Լիմայում ադրբեջանցիները սադրանքի են դիմել

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 29, 2011 7:00

Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գրեթե տեղաշարժեր չեն նշմարվում, սահմանագլխին ադրբեջանական կողմի դիպուկահարների արձակած փամփուշտներից տուժածների, նաև զոհվածների թիվը քիչ չէ: Մեր սահմանակից երկրի ներկայացուցիչները նույն ոգով էլ փորձում են իրավիճակը սրել խաղաղ մրցումների ժամանակ, եթե անգամ մեր մարզիկներին հանդիպում են ամենահեռավոր երկրներում:

Ահա միջադեպ է եղել Պերուի մայրաքաղաք Լիմայում օրերս անցկացված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ: Ճաշարանում Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչները ցանկացել են սադրիչ գործողությունների դիմել: Բարեբախտաբար Հայաստանի մարզիկները զգոնություն են դրսևորել, և բանը ծեծկռտուքի չի հասել: Միջամտել են Հայաստանի և Ռուսաստանի հավաքականի մարզիչները:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, մեր երկրի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը հայտնեց, որ ինքն այդ մասին զրուցել է նաև Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հետ, այդուհանդերձ, չի կարելի վստահ լինել, որ անցանկալի միջադեպերը իսպառ կբացառվեն, հետագայում նոր բախումներ չեն առաջանա երկու երկրների մարզիկների միջև: Բանն այն է, որ օտար ափերում կազմակերպվող մրցումների օրերին նորմավորված ծրագիր չկա: Մարզիկները տարբեր ժամանակահատվածներում են մրցումների մասնակցում, հանգստանում, սնվում, ոմանք էլ քաշ են գցում: Այնպես որ կանխատեսել, թե ընդհանրապես Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց չեն հանդիպի, և այդպիսի պահերին ոչ մի միջադեպ չի առաջանա, հնարավոր չէ: «Այն կարծիքին եմ, որ այնպես պետք է անել, որ միջազգային ստուգատեսների ժամանակ երկու երկրների ներկայացուցիչները միմյանցից հեռու լինեն: Առայժմ դա է անցանկալի իրադարձություններից խուսափելու միակ ելքը: Եվ այդ մասին պետք է խնդրենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությանը»,- ասաց Խաչատրյանը:

Աշխարհի առաջնությունում համեմատաբար քիչ թվով մարզիկներ էին Հայաստանից գործուղվել: Պատճառաբանվեց, որ մրցավայրը հեռու է, տեղ հասնելը մեծ ծախսերի հետ է կապված: Միայն յուրաքանչյուր մարզիկի ինքնաթիռի տոմսի արժեքը 1950 եվրո է: Պարզապես նպատակ է եղել այն ծանրորդներին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, ովքեր հույսեր են ներշնչել, որ մեդալների կտիրանան: Ընդամենը 7 ծանրորդ է Հայաստանի պատիվը պաշտպանել և նվաճվել է 9 պարգև` 4 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե: Այս ցուցանիշով մեր երկրի ընտրանին իրենից առաջ է թողել միայն Ռուսաստանի (11-1-5) և Չինաստանի (5-2-3) ներկայացուցիչներին: Միավորների հաշվարկով Հայաստանի հավաքականը 6-րդն է:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ թեև մեր մարզիկներից երկուսին խանգարել է մրցափորձի պակասը, և նրանք, չկարողանալով բարձրացնել իրենց պատվիրած կիլոգրամները, ստացել  են 0, այդուհանդերձ, սրտնեղելու առիթ չկա, քանի որ բոլորն էլ երիտասարդ են և դեռ ցույց կտան իրենց: Խոսքը 56 կգ քաշային Ժորժ Եղիկյանի և 94 կգ քաշային Մհեր Պողոսյանի մասին է: Առաջինը նախավարժանքի ժամանակ իրեն լավ է դրսևորել, սակայն դուրս գալով մրցահարթակ և տեսնելով հանդիսականներին` շփոթվել է, չի կարողացել պոկել 97 կգ-ոց ծանրաձողը: Իսկ Պողոսյանին  պոկում վարժությունում չի ենթարկվել 137 կգ-ոց ծանրաձողը: Վարդան  Միլիտոսյանն  էլ (69 կգ) իր հնարավորություններից ցածր է հանդես եկել` երկամարտի 267 արդյունքով հանգրվանելով 8-րդ հորիզոնականում:

