Կայացել է Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական պարահանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 25, 2011 15:29

Լոս Անջելեսում կայացել է Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական` 60-րդ պարահանդեսը, որը կազմակերպվում է նվագախմբի միջազգային հանձնախմբի ուժերով:

Այդ հանձնախմբում ընդգրկված են երաժշտասեր հասարակության ներկայացուցիչներ եւ Լոս Անջելեսում հավատարմագրված դիվանագետների կանայք:

Այս անգամ Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկի պարահանդեսն անցկացվել է ՀՀ հովանու ներքո եւ նվիրվել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Los Angeles Times թերթի տեղեկատվական հովանավորությամբ եւ Արմավիա ընկերության աջակցությամբ:

Պարահանդեսի ընթացքում ներկայացվել է հայկական դասական երաժշտություն` Ա. Խաչատրյանի, Տ. Չուխաջյանի, Ա. Տիգրանյանի ստեղծագործություններից, հայկական ազգային պարարվեստ` Վարդան եւ Սիրանույշ Գեւորգյաններ պարային ստուդիայի սաների կողմից եւ հայկական ժամանակակից ջազային երաժշտություն` Արտո Թունջբոյաջյանի կատարմամբ:

Ցուցադրվել է Հայաստանի մշակութային, պատմական կոթողներն ու տուրիստական վայրերը ներկայացնող ֆիլմ:

Հատուկ պարահանդեսին մասնակցելու նպատակով Լոս Անջելես է ժամանել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բարիտոն Վլադիմիր Չեռնովը, որը կատարել է Յան Քրուզի «4 նոկտյուրնը»` գրված Մ. Մեծարենցի, Վ, Տերյանի եւ Գ. Մահարու ստեղծագործությունների հիման վրա:

«Հպարտ ենք ներկայացված լինել այս իրապես բարձրաճաշակ երեկոյին, որը բազմամշակութային քաղաքի խոշորագույն իրադարձություններից մեկն է: «Հավերժության մեղեդի» խորագիրը, որով այսօր ներկայացված է հայկական երաժշտությունը, արտացոլում է մեր ինքնությունն ու հազարամյա մշակույթը: Հուսով ենք` պարահանդեսը լոսանջելեսցիներին հնարավորություն կընձեռի առավել լավ ճանաչել Հայաստանն ու հայ մշակույթը»,-նշել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը:

 

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված պարահանդեսը ողջունել է նաեւ Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկի ղեկավար` աշխարհահռչակ Գուստավո Դուդամելը: Նա ընդգծել է, որ խոշորագույն մշակութային միջոցառման հասույթը կուղղվի կրթական ծրագրերի իրականացմանը:

Պարահանդեսին մասնակցել են ավելի քան 400 երաժշտասերներ, այդ թվում` տասնյակ երկրների դիվանագետներ:

Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նվագախմբի պարահանդեսի ընթացքում հայտարարվել է Լոս Անջելեսում ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

 

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply