Հայերը Երուսաղեմում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 31, 2011 15:36

Հայերը Երուսաղեմում բնակություն են հաստատել շատ վաղուց,  և հայ-հրեական քաղաքական, մշակութային շփումները հազարամյակների պատմություն ունեն: Դեռ մ.թ.ա. I դարում Տիգրան Մեծը նվաճեց Հրեաստանն ու հազարավոր հրեաների գերելով` բնակեցրեց Հայաստանում: Քրիստոնեության մուտքից հետո շատ հայեր բնակություն հաստատեցին «սուրբ երկրում», և հայկական եկեղեցին առաջիններից էր, որ ներկայացված էր Պաղեստինում: Կիլիկիայի թագավորության բազմաբնույթ շփումները Երուսաղեմի խաչակրաց թագավորության հետ քաջ հայտնի են: Իսկ ինչպիսի՞ն է այսօր հայերի ներկայությունը հրեաների «ավետյաց երկրում»:

Երուսաղեմի հայկական եկեղեցին դարավոր պատմություն ունի և կազմակերպված, բազմաճյուղ հաստատություն է: Այսօր Երուսաղեմի եկեղեցիների և սրբավայրերի ճնշող մեծամասնությունը հայապատկան է: Ճիշտ է, քաղաքում նշանակալից են նաև հույն ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները: Երուսաղեմի հայոց պատրիարքարանն ունի իր տպարանը, գրադարանը, որտեղ պահպանվում են հարյուրհազարավոր գրքեր: Քիչ չեն նաև հին մագաղաթյա ձեռագրերը, որ մի քանի հազար կտոր են կազմում և պատմական ու գեղագիտական մեծ արժեք ունեն: Ձեռագրատունը գտնվում է սուրբ Թորոս մատուռում: Պատրիարքարանի տնօրինության տակ է նաև Ժառանգավորաց վարժարանը, որտեղ հոգևորականներ են պատրաստում և ըստ էության, այն իրենից հոգևոր ճեմարան է ներկայացնում:

Պատրիարքարանի տնօրինության տակ են երկու տիպի կալվածքներ. եկամտաբեր կալվածքներ և սուրբ վայրեր, որոնք նույնպես պակաս եկամտաբեր չեն: Սուրբ վայրերն են Բեթղեհեմը, Հիսուսի ծննդյան վայրը, որտեղ գեղեցիկ ու փառավոր տաճար կա, և հայերը դրա «փայատեր» են ու  հույների հետ հավասար պատարագ անելու իրավունք ունեն:

Այս հողի վրա, սակայն, հաճախ են բախումներն ու ծեծկռտուքները հայ և հույն հոգևորականների միջև: Գողգոթայում` Հիսուսի խաչելության վայրում է սուրբ Հարություն տաճարը, այստեղ է նաև պատանքի տեղը, որտեղ Հիսուսին իջեցնելով խաչից` պատանեցին, և այստեղ է նաև Հիսուսի գերեզմանը, որտեղ նրան դրեցին պատանելուց հետո: Կան նաև սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարն ու Գյուտ խաչը:

Հայկական Սուրբ Աստվածածին տաճարը գտնվում է Գեթսեմանի պարտեզի տարածքում, որտեղ, համաձայն Աստվածաշնչի, Հիսուսն իր վերջին գիշերն անցկացրեց, և Հուդան նրան մատնեց իշխանությունների ձեռքը:

Հովհաննես ավետարանչի և Հակոբ առաքյալի տան տեղում կանգնած է հայկական Սուրբ Հակոբենց տաճարը: Աննա քահանայապետի տան տեղում այժմ Հրեշտակապետաց եկեղեցին է: 1990-ականների պեղումների ժամանակ այստեղ հայկական գերեզման և հայկական մոտիվներով խճանկար գտնվեց:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 3636 անգամ:
Print Friendly

Leave a Reply