Իսկ մեր մյուս մարզիկների արդյունքները տպավորիչ են: Հատկապես հիացրել է գերծանրքաշային  Գոռ Մինասյանը: Նա 16 տարեկան է, կշռում է 129 կգ և չեմպիոն է դարձել երկամարտի 379 (174+205) կգ արդյունքով: Գոռը 2010-ին Սինգապուրում կայացած պատանեկան օլիպիական խաղերում 2-րդ մրցանակակիր էր դարձել` պոկում և հրում վարժություններում` ցույց տալով 160  կգ և 190 կգ: Փաստորեն, նա մեկ տարվա ընթացքում 29 կգ-ով բարելավել է իր ցուցանիշը, անձնական  քաշն էլ ավելացել է 8 կգ-ով: «Նա վրեժխնդիր եղավ և հաղթեց Ալիռեզա Կազեմինեժադին, ում 1 կգ-ով զիջել էր Սինգապուրում: Իսկ այս անգամ իրանցի մարզիկին Գոռը շրջանցեց 12 կգ-ով: Մինասյանը 6 անգամ մոտեցավ ծանրաձողին: Կարելի է ասել, որ բոլոր մրցափորձերն էլ հաջող էին: Վերջում փորձեց հրել 207 կգ-ոց ծանրաձողը: Թվում էր, թե ամեն ինչ ստացվել է, սակայն ձեռքը մի փոքր շարժվեց և մրցավարներն արդյունքը չգրանցեցին: Հավելենք, որ այդպիսի ծանրություններ Գոռը պարապմունքների ժամանակ չէր բարձրացրել:

Ի դեպ, նա մարզվում է գյումրեցի մարզիչ Հակոբ Փիլոսյանի ղեկավարությամբ, որի երկու այլ  սաները նույնպես հաջող հանդես եկան: 85 կգ քաշային Միքայել Միքայելյանն արծաթե 3 մեդալ նվաճեց` 310 (140+170) կգ: 69 կգ քաշային Ռազմիկ Օլթեցյանն էլ, թեև երկամարտում 281 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը, բրոնզե մեդալակիր դարձավ հրում վարժությունում` 154 կգ: Ընդ որում, նա արդյունավետ օգտագործեց բոլոր մոտեցումները և նույնպես բարձրացրեց իր համար անսովոր ծանրություններ: Սամաղարցի 62 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում դարձավ չեմպիոն (120 կգ), իսկ երկամարտում տիրացավ բրոնզե մեդալի` 255 կգ»,- ասաց Խաչատրյանը:

Փաստորեն, այնպիսի մարզիկ չի եղել, ով ուժեղ է եղել, բայց չի ընդգրկվել հավաքականում: Ծրագիրն այն է, որ այս մարզիկները թրծվեն, հմտանան և Հայաստանի ազգային  հավաքականի հույսը լինեն 2016-ի և 2000-ի կայանալիք օլիմպիական խաղերում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը պարզաբանեց, որ իրականում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանձնարարական է տվել, որ հիմնական ուշադրությունն ուղղվի ծանրքաշային արժանավոր մարզիկի պատրաստմանը: Ծանրամարտում ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում են գերծանրքաշայինները, քանի որ իրականում աշխարհի ամենաուժեղ մարդիկ են մրցում: Խնդիրն այն է, որ աշխարհի ամենուժեղ մարդը լինի մեր երկրից:

Հույսն այն է, որ Գոռն առաջիկայում իրեն կդրսևորի նաև ավելի բարձր տարիքի ծանրորդների մրցումներում:  Այդ քաշային կարգում Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը Ռուբեն Ալեքսանյանն է, մրցելույթներ է ունենում նաև Հայկ Հակոբյանը: Վերջինս Եվրոպայի չեմպիոն է: Առայժմ Մինասյանը չի կարող նրանց հետ հավասար պայքարել, սակայն հայ դյուցազունն օրեցօր առաջադիմում է և  մեծ հույսեր է ներշնչում: Գոռն այս տարի մասնակցելու է երիտասարդների աշխարհի առաջնությանը (Մալայզիայում` հունիսի 28-ից մինչև հուլիսի 5-ը), պատանիների Եվրոպայի առաջնությանը (Լեհաստանում` օգոստոսի 20-28-ը): Մինասյանի ընտանիքում ծանրորդներ չեն եղել,  նաև անժամանակ կորցրել է հորը:

Ինչ վերաբերում է, թե նա ինչ սնունդ է օգտագործում, ապա Խաչատրյանը տեղեկացրեց, որ Գոռն աճող օրգանիզմ ունի, լավ ախորժակ: Լիմայում, մարզիկներին տրվող կերակուրներից բացի, հայ հսկայի և նրա թիմակիցների համար լրացուցիչ սնունդ է պատրաստվել: «Հարցի լուծումն այն է, որ թարմ մսամթերք էր գնվում, որը խոհարարները մեր հանձնարարությամբ էին պատրաստում: Մասնավորապես, Գոռն առնվազն երեք հավ էր ուտում, կամ էլ 2 կգ  տավարի փափուկ միս:  Իսկ կազմակերպիչների կողմից հրամցվող  սնունդը ծանրորդի  համար չէր»,- պարզաբանեց Խաչատրյանը:

 

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply