Կոմիտասյան համերգ` ՌԱՀՀԿ-ի աջակցությամբ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 26, 2011 12:55

Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ կոմիտասյան համերգ-դասախոսություն, որը հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթի հետ համատեղ կազմակերպել էր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ): Հրավիրված էին նաեւ Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ:

Համերգ-դասախոսությունը հակիրճ խոսքով բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը:

Երեկոյի ընթացքում, ջութակի (Լուսինե Հարությունյան) եւ դաշնամուրի (Արփինե Կալինինա) փոխադրությամբ, հնչեցին լավագույն նմուշներ մեծն Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաեւ դաշնամուրային իմպրովիզացիա` կոմիտասյան մեղեդիների հիման վրա:

«Կանթեղ» համույթը, որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը խոստումնալից երգահան, ռուսական «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Ա.Կալինինան է, նպատակ ունի լայն հանրությանը` հատկապես երիտասարդներին, հասու դարձնել մեր դասական երաժշտության գանձերին` Կոմիտասից մինչեւ արդի հայ երգահաններ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

 

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply