Հուսադրող արդյունքներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 26, 2011 14:33

Արտաշատում անցկացված  աթլետիկայի Գառնիկ Ղուկասյանի ավանդական հուշամրցաշարում գրանցվեցին հուսադրող մի շարք արդյունքներ: Ստուգատեսն ընտրական էր: Մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա վերջնականորեն հստակեցվեց այս մարզաձևի Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը  Ռեյկյավիկում (Իսլանդիա) կմասնակցի հունիսի 18-19-ը կայանալիք Եվրոպայի թիմային 3-րդ առաջնության 3-րդ խմբի մրցաշարին: Առանցնացնենք տպավորիչ մրցելույթներ ունեցած մի քանիսին: Հայկուշ Բեգլարյանը կանանց եռացատկի Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց` 13 մ 15 սմ: Կապանցի մարզուհին 3 սմ-ով բարելավեց ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանի առաջնության ժամանակ սահմանած ռեկորդը: Նա, նաև համապատասխան նորմա լրացնելով, իրավունք նվաճեց մասնակցել հուլիսի 14-17-ը Օստրավայում (Չեխիա) կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը լավագույնը ճանաչվեց 15 մ 68 սմ ցուցանիշով: 15-ամյա պատանին Հայաստանը կներկայացնի հուլիսի 7-10-ը Ֆրանսիայի Լիլլ քաղաքում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունում: Իրեն լավագույնս դրսևորեց նաև երևանցի հեռացատկորդուհի Աննա Տելեշևան` սահմանելով հուշամրցաշարի նոր ռեկորդ`  6 մ 10 սմ: Գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի ղեկավարությամբ ատլետիկայի Հայաստանի  հավաքականը հունիսի 2-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Իսլանդիայում մեր երկրի պատիվը կպաշտպանի 20 մարզիկ:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply