Քաղաքական ուժերը սպասում են

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 25, 2011 19:18

Այս շաբաթ քաղաքական դաշտում հարաբերական անդորր էր տիրում:  Քաղաքական ուժերը սպասման մեջ են, իսկ քննարկման հիմնական թեման համաներման հարցն է. ո՞ւմ վրա կտարածվի մայիսի 28-ին  համաներումը, արդյոք բոլոր ընդդիմադիրներն ազատ կարձակվե՞ն համաներմամբ, դրանով երկխոսության «դուռն ամբողջությամբ կբացվի՞» մայիսի 31-ին: Պարզ է, որ այս հարցերի պատասխանների ստացումը, ՀԱԿ-ՀՀԿ հարաբերությունների նոր փուլը փոխել է ուժերի հավասարակշռությունը քաղաքական դաշտում: Եվ պատահական չէ, որ այս մայիսի 28-ին ընդառաջ որոշակիորեն ակտիվացան ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», որոնք ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի հետ նույն դաշտում խաղացողներ լինելով, ամենաշատն են հետաքրքրված երկխոսության հնարավորությամբ, ինչպես նաև դրա հետևանքներով:

ԲՀԿն նախազգուշացնում է

Անցյալ շաբաթ արդեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մակարդակով հայտարարվեց, որ խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի առանձին ցուցակով, իսկ նախագահական ընտրությունների հարցը թողեց «հաջորդ դասին»: Ընդ որում,  շատ կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ այս մասին Գագիկ Ծառուկյանը խոսեց համաներմանը վերաբերող ՀՀԿ-ԲՀԿ համատեղ փակ նիստից անմիջապես հետո: Սա արդեն  որոշակի եզրակացությունների տեղիք է տալիս: Իհարկե, նա` որպես կոալիցիոն գործընկեր, կողմ է լինելու համաներման առաջարկին, հատկապես որ դա ՀՀԿ-ն ներկայացնում է ոչ թե որպես ՀԱԿ-ի վերջին պահանջի կատարում, այլ ժողովրդավարական բարեփոխումներից բխող քայլ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ ԲՀԿ-ին դուր է գալիս սկսված երկխոսության գործընթացը, ինչը ենթադրում է իր դերակատարության թուլացում: Փաստ է, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում կամովին զիջել իր դիրքերը. նա լուրջ սպասումներ ուներ խորհրդարանական ընտրություններից, և նույնիսկ մինչև կոալիցիոն հուշագրի ստորագրումը խոսք եղավ, որ ԲՀԿ-ն պայքարելու է 50 և 1 տոկոս ձայների համար: Ու քանի որ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո ՀՀԿ-ն սկսեց սեփական խաղը խաղալ ընդդիմադիր ուժերից մեկի հետ, ապա պատահական չէ, որ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, թե իրենք կոալիցիոն հուշագիրը ստորագրել են, որ նախագահն իրեն արտաքին դաշտում ուժեղ զգա: Ու հիմա ԲՀԿ-ն ընտրել է իր դիրքերն ամրապնդելու ուշագրավ ճանապարհ: Պասիվություն ցուցաբերելով քաղաքական հայտարարությունների մակարդակով` սկսել է հանդիպումներ գիտնականների, մշակութային գործիչների ու մտավորականների հետ: Նախ` սա  իր կուսակցության քաղաքացիական հենքն ակտիվացնելու տարբերակ է, հատկապես, որ ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ն ավելի շատ կենտրոնացել են երկխոսության քաղաքական ասպեկտի վրա, և հանրությանը հուզող հարցերի մասին այս համատեքստում երկու ուժերից ոչ մեկը դեռ չի խոսում: Ու բացի այդ, երկխոսության մասին խոսակցություններից դեռ հայտնի չէ, թե գործնականում դրանից ի՞նչ կստացվի: Հենց այդ պատճառով ԲՀԿ-ն չի փորձում կրքերը թեժացնել, ՀՀԿ-ի հետ հարաբերությունները խիստ լարել, այլ ուղղակի հիմա նախազգուշացնում է իր հնարավոր արձագանքի մասին` կախված, թե ինչ զարգացումներ կլինեն: Ի վերջո, եթե հիմա ԲՀԿ-ն հայտարարի, որ նախագահական ընտրություններին գնալու է սեփական թեկնածուով, դա ուղղակիորեն կնշանակի կոալիցիոն հուշագրի ոգու խախտում: Ու այդ դեպքում արդեն մեղադրանքներն իր դեմ են ուղղվելու: Շատ բան կախված է նաև Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունից:

