Համաներումը Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի վրա ևս կտարածվի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2011 14:40

Այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնեց, որ համաներումը կտարածվի նաև մարտի 1-ի գործով ձերբակալված Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի վրա:

Նախարարն ընդգծեց, որ համաներումը չի տարածվում նրանց վրա, որոնց վրա վերջին 10 տարվա ընթացքում համաներում է տարածվել կամ որոնց նախագահի կողմից ներում է շնորհվել և որոնք վերջին 10 տարվա ընթացքում դիտավորյալ հանցագործություն չեն կատարել:

Ըստ նախարարի, որոշումը կհրապարակվի 24 ժամվա ընթացքում և ուժի մեջ կմտնի հրապարակվելու հաջորդ օրը. «Կարծում եմ` այսօր էլ կհրապարակվի: Եթե այսօր չհասցնենք, ապա վաղը կհրապարակվի, իսկ դա նշանակում է, որ մյուս օրը որոշումը ուժի մեջ կմտնի»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով, համաներման գործընթացը պետք է իրականանա մինչև Հայաստանի  առաջին հանրապետության անկախությանը մոտ օրերին, այսինքն մինչև մայիսի 28-ը և 3-րդ հանրապետության անկախության օրերին` մինչև սեպտեմբերի 21-ը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքին (մայիսի 30-ին) մարտի 1-ի գործով ձերբակալվածների մասնակցությանը, Հրայր Թովմասյանն ասել է, որ կան որոշակի տեխնիակական ընթացակարգեր, որոնցից էլ կախված է`  հնարավո՞ր է դա, թե՞ ոչ. «Ես բացառելու եմ այն դեպքերը, երբ անձին մեկ օր շուտ բաց թողնելը պետք է ինչ-ինչ ճանապարհով լինի»,-ընդգծեց նախարարը` միաժամանակ նշելով, որ հնարավորինս ամեն ինչ անելու է, որպեսզի այն անձինք, որոնք այս պահին պատիժ են կրում, և որոնց գործերը դեռ չեն գտնվում դատաքննության կամ նախաքննության փուլում, մեկ օր շուտ դուրս գան:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը 91 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը:

 

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply