Սկանդալ Նոտարիատի բաժնի նախկին պետի ասուլիսի ժամանակ. Դուք մահացած մարդուն վերակենդանացրել եք, նրա անունով գործարք կնքել ու նորից թաղել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 25, 2011 17:46

Արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանի այսօր` մայիսի 25-ին տեղի ունեցած ասուլիսում սկանդալ է տեղի ունեցել: Այն ընթացքում, երբ Գաբոյանը պնդում էր, որ նոտարական համակարգում կոռուպցիա չկա, իսկ նոտարական ապօրինությունների մասին խոսում են մարդիկ, «ովքեր գնացել են դատարաններ, դատարանների բոլոր ատյաններով պարտվել են»:

«Ինչի՞ համար եք բողոքում, դատարանն արդեն որոշում է կայացրել, ինչի՞ համար եք ծեծված-ջարդված բաները նորից մեջտեղ բերում»,-հայտարարեց Գաբոյանը: Նրա այդ խոսքի վրա ասուլիսին ներկա քաղաքացիներից մի քանիսն, ովքեր, իրենց ձեւակերպմամբ` «նոտարների կողմից քաշվել էին»,  պոռթկացին: Նրանք Գաբոյանին մեղադրեցին կեղծարարություններով զբաղվող նոտարների «կրիշը» լինելու` նրանց «կեղտոտ, ապօրինի» գործարքները հովանավորելու մեջ:

«Հայաստանի բոլոր դատարաները համագործակցում են ձեզ հետ եւ իրենց վճիռները համաձայնեցնում են անձամբ ձեզ հետ»,-վրդովված հայտարարեց ժառանգության հետ կապված գործարքից դժգոհ քաղաքացին` Վարդան Համբարձումյանը: Մեկ այլ քաղաքացի` Մանյա Արզումանյանը, եւս պնդեց, որ Գաբոյանը զբաղված է եղել նոտարական գրասենյակների ապօրինությունները հովանավորելով, եւ նույնիսկ իր ստորագրությունն է  դրել ակնհայտ ապօրինի գործարքի տակ: «Դուք մի քանի տարի առաջ մահացած մարդուն ձեր գործարքով վերակենդանացրել եք, նրա անունով գործարք եք կնքել, ու նորից նրան թաղել եք»,-հայտարարեց տիկինը:  Նա ողջունեց արդարադատության նախարարության` ԱՆ նոտարական բաժինը վերակազմակերպելու որոշումը եւ նշեց, որ այսպիսով փորձ է արվում համակարգը «մաքրել» իր` Գաբոյանի նման «ծախու», «կոռումպացված» պաշտոնյաներից: Այդպիսի որակներ ունեցող նոտարների թվում բողոքող քաղաքացիները նշեցին նաեւ մի քանի նոտարական գրասենյակների նոտարների անուններ, օրինակ`Կենտրոն տարածքի նոտար Էմմա Շաբոյան:

Ի դեպ, ասուլիսի ժամանակ Մ. Գաբոյանը հայտարարեց նաեւ, որ հայաստանյան էլիտայի ներկայացուցիչները նոտարական գործարքներ կատարելիս պետական տուրքը չեն վճարում: Նա, սակայն, կոնկրետ մարդկանց անուններ չնշեց` հավելելով, որ դա ավանդաբար` խորհրդային ժամանակներից եկող սովորույթ է:

NEWs.am

Դիտվել է 1671 անգամ:
Print Friendly

Leave a Reply