Զարգացումներ ընդդիմադիր դաշտում

«Ժառանգության» առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն էլ շաբաթ օրը քաղաքացիական ժողով էր հրավիրել: Ընդ որում, հետաքրքիր էր, որ ժողովին ներկա չէին այն ուժերը, որոնց հետ միասին, ըստ տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների, «Ժառանգությունը» պատրաստվում է երրորդ ուժ ձևավորել: Խոսքը նախևառաջ ՀՅԴ-ի մասին է: ՀՅԴ պատգամավորները բավական ակտիվ են Ազգային Ժողովի օրինագծերի և, մասնավորապես, Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների քննարկումներին, իսկ սկսված քաղաքական խաղերի մասին ՀՅԴ-ն կարծես թե նախընտրում է դեռ չխոսել կամ ավելի ճիշտ խոսում է առանձին պատգամավորների շուրթերով ու խիստ ընդհանրացված մեկնաբանություններով: Եվ բացի այդ, հավանաբար ՀՅԴ-ում էլ են սպասում իրադարձությունների հետագա զարգացմանը (սա կարող է կապ ունենալ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ): Ինչևէ, քաղաքական հիմնական խաղացողների փոխարեն «Ժառանգության» ժողովին ներկա էին հայտնի քաղաքացիական շարժումների ներկայացուցիչներ ու առանձին քաղաքական գործիչներ, որոնց Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է միասին մտածել, թե ինչպես պետք է բարեկեցիկ Հայաստան կառուցել «մեր երեխաների ու թոռների համար»: «Ժառանգությունը» փորձում է իր կողմը գրավել ներկայումս հասարակության շրջանում որոշակի ճանաչում ունեցող մարդկանց, ինչը ևս կարևոր է ընդհանուր քաղաքական գործընթացներում իր դիրքերը պահելու տեսանկյունից: Եվ սա լավ տարբերակ է, քանի որ «Ժառանգությունն» այն ուժն է, որը միշտ էլ բավական ակտիվ ու հաջողությամբ համագործակցել է տարբեր քաղաքացիական ուժերի հետ:

Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ նոր բան չասաց ժողովում: Հիշեցրեց վերջերս իր հնչեցրած հայտարարությունները, մտահոգություններն ու խոստացավ ժողովում շարքային քաղաքացիների հնչեցրած հարցերին պատասխաններ տալ հունիսի 4-ին Ազատության հրապարակում: Հետևաբար, այս ժողովն ավելի շատ նպատակ ուներ մայիսի 28-ին ընդառաջ «Ժառանգությանն» արդեն իսկ քաղաքական զարգացումներից դուրս տեսնել ցանկացողներին հիշեցնել, որ իրենք դեռևս կան ու հավակնոտ ծրագրեր ունեն համախմբող ուժ դառնալու, հատկապես որ պարզ չէ, թե ՀԱԿ-ՀՀԿ երկխոսության պարագայում ինչպես կվերափոխվի ընդդիմադիր դաշտը:

Դե ինչ, մնում է միայն հետագա քաղաքական զարգացումների հետ կապված շոշափելի պատասխանների սպասել առաջիկա օրերին: Քաղաքական ուժերը պատրաստվում են դրան:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply