Էդվարդ Նալբանդյանի խորհուրդը դպրոցականներին. «Մտածիր, թե դու ինչ ես տվել եւ ինչ կարող ես անել քո Հայրենիքի համար»

Պաշտոնական, Օրվա լուր | | May 26, 2011 14:00

Մայիսի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց, որտեղ ավարտական վերջին դասն անցկացրեց 9-րդ դասարանի աշակերտների համար:

Իր դպրոցի այս տարվա ավարտական դասարանների աշակերտներին մաղթելով կանաչ ճանապարհ, Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց.

«Սիրելի շրջանավարտներ,

Շուրջ չորս տասնամյակ անց, ես վերադարձել եմ մեր հարազատ դպրոց ամենաջերմ հիշողություններով եւ զգացմունքներով մեր ուսուցիչների, դասընկերների նկատմամբ: Երեսունութ տարի առաջ ես ինքս էի հրաժեշտ տալիս դպրոցին եւ հիշում եմ, որ բոլորը խորհուրդներ եւ խրատներ էին տալիս այն մասին, թե ինչ ու ինչպես է պետք անել, որպեսզի մտնել, այսպես ասած, մեծ կյանք։ Վստահ եմ, որ դուք էլ այսօր խորհուրդների եւ խրատների պակաս չունեք: Ոչ թե խորհուրդ եւ խրատ, այլ պարզապես մի քանի մաղթանքներ կուզեի հղել ձեզ:

Առաջինը մաղթում եմ, որ բարձր պահեք մեր դպրոցի բարի համբավը եւ հեղինակությունը: Այլեւս ձեզանից է դա կախված: Մաղթում եմ ձեզ, որ տարիներ անց, երբ վերադառնաք այստեղ՝ դպրոցը հպարտանա, որ նման աշակերտներ է ունեցել:

Դուք այս դպրոցում իրար հետ անց եք կացրել ինը տարի։ Դա երկար ժամանակահատված է որեւէ մեկի կյանքում, իսկ ձեր դեպքում՝ դա ձեր ապրած կյանքի կեսից ավելին է։ Իմ երկրորդ մաղթանքը կլինի, որ կարողանաք պահպանել դպրոցական ընկերությունը, հոգատարությամբ վերաբերվեք դրան, որովհետեւ դպրոցական ընկերությունը հատուկ քաղցրություն ունի։

Ես պատկանում եմ մի սերնդի, որը ծնվել է մի երկրում եւ ապրել՝ մեկ այլ: Ծնվել ենք Խորհրդային Միությունում, Խորհրդային Հայաստանում, եւ հիմա ապրում ենք անկախ Հայաստանում: Իսկ Դուք ծնվել եւ ապրում եք անկախ Հայաստանում:

Օգտակար եղեք, սիրեք մեր Հայրենիքը: Մեր Հայրենիքը այդ սիրո կարիքն ունի: Սիրեք ձեր ծննդավայրը՝ ինչպես ձեր ծնողներին։ Ուր էլ որ լինեք ձեր կյանքի ընթացքում, աշխարհի  որ ծայրում էլ որ լինեք, Հայրենիքը ձեզ ձգելու է, ես իմ փորձից դա գիտեմ: Միշտ հիշեք հայտնի խոսքերը. մի խորհիր այն մասին, թե ինչ է արել Հայրենիքը քեզ համար,  այլ մտածիր, թե դու ինչ ես տվել եւ ինչ կարող ես անել քո Հայրենիքի համար։

Ձեզնից յուրաքանչյուրը անցնելու է իր ճանապարհը, ունենալու է իր յուրահատուկ եւ անկրկնելի ուղին: Հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին եւ իդեալներին, որոնք ձեր մեջ սերմանել են ձեր ծնողները, ձեր ուսուցիչներն ու այս հրաշալի դպրոցը, որին այսօր հրաժեշտ եք տալիս։

Մաղթում եմ, որ ձեր  կանաչ ճանապարհ, եւ որ կարողանաք իրականացնել ձեր այսօրվա երազանքները»:

Այնուհետեւ աշակերտների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը պատմեց իր դպրոցական տարիների հիշողությունները՝ շնորհակալություն հայտնելով հարազատ կրթօջախի ուսուցիչներին բարձրակարգ կրթություն եւ գիտելիքներ տալու համար:

Միջոցառումը եզրափակվեց ավարտական դասարանների աշակերտների երաժշտական կատարումներով:

 

Դիտվել է 1753 անգամ:
Print Friendly

Leave a Reply