման: Նա պարի հմտությունները լրացնում էր բնական հմայքով: Շարժվում էր այնքան զգացմունքային, որ տղամարդիկ գլուխները կորցնում էին, իսկ կանայք` ամուսիններին: Նա հանդիսատեսին ներկայանում էր արևելյան արքայադստեր,  ամրոցի պարուհու ու սիրո քրմուհու կերպարանքով: Էրոտիկ պարի ժամանակ  դեն էր նետում կիսաթափանց շքեղ հանդերձանքը` մնալով զանգվածեղ ոսկյա զարդարանքով, որոնք այնքան էլ չէին ծածկում մերկությունը: Այն ժամանակ Եվրոպան մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում արևելյան երկրների մշակույթի նկատմամբ: Հասարակությունը գնում էր ստրիպտիզ դիտելու, որն այն ժամանակ  նոր երևույթ էր,  սակայն շատ համահունչ մոդեռնիզմին:

Նրա հաջողությանը նպաստում էր նաև ազդեցիկ շրջաններում խելացի կազմակերպված, մերօրյա խոսքով` PR-ը,  որպեսզի «Մատա Հարի » բրենդն առաջ մղվեր շուկայում և մրցակցության գրեթե  լրիվ բացակայությունը (նրա հետ էրոտիզմով կարող էր մրցել միայն Այսեդորա Դունկանը, որ ելույթի ժամանակ մերկացնում էր կուրծքը):

Մատա Հարիի ու պետության հետաքրքրությունները սոսկ կողմնակիորեն էին առնչվում: Գումար և Եվրոպայում անարգել տեղաշարժ. ահա այն ամենը, ինչի համար նա թեթևամտորեն համաձայնեց լրտեսել  նախ գերմանական, ապա ֆրանսիական հատուկ ծառայությունների օգտին: Որոշ կենսագրական աղբյուրներ հիշատակում են Մատա Հարիի ու Վադիմ դը Մասլոֆֆ անունով սպայի  խելացնոր սիրո մասին: Մեկ այլ վարկածի համաձայն` ոչ թե փողի, այլ հանուն այդ սիրո է Մարգարետան ընդունել Ֆրանսիայի առաջարկությունը:

Ճակատագրի հեգնանքով էլ հենց Ֆրանսիան նրան  մեղադրանք առաջադրեց ու բանտ նետեց, իսկ մի քանի ամիս անց  մահապատժի ենթարկեց, ինչը նույնպես զերծ չէ ռոմանտիկ շղարշից: Հայտնի է, որ Մատա Հարին ավելի քան արժանապատվորեն ընդունեց իր մահը: Մահապատժին ներկայացավ վերարկուով ու լայնեզր գլխարկով և հպարտ կեցվածքով, հրաժարվեց  աչքերը փակող սև ժապավենից և նույնիսկ օդային համբույր ուղարկեց զինվորներին:  Ասում են` իբր զենքի կրակոցը լսվելուց առաջ նա հետ է տարել վերարկուի քղանցքը ու վերջին անգամ աշխարհին ցուցադրել իր մերկությունը: Այս թատերականացված վարքի պատճառը գուցե պայմանավորվածությունն է եղել նրա կրքոտ երկրպագուի` բանտի ղեկավարության անդամներից մեկի հետ, թե իբր գնդակահարություն չի լինելու, և զիվորներին դատարկ պարկուճներ են տրվելու. Մարգարետին մնում էր միայն խաղալ սեփական մահը: Գուցե պայմանավորվածություն իսկապես եղել է, սակայն, ավաղ, ոչ բոլոր փամփուշտներն էին դատարկ:

Այսպես ընդհատվեց Մատա Հարի անունով կնոջ կյանքի թելը, որ սիրո  իսկական քրմուհու պես էլ անմահացավ ու որպես հասարակ անուն երկրային  բազում վերամարմնավորումներ ունեցավ:

 

Դիտվել է 2628 անգամ:
Print Friendly

Leave a Reply