Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան` նոր կարգավիճակում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 1, 2011 7:00

Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան անդամագրվել է Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիային (ISF): Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ, «Աշխատանքային հերթափոխ» մարզական միության հանրապետական խորհրդի նախագահ Արա Մեհրաբյանին խնդրեցինք նախ ներկայացնել, թե որ թվականից գոյություն ունի մեր երկրի դպրոցականների մարզական կազմակերպությունը:

– Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան հիմնվել է 2006-ին: Անցած ժամանակամիջոցում կազմակերպվել են մարզական մի շարք միջոցառումներ: Միջազգային կազմակերպության պահանջով որոշակի աշխատանքներ են կատարվել, համապատասխան փաստաթղթեր ներկայացվել: Եվ ահա, օրերս ISF-ի նախագահ Անդրեա Դելպեն պաշտոնական գրություն է ուղարկել այն մասին, որ Հայաստանի ֆեդերացիան միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է: Ընդ որում, Դպրոցականների միջազգային ֆեդերացիայի կազմում են 100-ից ավելի երկրներ: Առաջիկայում ուղարկվելու է միջոցառումների ծրագիրը, իսկ հաջորդ տարվանից արդեն Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դպրոցականների միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպվող բոլոր ստուգատեսներին: Ընդ որում, գրեթե բոլոր մարզաձևերի միջազգային մրցումներ, աշխարհի առաջնություններ են անցկացվում: 2012-ի մարտի 1-10-ը հրավիրվել ենք Իտալիա` մասնակցելու դահուկային սպորտի մրցումների:

– Այդ հրավերը միտումնավո՞ր են ուղարկել` մտածելով, որ Հայաստանում դահուկային սպորտը ցածր մակարդակի է, և հնարավոր է` չմասնակցենք:

– Չեմ կարծում, սակայն այդ մրցումները բաց չենք թողնի, քանի որ գեղեցիկ չի լինի առաջին իսկ հրավերը մերժել: Գլխավորը օլիմպիական կարգախոսն է` մասնակցությունը: Հատկապես խաղային բոլոր մարզաձևերի մրցումներին  կփորձենք պատվիրակներ գործուղել:

– Նախկինում դեպքեր են եղել, երբ անգամ շախմատի, որի բարձրակարգ պատանի մարզիկները Հայաստանում շատ են, դպրոցականների աշխարհի առաջնություններ են անցկացվել, մինչդեռ, մերոնք ոչ մի պատվիրակ չեն ունեցել:

– Մեր խնդիրն է, որ այդպիսի փաստերը բացառվեն: Ընդհանրապես մեդալների ավարով զարմացնելու նպատակ չկա: Դպրոցականների սպորտում մարզական վարպետության բարձր մակարդակ ունենալու խնդիրն առաջնահերթ չէ:

– Հնարավո՞ր է, որ հակասություններ առաջանան Հայաստանի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ, այդ կազմակերպությունները չթույլատրեն իրենց լավագույն մարզիկներին մասնակցել դպրոցականների միջազգային մրցումներին:

– Չեմ կարծում: Ընտրության հնարավորությունը մեծ է լինելու: Տարբեր մարզաձևերի Հայաստանի առաջնություններ կանցկացվեն, ի հայտ կբերվեն ուժեղագույնները: Կարծում եմ, որ հարցեր չեն առաջանա հավաքական թիմերի համալրման, նաև ֆինանսական առումով:

– Միջազգային մեկնարկների մասնակցելու համար պատկառելի փողեր կպահանջվեն: Ինչպե՞ս է լուծվելու դրանց ապահովման հարցը:

– Բյուջեն տարբեր եղանակներով կձևավորվի: Կլինի պետպատվերի կարգով, հովանավորները կաջակցեն, անդամավճարների հաշվին միջոցներ կկուտակվեն և այլն:

– Իսկ ISF-ն ֆինանսապես չի՞ սատարելու:

– Դեռևս միջազգային կազմակերպության հնարավորություններին լրիվ ծանոթ չենք: Հունիսին ստանալու ենք համապատասխան ծրագրերը, փաստաթղթերը: Ընդ որում, միջազգային ֆեդերացիան ունի նաև բիզնես ծրագրեր: Այնպես որ Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան մեր պետության վրա մեծ հոգսեր չի դնի: Իսկ միջազգային կազմակերպության հնարավորությունները, կարելի է ենթադրել, մեծ են:

Ի՞նչ պարտավորություններ են դրվելու Հայաստանի ֆեդերացիայի առջև:

– Անդամավճար` տարեկան 660 եվրո:

 

 

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply